Մայրաքաղաքին մայրական սեր ու խնամք է պետք…

Մի քանի օրից Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը կսկսեն անխնա խոստումներ տալ մայրաքաղաքը բարեփոխելու, կանաչապատ տարածքներն ավելացնելու, աղբահանության խնդիրը կարգավորելու, քաղաքը մաքուր պահելու, հասարակական տրանսպորտի վիճակը լավացնելու, խորդուբորդ ճանապարհները վերացնելու, անօրինական կառույցներն ապամոնտաժելու  ու էլ  չգիտեմ ինչեր-ինչերի մասին:

 

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ խոստումների զգալի մասը մնում է որպես նախընտրական շրջանի հուշ: Ընտրություններից հետո էլ քաղաքացիներն ամեն օր բարձրաձայնում են քաղաքի կենտրոնում գտնվող անցումների լուսավորված չլինելու, կեղտոտ լինելու, ծայրամասի թաղամասերում կոյուղատարի բացակայության, չլուսավորված փողոցների, վերելակների անսարքության, փողոցների սառցապատ լինելու եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին:

 

Մայրաքաղաքի իշխանություններն ընտրությունների նախաշեմին  իրենց կատարած աշխատանքի, ծախսած գումարների մասին հաշվետվություններ ներկայացնելուց  երեւի թե պետք է  չմոռանան, որ երբեմն իրենց անգործությունը մարդկային կյանք է արժենում: Հիշենք, 2015-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքը: Վերելակի խցիկը պահող ճոպաները պոկվել էին,  ինչի հետևանքով 37-ամյա կինը մահացել էր: Սա միակ դեպքը չէ, ցավոք: Դարն ապրած վերելակների նորացման համար, քաղաքային իշխանությունների հիմնավորմամբ, փող չկա:

 

Անցած ձմեռը հատկապես ցույց տվեց քաղաքային իշխանությունների՝ աշխատելու պատրաստակամության չափն ու կարողությունը: Մի քանի օր տեղացած ձյունից փողոցները չմաքրվեցին ողջ ձմեռ: Սառույցից չէին մաքրվել նաև դպրոցների ու մանկապարտեզների բակային տարածքները:  Միայն գարնան արևը մայթերն ու բակերն ազատեց հաստ շերտով սառույցից:

«Շտապօգնության» ծառայության տնօրենը հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեկտեմբերի 31-ից մինչ այդ օրը, այսինքն 10 օրվա ընթացքում,   վնասվածք ստանալու վերաբերյալ 24 կանչ են ստացել: Նշեց, բոլոր դեպքերում չէ, որ վնասվածքը ստացել են սառույցի վրա ընկնելու հետևանքով: Հիշեցնենք, որ նախորդ տարի աննախադեպ ձյուն էր տեղացել հենց Նոր տարվա գիշերը, սակայն ձյունամաքրման  աշխատանքները սկսվեցին տոներից հետո միայն, ինչի հետեւանքով    սառույցի վրա ընկնելու մասին  կանչերն ավելի շատ են եղել:

 

Ավելի ուշ՝ փետրվարի 8-ին, վնասվածքաբան Հրանտ Աշճյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ  2016–ի դեկտեմբերից մինչ  այդ օրը Հայաստանում վնասվածքի և կոտրվածքի 118 դեպք է արձանագրվել, որից  70-ի դեպքում  կոտրվածքները սառույցի վրա ընկնելու հետևանքով են: Մասնագետը  գրանցված վնասվածքների մեծ թիվը պայմանավորել է աննախադեպ ցուրտ եղանակի և մերկասառույցով պատված փողոցների ու բակերի հետ: Նրա տվյալներով, ավելի շատ տուժել են կանայք, իսկ հիմնականում մարդիկ վերջույթներն են կոտրել, առավել հաճախ՝ վերին։ Վնասվածք ստացածների շուրջ երկու երրորդը վիրաբուժական միջամտության կարիք է ունեցել։ Տուժածներից 14.5%-ն անչափահաս է, 85.5%-ը՝ մեծահասակ:  Ինչքան էլ քաղաքապետարանից հայտարարեցին, որ պայմանագիր կնքած ընկերությունն ակտիվորեն գործի է լծվել, Երևանի ամենակենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում մայթերն այդպես էլ ձյունազուրկ չդարձան:

Քաղաքային իշխանությունը մայրաքաղաքը մատչելի չդարձրեց նաև փոքր երեխա ունեցող մայրիկների համար: Փոքր կենտրոնում սայլակով երեխայի հետ զբոսնելն իսկական տանջանք է դարձել: Չե՞ք հավատում: Մի օր առանց սայլակի քայլեք Արամի փողոցով: Էլ չենք խոսում այն մասին, որ հասարակական տրանսպորտը, վերգետնյա ու ստորգետնյա անցումները հարմարեցված չեն նրանց համար:

 

Մի խոսքով,  ընտրությունների նախաշեմին հերթական անգամ  պետք է արձանագրել, որ տարիներով կուտակված խնդիրները նվազելու փոխարեն ավելացել են: Մայրաքաղաքին մայրական սեր ու խնամք է պետք…

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 2283

Գլխավոր էջ