Լեռնային  Ղարաբաղից  տեղահանված  անձանց  տրամադրված աջակցության  գնահատում. հետազոտություն

 

Օրերս Վորլդ Վիժն Հայաստան (World Vision Armenia) կազմակերպությունը ներկայացրեց հանրությանը «Լեռնային  Ղարաբաղից  տեղահանված  անձանց,  մասնավորապես   կանանց  և աղջիկներին տրամադրված աջակցությանը վերաբերող քաղաքականության և փորձի մասին» հետազոտության արդյունքները, որոնք կարևոր նշանակություն ունեն  սոցիալական աջակցության ոլորտը համակարգելու, արտակարգ իրավիճակներում դրա արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու համար: Հետազոտությունը իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ  կողմից  ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի «Կանայք, անվտանգություն, խաղաղություն» բաղադրիչի  շրջանակներում:

 

 

Հետազոտության  շրջանակում  ուսումնասիրվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սանձազերծած  պատերազմի  հետևանքով  տեղահանված անձանց տրամադրվող  աջակցությունը  կարգավորող օրենսդրությունը, քաղաքականությունը,  վերհանվել  են խնդիրները, ամփոփվել  և ներկայացվել են  առաջարկություններ  այդ խնդիրների լուծման ուղղությամբ:    

 

 

Ուսումնասիրվել է նաև նշյալ ժամանակահատվածում տրամադրված սոցիալական աջակցության ծառայությունների գենդերային զգայունությունը՝ հաշվի առնելով մարդասիրական օգնության ընթացքում կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար հասանելիությունը ծրագրերին և ծառայություններին ապահովելու  և որոշումների կայացման գործընթացում հավասար հնարավորություններ ստեղծելու կարևորությունը։

 

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների և այլ նախարարություններից, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում ակտիվ մասնակցություն ունեցած համայնքի սոցիալական աշխատողներ և այլ դերակատարներ։

 

Միջոցառման  բացմանը  ողջույնի խոսքով  հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի  նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը, Վորլդ Վիժն Հայաստան  կազմակերպության  Ազգային տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Հետազոտության արդյունքները ներկայացրեցին փորձագետներ Էլեոնորա Տարախչյանը, Անի Ջիլոզյանը, ՀՀՍԾ ծրագրի  «Կանայք,  Խաղաղություն  և Անվտանգություն »  ծրագրի բաղադրիչի ղեկավար Սևան Պետրոսյանը:

 

 

Հետազոտող Էլեոնորա Տարախչյանի խոսքով ուսումնասիրության համար անհրաժեշտ  տեղեկատվությունը  հավաքագրվել է տեղահանված անձանց աջակցության  տրամադրման գործընթացն ապահովող պետական կառավարման  և տեղական ինքնակառավարման մարմինների,  միջազգային  և  ներպետական  կազմակերպությունների գրավոր հարցումների,   նշված  մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների,  կամավորների,  գենդերային  փորձագետի հետ անցկացրած  հարցազրույցների,  ինչպես  նաև տեղահանված կանանց  և աղջիկների հետ անցկացրած  ֆոկուս-խմբային  քննարկումների միջոցով:

 

 

Հետազոտման  ընթացքում  ուսումնասիրվել է  նաև տեղահանված անձանց սոցիալական աջակցության ոլորտը  կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ՀՀ   միգրացիայի ծառայության  հայեցակարգը,  հանրամատչելի նյութեր և փաստաթղթեր: Հատուկ ուշադրություն է  դարձվել  տեղահանված անձանց աջակցության գործընթացում  իրականացված կարևոր միջոցառումներին, որոնք  կարող են  նախադեպ  հանդիսանալ  հետագայում նմանատիպ իրավիճակներում կիրառելու  համար:

 

 

Հետազոտողների գնահատմամբ կարևոր միջոցառումներից էին.

  • Ընդունիչ-բաշխիչ կայանի ստեղծումը,
  • ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի կառավարության օպերատիվ շտաբի  ստեղծումը,
  • տեղահանված անձանց խնդիրների արագ արձագանքման և անհրաժեշտ ուղղորդմանը ծառայող «117» հեռախոսահամարով թեժ գիծը,
  • տեղահանված անձանց հյուրընկալած անձանց  վերաբերող  պետական սոցիալական աջակցության միջոցառումների սահմանումը,
  • միջգործակալական արձագանքման  ծրագիրը,
  • վաուչերների կիրառման պրակտիկան՝ կոնկրետ խանութներից որոշակի գումարի սահմաններում սահմանված ապրանքատեսակներ գնելու համար,
  • տեղահանված անձանց ընդունող  համայնքին  սոցիալական աջակցության  տրամադրումը,
  • տեղահանված անձանց երեխաների կրթության շարունակականության ապահովումը,
  • ՀՀ միգրացիայի ծառայության  հայեցակարգի ընդունումը:

 

 

Փորձագետի ներկայացմամբ  հետազոտման  ընթացքում վեր են  հանվել մի շարք  խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ հետազոտողները առաջարկություններ  են արել:  

 

 

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատերազմի օրերին և հետպատերազմական իրավիճակներում տեղահանված անձանց աջակցության տրամադրման բարելավման նպատակով  անհրաժեշտ է ՝

