Երևանը՝ փոշու շրջապտույտի մեջ․ անհրաժեշտ են տեխնիկական և օրենսդրական բարեփոխումներ

 

Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածության խնդրին է անդրադառնում Իրազեկ քաղաքացիների միավորումը  Սոֆի Թովմասյանի հոդվածում , որը  պատրաստվել է չեխական NESEHNUTI հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Մաքուր քաղաք» ծրագրի շրջանակներում։  Հիշեցնենք, որ  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում կին թեկնածուներից շատերը WomenNet.am -ի հետ  հարցազրույցներում շեշտադրում էին մայրաքաղաքի կանաչապատման և աղտոտվածության  խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Այս հոդվածը լավ առիթ է իրենց համար հետամուտ լինելու նշված խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը…

 

 

Երևանում մթնոլորտային օդի որակին առնչվող ամենաթարմ տվյալները 2020 թ-ի հուլիս ամսվանն են, և ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացրած տեղեկատվության, մայրաքաղաքում այդ ամիս և՛ փոշու, և՛ ազոտի ու ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել սահմանված թույլատրելի նորմաները։

 

 

Ընդհանուր առմամբ, Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացվում են 5 անշարժ դիտակայանների և 42 շարժական դիտակետերի միջոցով։ 5 դիտակայաններից մեկը տեղակայված է Կոմիտասի պողոտայում, մյուսը՝ Խանջյան-Նալբանդյան խաչմերուկում, երրորդը՝ կրկեսի հարևանությամբ, 4-րդը՝ Գայի պողոտայում, 5-րդը՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում։

 

 

Անշարժ դիտակայաններում իրականացվող դիտարկումների նպատակը օրական ռեժիմով ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի՝ օդում եղած կոնցենտրացիաների պարզաբանումն է, իսկ շարժականների դեպքում, տվյալներ ստացվում են շաբաթական ռեժիմով՝ ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի վերաբերյալ։

 

 

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի խոսքով, եթե աղտոտման պատճառները զատենք ըստ աղտոտիչների, ապա ազոտի երկօքսիդի և մոնօքսիդի ծավալները 90%-ով կապված են տրանսպորտի արտանետումների հետ, փոշու մասով պատկերն ավելի խառն է, որովհետև փոշու առաջացման պատճառներն են շատ՝ ճանապարհային փոշի, արդյունաբերական գործընթացներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական գործողություններ, շինարարություն, բացի այդ, չկան համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ կտան հասկանալ, թե փոշու քանի տոկոսը որ ոլորտին է բաժին ընկնում։

 

 

«Մեր դիտացանցը շատ արդիական չէ, չունենք նոր սարքավորումներ, որոնցով կկարողանայինք չափումներ իրականացնել ու աղտոտիչների ծավալների մասին տեղեկատվություն ստանալ իրական ժամանակով։ Եթե 21-րդ դարում օդի աղտոտվածության մասին ունենք ուշացած տեղեկատվություն, նշանակում է՝ մեր համակարգը դեռ ժամանակակից տեխնոլոգիաներ չի կիրառում»,- ասում է Շահնազարյանը։

 

 

Ինչպես նա է նշում, տվյալները հրապարակելու համար իրենցից 3 օր է պահանջվում, նախ նմուշառում են անում, հետո՝ լաբորատորիայում անալիզներ իրականացնում, մշակում դրանք և հետո միայն հրապարակում ստացված տվյալները։ Ասում է՝ եթե Հայաստանը կարողանար ավտոմատ, այդ պահին չափող և նույն րոպեին էլ տեղեկատվություն տվող սարքեր ձեռք բերել, մեզնից յուրաքանչյուրը բջջային որևէ հավելվածի կամ ծրագրի միջոցով, մատի մեկ հպումով կարող էր տեսնել, թե այդ պահին քաղաքի որ հատվածում օդն ինչ աստիճանի աղտոտվածություն ունի։ Հիմա դա դեռևս հնարավոր չէ։

 

 

«Մենք չենք կարող բացահայտել, թե, օրինակ, առավոտյան 9-10-ը աղտոտվածությունն ինչպիսի՞ն էր, 10-11 ինչպե՞ս փոխվեց, տրանսպորտի պիկ ժամին կոնցենտրացիաներն ինչքա՞ն բարձրացան»։

 

 

Գայանե Շահնազարյանը վստահ է՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը միայն բնապահպանական խնդիր չէ, ավելին՝ այն արտացոլում է քաղաքաշինության, տնտեսության, տրանսպորտի ոլորտներում թույլ տրված բոլոր սխալները։

 

 

Անդրադառնալով Երևանի վարչական տարբեր շրջաններում իրականացվող շինարարական աշխատանքներից առաջացած փոշուն՝ Շահնազարյանն ասում է՝ անվերջ շրջապտույտ է․ այդ փոշին որևէ տեղ չի ավարտվում։ Նշում է՝ փոշու մասին խոսելիս պետք է հիշել, որ Երևանն ունի չոր կլիմա, սրան գումարած, քամին ևս հաճախ հանդիպող երևույթ է քաղաքում, և եթե նույնիսկ տվյալ տարածքում չավելանան շինհրապարակները, այսինքն՝ փոշու նոր աղբյուրները, մեկ է՝ արդեն իսկ եղած փոշին շարունակելու է շրջանառվել, մենք էլ՝ շնչել այն։

