2022 թվականի նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդի. առջևում թե՛ հնարավորություններ են, թե՛ մարտահրավերներ
Հուլիսի 11-ին նշվող Բնակչության համաշխարհային օրվա այս տարվա թեման է «8 միլիարդանոց աշխարհ. կայուն ապագայի ճանապարհին հավասար հնարավորություններ և իրավունքներ բոլորի համար»:
Համաձայն 2022 թ. «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի, որն այսօր հրապարակել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչությունը (UN DESA), կանխատեսվում է, որ 2022 թ. նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդի: Այս նշաձողին հասնելը և՛ տոնելու առիթ է, և՛ կոչ մարդկությանը` լուծումներ գտնելու մեր առջև ծառացած մարտահրավերներին:
Մարդկության առջև կանգնած մարտահրավերները ծանր են. սերունդների համար բախտորոշ այնպիսի խնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, հակամարտությունները և COVID-19-ը, անհամաչափորեն են ազդում առավել խոցելի և լուսանցք մղված մարդկանց վրա: Մինչ օրս միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ, մատնված են սովի և թերսնման, չունեն առողջապահական և սոցիալական պաշտպանվածություն և չեն կարողանում որակյալ նախնական և միջնակարգ կրթություն ստանալ: Ամբողջ աշխարհում կանայք դեռ զրկված են իրենց մարմնի և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հիմնարար իրավունքից, և մենք շատ երկրներում տեսնում ենք կանանց իրավունքների ոլորտում առաջընթացի մտահոգիչ հետընթաց:
Չնայած այս մարտահրավերներին, 8 միլիարդի պատմությունը և այն, թե ինչպես ենք մենք հասել այստեղ, հաղթանակի պատմություն է: Մենք կրճատել ենք աղքատությունը և զգալի առաջընթացի հասել առողջապահության ոլորտում: Մարդիկ այսօր ավելի շատ են, քան երբևէ, մասամբ կյանքի տևողության աճի և մանկական ու մայրական մահացության նվազման պատճառով:
«Սա հաջողության պատմություն է, ոչ թե դատաստանի օրվա սցենար: Մեր աշխարհը, չնայած իր մարտահրավերներին, մի աշխարհ է, որտեղ մարդկանց շատ ավելի մեծ հատված է կրթված և ավելի առողջ կյանքով ապրում, քան պատմության որևէ նախորդ փուլում», – ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Նատալյա Կանեմը: «Բացառապես բնակչության ընդհանուր թվի և աճի տեմպերի վրա կենտրոնանալը բաց է թողնում հարցի բուն իմաստը և հաճախ հանգեցնում է հարկադրական և հակաարդյունավետ միջոցների ու մարդու իրավունքների խաթարման: Իրականում մարդիկ լուծումն են, ոչ թե խնդիրը։ Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց, նրանց իրավունքների և ընտրությունների համար ներդրում կատարելը ճանապարհ է դեպի խաղաղ, բարգավաճ և կայուն հասարակություններ»:
2022 թվականի նոյեմբերին ընդառաջ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կաշխատի գործընկերների և համայնքների հետ՝ օգտագործելու 8 միլիարդի ուժը՝ որպես մեր առաքելության մի մաս՝ հասնելու ԲԶՄՀ Գործողությունների ծրագրով դեռևս 1994 թվականին սահմանված նպատակներին: Բոլորի առողջ, հնարավորություններով օժտված ապրելու իրավունքն ու ընտրության հնարավորությունը պաշտպանելը մարդկության բանալին է՝ ամբողջ աշխարհում մարդկանց անսահմանափակ ներուժն ազատագրելու համար, ինչը թույլ կտա լուծել հասարակություններին սպառնացող մարտահրավերները և մեզ բոլորիս վտանգող գլոբալ խնդիրները:
Մենք միայնակ չենք այս ճանապարհին. կան համերաշխության և անհատական հերոսության բազմաթիվ օրինակներ, և մենք բոլորս պետք է միասին պայքարենք աղքատության, խտրականության, բռնության և բացառման ու այլ խոչընդոտների դեմ, որոնք ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց զրկում են իրենց իրավունքներին ու ընտրության հնարավորությունից:
Այս պահը պահանջում է թե՛ տեսլական, թե՛ գործողություն: Կառավարությունները կարող են բնակչության մարդակենտրոն քաղաքականություն վարել՝ առանցքում ունենալով սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները: Մասնավոր հատվածը կարող է մշակել ստեղծարար լուծումներ՝ հանուն աշխարհի բարօրության օգտագործելով նորարարության և տեխնոլոգիաների ուժը: Արվեստագետներն ու ստեղծագործ մարդիկ ամբողջ աշխարհում կարող են կիրառել իրենց հնարամտությունն ու տաղանդը՝ մեզ ոգեշնչելու և օգնելու համար պատկերացնել այն խոստումը, որն իր հետ բերում է 8 միլիարդ մարդկանց աշխարհը:
Միասին մենք անսահման հնարավորություններ ենք բերում գործելու, աճի և փոփոխության համար: Ավելի արդար և կայուն աշխարհի ստեղծումը պահանջում է, որ աշխարհն առաջ շարժվի դեպի հավասար իրավունքներ ու հնարավորություններ մեկի և բոլորի համար:
2022 թ. «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի հիմնական բացահայտումները.
- Կանխատեսվում է, որ 2080-ականների ընթացքում աշխարհի բնակչությունը կհասնի 10,4 միլիարդի և կմնա այդ մակարդակում մինչև 2100 թվականը:
- Մոտ 12 տարի պահանջվեց 7-ից 8 միլիարդի հասնելու համար՝ մոտավորապես նույնքան, որքան պահանջվեց 6-ից 7 միլիարդի հասնելու համար: Սպասվում է, որ հաջորդ միլիարդին կհասնենք մոտ 14,5 տարի հետո (2037 թ.):
- Աշխարհի բնակչությանն ավելացած 8-րդ միլիարդի կեսը Ասիայի ժողովրդագրական աճի արդյունք է: Աֆրիկայի բերած ներդրումը չափերով երկրորդն է (գրեթե 400 միլիոն):
- 10 երկիր պատասխանատու է 7-ից մինչև 8 միլիարդ բնակչության աճի ավելի քան կեսի համար: Ամենամեծ ներդրումն ունեցել է Հնդկաստանը, որին հաջորդում են Չինաստանը և Նիգերիան:
- Աֆրիկան և Ասիան կլինեն բնակչության աճի առաջատարները մինչև 2037 թվականին 9-րդ միլիարդի հասնելը:
- Այսօր աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է այնպիսի երկրում կամ տարածքում, որտեղ կյանքի ընթացքում ծնելիությունը մեկ կնոջ հաշվով 2,1 ծնունդից (պարզ վերարտադրությունից) ցածր է:
- Ծննդյան պահին կյանքի միջին տևողությունը 2019 թվականին հասել է 72,8 տարվա, ինչը 1990 թվականից ի վեր բարելավվել է գրեթե 9 տարով: Սակայն 2021 թվականին ամենաքիչ զարգացած երկրների կյանքի միջին տևողությունը 7 տարով հետ է մնացել համաշխարհային միջինից:
- Բազմաթիվ զարգացող երկրներում աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը (25-ից 64 տարեկան) աճել է:
Աղբյուրը՝ ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենայկ
Դիտումների քանակը` 806