  • նախատեսել համապատասխան իրավակարգավորումներ աջակցության ծառայությունների (օր. կամավորների աշխատանքի) առանձնահատկությունների, որոշ հասկացությունների (oր,  «տեղահանված անձ» հասկացության) սահմանման վերաբերյալ,
  • մեծացնել համայնքներում սոցիալական աշխատողների թիվը,
  • ընդլայնել տրամադրվող սոցիալական ծառայությունների շրջանակը, այդ թվում՝ հոգեբանական ծառայությունների և զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ներդրման անհրաժեշտություն,
  • ստեղծել տեղահանված անձանց վերաբերյալ մեկ միասնական ն ամբողջական տեղեկատվական բազայ, որը պարբերաբար կթարմացվեր
  • ստեղծել համապատասխան տեղեկատվական հարթակներ աջակցություն տրամադրողների և շահառուների վերաբերյալ,
  • մշակել և ներդնել պետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների և ծրագրերի մոնիթռրինգի ն գնահատման արդյունավետ մեխանիզմներ,
  • բարելավել ճշգրիտ տեղեկատվության տրամադրման գործիքները։

 

 

Միևնույն ժամանակ շատ կարևոր է ապահովել ողջ գործընթացում գենդերազգայուն մոտեցումները, քանի որ և՛ աջակցության տրամադրման ընթացքում, և՛ հետճգնաժամային՝ վերականգնողական փուլերում կանանց մասնակցության ապահովումը երաշխիք կարող է հանդիսանալ սոցիալական աջակցության ողջ համակարգն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու համար։

 

 

Հետազոտության արդյունքներին և առաջարկներին  գենդերային զգայունության տեսակետից անդրադարձավ փորձագետ Անի Ջիլոզյանը: Ըստ նրա, հետազոտության  ընթացքում  կարևորվել է գենդերազգայուն  մոտեցումը, քանի որ  կանայք  և աղջիկներն ունեն  յուրահատուկ խնդիրներ, որոնք նման պայմաններում  նրանց  դարձնում են  խոցելի,  դառնալով այլ խնդիրների պատճառ: Առաջարկություն է  եղել գենդերային  վերլուծության  հիման  վրա  մշակել թիրախավորված  գործողություններ, որոնք  կհամապատասխանեն կանանց,  տղամարդկանց,  աղջիկների և  տղաների կարիքներին, ապահովելու նրանց  հասանելիությունը սոցիալական  ծրագրերին և ծառայություններին:

 

 

Օրինակ, օգնության փաթեթների պարունակությունը  պետք է  համապատասխանի և  բավարարի  իրենց  և իրենց  ընտանիքների կարիքները՝ ընդհուպ  հիգիենան, սնունդը և այլն:  Կամ տեղահանված անձանց  տրամադրվող սանիտարահիգիենիկ  տարածքնեը պետք է բավարարեն  կանանց,  երեխաների  և խոցելի խմբերի կարիքները  թե՛  հավասար  հասանելիությունը  խթանելու , թե՛  հիվանդությունների  և բռնությունների ռիսկը  նվազեցնելու համար:

 

 

 Կանոնավոր  տնտեսական գործունեությանը  մասնակցելու  համար  կանայք  պետք է հավասար  հասանելիություն ունենան այնպիսի  ռեսուրսների՝ ինչպիսիք են  վարկը, ուսուցումը  և այլն: Այս ամենը ապահովելու համար կանանց  կազմակերպությունները  մեծ դեր են խաղում, քանի որ  այդ  կազմալերպություններն անմիջական  կապ են  ստեղծում  համայնքներում,  ապահովելով  խորհրդատվություն, կրթության  և կենսաապահովման  ծրագրեր:

 

 «Կանայք, անվտանգություն, խաղաղություն» բաղադրիչի ղեկավար Սևան Պետրոսյանի ներկայացմամբ  Վորլդ Վիժն Հայաստան  կազմակերպությունն իր «Հասանելի համայնքային սոցիալական  ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում արդեն իսկ աշխատում է հետազոտության առաջարկություններում հնչեցված ուղղություններով: Կազմակերպությունը համագործակցում է պատասխանատու գերատեսչությունների հետ և իրականացնում է շահառուների ուղղորդում, խոցելի իրավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովում, համայնքային սոցիալական աշխատողների համար անհրաժեշտ գործիքակազմերի մշակում և աշխատանքային պայմանների ապահովում, մարդասիրական օգնության տրամադրում և այլն: Սևան Պետրոսյանի դիտարկմամբ, ելնելով ուսումնասիրության արդյունքներից, CLASS  ծրագիրն շարունակելու է աշխատանքը համայնքների սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման,  արտակարգ  իրավիճակներում  միջոլորտային փոխգործակցության  հարթակների ստեղծման և սոցիալական արդյունավետ  պաշտպանության երաշխավորման ուղղությամբ:  Շարունակելու է նաև նպաստել տեղահանված կանանց ու աղջիկների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համագործակցել Աշխատանքի  և սոցիալական  հարցերի  նախարարության  հետ՝ սոցիալական  պաշտպանության  համակարգի գենդերային զգայունությունն ու հասցեականությունն ապահովելու համար:  Ըստ Սևան Պետրոսյանի,   հետազոտության արդյունքերը  հուշում են բոլոր վերոնշյալ ուղղություններով կենտրոնանալու  անհրաժեշտությունը ու կարևորությունը:

 

 

Ուսումնասիրության արդյունքների ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում ձևավորված փորձի, առկա խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ, որի արդյունքում ձևավորված առաջարկների մասով համատեղ աշխատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ,  ոլորտային կարևոր փոփոխություններ իրականացնելու նպատակով։  

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 687

Գլխավոր էջ