 

 

«Պատահում է՝ անգամ տարածքը ջրելու դեպքում, հետո փոշին ցեխաջրի հետ ընդլայնում է իր տարածքները, հասնում փողոցներ ու մայթեր, չորանում։ Չորացած հողակավային զանգվածն էլ կրկին վերածվում է փոշու ու շարունակում տարածվել քաղաքով մեկ»,- ասում է նա։

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, միայն 2019 թ․-ին անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված փոշու ծավալը կազմել է մոտ 5973 տոննա։

 

 

Առհասարակ, շինարարություն իրականացնողները պետք է հետևեն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով՝ մասնավորապես 21-րդ հոդվածով նախատեսված նորմերին և պահանջներին։ Դե իսկ կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների ու պահանջների պահպանման համար պատասխանատու է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչությունը։

 

 

Վարչության պետ Սաղաթել Պետրոսյանի խոսքով, տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում ոչ միայն ըստ տարեկան պլանի, այլև՝ դիմումների, բողոքների և ղեկավարի հանձնարարագրի հիման վրա։ Նշում է՝ այսօրվա դրությամբ Երևանում հիմնական խնդիրը շինարարական և արտադրական գործունեություն ծավալող կազմակերպություններն են, որոնց գործունեության ընթացքում արտանետումներ են լինում։

 

 


«Պատահել է՝ դիմում-բողոքով գնացել ենք ստուգման, տեսել, որ, օրինակ, արտաքուստ շենքի հղկման աշխատանքներ են իրականացնում՝ առանց շինհրապարակը պատշաճ պարսպապատելու, կամ աշխատանքն ավարտել են, իսկ ավազի ու հողի մնացորդները բաց վիճակում թողել շինհրապարակում, դե քամին էլ արել է իր գործն ու ամբողջ տարածքը փոշով պատել»։

 

 

 

Իրավախախտում հայտնաբերելու, մասնավորապես՝ նախապես թույլատրված արտանետումների նորմատիվների գերազանցման կամ շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու դեպքում, տեսչական մարմինը սկզբում հանձնարարականներ է տալիս։ Եթե օրենքով սահմանված ժամկետի լրանալուց հետո տնտեսվարողը չի կատարում դրանք ու չի տեղեկացնում տեսչական մարմնին, նոր ստուգում է սկսվում, տեսչական մարմինը խախտումների վերաբերյալ նախագիծ է ներկայացնում, տալիս տվյալ անձին կամ կազմակերպությանը՝ ուսումնասիրելու, որից հետո, եթե չկան քննման ենթակա առարկություններ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների, կազմվում է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ նշանակվում է վարչական տուգանք։

 

 

«Եթե մարդու առողջությանն ու շրջակա միջավայրի համար լուրջ վտանգ են ներկայացնում, ընդհուպ լինում է գործունեության կասեցում»,- ասում է Պետրոսյանը։

 

 


Վարչական տուգանքից բացի, տնտեսվարողները պարտավորվում են նաև վնասի փոխհատուցում կատարել՝ ըստ արտանետումների տեսակի ու ծավալի։

 

 

Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին ամիսներին ներկայացված ցուցանիշների, Երևանում օդի աղտոտվածության տեսանկյունից ամենավատ «դիրքերում» Կենտրոնն է, Էրեբունին և Շենգավիթը, համեմատաբար լավ վիճակում են Դավթաշենը, Աջափնյակն ու Արաբկիրը։ Իսկ թե երևանյան օդի աղտոտվածության քանի՞ տոկոսն է բաժին հասնում շինարարական փոշուն՝ հստակ ասել դեռևս հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ րոպեական և իրական ժամանակում մթնոլորտային օդի աղտոտվածությանը վերաբերող տեղեկություն ստանալ՝ ժամանակակից ու թանկարժեք սարքավորումների  բացակայության պատճառով։ Հետևաբար, Երևանում օդի աղտոտվածության պատճառները տարբերակելու և դրանց վերացմանը կամ կանխարգելմանն ուղղված ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է համալրել «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» զինանոցը։

 

 

 

Այդուհանդերձ, կարելի է արձանագրել, որ շինարարական փոշին ակտիվանում ու օդի աղտոտվածության համար սպառնալիք է դառնում այն նույն ժամանակահատվածում, երբ ակտիվանում են նաև շինարարական աշխատանքներն ու երևանյան քամին։ Սակայն այս ոլորտում ևս անհրաժեշտ են օրենսդրական և ընթացակարգային բարեփոխումներ՝ իրավախախտումներն ավելի արագ արձանագրելու և վերացնելու համար։

 


Աղբյուրը ՝

Իրազեկ քաղաքացիների միավորում 

 

Դիտումների քանակը` 1625

Գլխավոր էջ