Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը աշխատանքային ժամերը կրճատելու մասին
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին իրավունք տալ աշխատանքն ավարտել սովորականից շուտ՝ աշխատանքային օրվա ավարտ համարելով 17.00-ն։
Խնդիրը կայանում է նրանում, որ համայնքային ենթակայության մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է 17:30-ին, եւ աշխատող ծնողների գերակշիռ մասը մեծ խնդիրներ է ունենում երեխային մանկապարտեզից վերցնելու պատճառով և ստիպված են լինում ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը: Նախաձեռնությունը միտված է աջակցելու ծնողներին՝ երեխայի խնամքը կազմակերպելու դժվարություններից , լրացուցիչ դայակ վարձելու անհրաժեշտությունից զերծ մնալու առումով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով կառավարության եզրակացությունը՝ նշեց, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին, և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:
Կառավարությունը հիմնավորում է իր բացասական դիրքորոծումը մի քանի փաստարկներով: Նախ,ըԸստ Կառավարության եզրակացության, նախագծով առաջարկվող կարգավորումը և պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը:
«Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով: Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամապատասխանեն աշխատողի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ»,- նշված է կառավարության եզրակացության մեջ։
Նախարար Արտեմ Ասատրյանի դիտարկմամբ, խնդրահարույց է նաև այն, որ , համաձայն նախագծի՝ երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի կրճատ աշխատանքային օրվանից օգտվելու իրավունքից: «Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին», – ասաց նախարարը:
«Միաժամանակ չենք կիսում նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից», – ասված է կառավարության եզրակացության մեջ:
Եվ վերջապես, ըստ կառավարության, նախագծով առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:
Նշենք, որ մերժելով «Ելք»-ի նախաձեռնությունը, կառավարությունը ոչ մի առաջարկ չի արել մանկապարտեզների հետ կապված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 3402