Ի՞նչ փոխվեց Երևանի ավագանիում ԱԺ ընտրություններից հետո / ինֆոգրաֆիկա 

 

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու կազմում ընդգրկված շատ անդամներ, այդ թվում կանայք,  դարձան պատգամավոր։ Ավագանիում նրանց թափուր տեղերը լրացվեցին քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված այլ թեկնածուներով, ինչի արդյունքում կանանց ներկայացվածությունը մեծացել է՝ այժմ  Երևանի ավագանու  65 անդամից 21-ը կամ 32 %-ը կանայք են։ Հիշեցնենք, որ մինչ այդ,  այս  տարվա սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ՝  ավագանու 65 անդամից   18-ն էին կանայք, ինչը  27.6%  էր  կազմում:

 

 

«Լույս» դաշինքի խմբակցության երեք անդամից երկուսը  կամ  67%-ը կանայք են: Այդպես էր նաև մինչև խորհրդարանական ընտրությունները։ Պատգամավոր դարձած Անի Սամսոնյանին փոխարինեց Թեհմինե Վարդանյանը։ Նա նախորդ քաղաքապետի օրոք էլ ավագանու անդամ էր։  Խմբակցության մյուս կին անդամն Անի Խաչատրյանն է։  Հիշեցնենք, որ կին թեկնածուները  «Լույս» դաշինքի  ընտրական ցուցակում 35.7% էին կազմում:

 

 

ԲՀԿ խմբակցության հինգ անդամից հիմա երկուսը կամ 40 %-ն են կանայք՝ նախկին 20 %- ի փոխարեն։ Խորհրդարան գնացած Արման Աբովյանին փոխարինել է Լյուդմիլա Սարգսյանը։ Մինչ խորհրդարանական ընտրությունները խմբակցության միակ կին անդամը Հռիփսիմե Առաքելյանն էր։ Կին թեկնածուները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում  30.7%   էին կազմում:

 

 

«Իմ քայլը»  խմբակցության կազմում  առավել շատ են փոփոխություններ կատարվել: Մինչ ԱԺ ընտրությունները   «Իմ քայլը» դաշինքի ստացած  57 մանդատից 15-ը կամ  26.3 % -ը բաժին էր ընկել կանանց: Հիմա խմբակցության  57 անդամից 16-ը կամ  28%-ն են կանայք, այսինքն գրեթե նույնքան, որքան «Իմ քայլը» դաշինքի ընտրական  ցուցակում էին  ներկայացված ( 28.8 %): 

 

Խմբակցության կին անդամներն են՝ Իզաբելա Աբգարյանը, Գայանե Մելքոմյանը, Լիլիթ Պիպոյանը, Եվա Թովմասյանը, Գայանե Եղիազարյանը, Գայանե Վարդանյանը, Օվսաննա Հովսեփյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Հասմիկ Խաչունցը, Արփենիկ Մարությանը, Լուսինե Գևորգյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Նուարդ Վարդանյանը, Աննա Ջավախյանը, Արուսյակ Հարությունյանը, Անահիտ Ասատրյանը։  Այս խմբակցությունից ԱԺ են գնացել Գայանե Աբրահամյանը, Լուսինե ԲադալյանըՆարինե ԽաչատուրյանըՍոնա ՂազարյանըԱրուսյակ Ջուլհակյանը։

 

 

Հատկանշական է, որ կանանց ներկյացվածության ավելացումը Երևանի ավագանիում ոչ մի կերպ չանդրադարձավ քաղաքապետարանի ղեկավար կազմի վրա, որն առաջվա պես ամբողջությամբ  տղամարդկանցից է  կազմված:

 

 

Երևանի քաղաքապետն ու նրա չորս տեղակալները տղամարդիկ են,  քաղաքապետի բոլոր երեք խորհրդականները տղամարդիկ են, քաղաքապետի օգնականը, մամուլի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը, քաղաքի գլխավոր ճարտարապետը նույնպես տղամարդիկ են: Կանայք ի հայտ են գալիս միայն վարչությունների պետերի պաշտոններում, ընդ որում քաղաքապետարանի 22 վարչությունների պետերից միայն երեքն են կանայք: Պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններն էլ տղամարդիկ են ղեկավարում:  Վարչական շրջանի ղեկավարների 19 տեղակալներից միայն մեկն է կին։

 

 

 

Դիտումների քանակը` 2453

Գլխավոր էջ