«Գտնել այնպիսի լուծումներ, որոնցից չի տուժի օրինաբար աշխատող Հայաստանի և ոչ մի քաղաքացի»…

Նախօրեին  «Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» ՝ տեղեկանալով, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի  օրակարգում ներառված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  Կառավարության նախագիծը, հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.  

 

 

«… Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը արդեն իսկ մտահոգություն էր հայտնել Կառավարության փակ և ոչ մասնակցային գործելաոճի վերաբերյալ, ինչի արդյունքում ««Ժամանակավորապես անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակվել և Կառավարության հաստատմանն էին ներկայացվել առանց շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների եւ հանրային հնչեղություն ստանալուց հետո միայն օրենքի նախագիծը հապշտապ քննարկվել էր մի քանի հասարակական կազմակերպությունների հետ, և միայն ԱԺ ներկայացնելուց հետո դարձել խորհրդարանական լսման խնդրո առարկա:

 

 

Խորհրդարանական լսման արդյունքում օրենքի նախագծում ու դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունը` գրավոր դիմելով ՀՀ վարչապետին և ԱԺ բոլոր պատգամավորներին: Նախագծի հեղինակներից  որևէ պատասխան առ այսօր չենք ստացել, սակայն նախագիծը առանց հավելյալ հանրային քննարկումների արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելը, ըստ էության, հստակ պատասխան է այն մասին, որ օրենքի նախագծի հեղինակները ցանկություն չունեն այն քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ականջալուր լինել առաջացող  հիմնախնդիրներին, ավելին` առաջին և երկրորդ ընթերցումների միջև ժամանակ չնախատեսելով` օրենքի հեղինակները կրկին առաջնորդվում են Օրենքի նախագիծը հապշտապ ընդունելու և հանրության կարծիքը անտեսելու սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է հանրային կառավարություն ունեցող նախագծերի ընդունման ժողովրդավարական սկզբունքներին, և ևս մեկ անգամ ապացուցում այն, որ օրենքում կատարվող փոփոխությունների նպատակը բացառապես մեկն է` աշխատող եւ մայրացող կանանց հաշվին տնտեսել ՀՀ պետական բյուջեից ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար գոյացող փոխհատուցումները:

 

 

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ Կառավարության և ԱԺ նման գործելաոճը, և ևս մեկ անգամ կոչ անում հետ կանչել օրենքի նախագիծը, և այն հավուր պատշաճի քննարկել հանրության ու շահագրգիռ բոլոր կողմերի հետ` գտնելու այնպիսի լուծումներ, որոնցից  չի տուժի օրինաբար աշխատող ՀՀ և ոչ մի քաղաքացի»:

 

 

Դիտումների քանակը` 3829

Գլխավոր էջ