Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա  նիստի օրակարգում էր ընդգրկվել  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ու հարակից օրենքներում  փոփոխություններ  կատարելու մասին օրենքների նախագծերի աղմկահարույց   փաթեթը, որը հանրային մեծ հնչեղության էր արժանացել դրանում ամրագրված որոշ վիճելի դրույթների հետ կապված: Ինչպես պարզվեց` Կառավարությունը իսկապես ականջալուր եղավ այն բողոքի ալիքին,որը ծավալվեց  այս փաթեթի  շուրջ,  և քննարկումների արդյունքում լրամշակեց մի տարբերակ, որը, կարծես թե,  պետք է գոհացնի աշխատող կանանց:

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով  հանձնաժողովի այսօրվա նիստում հիմնական  դրույթները, որոնք տեղ են գտել օրենքի նախագծի փաթեթում, շեշտադրեց այն փաստը, որ հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվում է մայրության նպաստ, իսկ հետո նոր անցավ կարևորին: Նրա խոսքով,  առաջարկվում է պահպանել մայրության կամ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկելու կարգը`  հիմք ընդունելով   միջին ամսական աշխատավարձը եւ  առավելագույն շեմ սահմանելով նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով, ինչը  կազմում է շուրջ 1 մլն դրամ:

 

«Ըստ նախարարության կողմից արված վերլուծությունների  1 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացող  400 կին կա, և առաջարկվում է  նրանց համար էլ  պահպանել փոխհատուցման 100  տոկոսը, սակայն կանոնակարգելով վերին շեմից բարձր մայրության նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված խնդիրները գործատուի միջոցով` կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով»,- պարզաբանեց  նախարարը:

 

Հաջորդ դրույթը, որը նույնպես բավականին քննարկվել ու խիստ  քննադատվել էր, վերաբերվում էր կնոջ վերջին գործատուի մոտ աշխատելու ստաժին, ըստ որի եւ  առաջարկվում էր հաշվարկվել  նպաստի չափը:  Այն նվազում էր մինչեւ  40 տոկոս՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,  60 տոկոս՝ 1-3 տարվա դեպքում եւ  80 տոկոս՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:

 

Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ  ստաժի հետ կապված դրույթներն ու տարբերակումները դուրս են բերվել օրենքի նախագծից, միևնույն ժամանակ առաջարկվում է սահմանել, որ մայրության նպաստի իրավունքը ձեռք բերելուն նախորդող 12 ամիսների համար աշխատող կինը, որքան եկամուտ որ ստացել է, այդ եկամուտը բաժանել 12-ի` ստանալով միջին ամսական աշխատավարձը:

 

«Այս առաջարկով փորձում ենք  լուծել  այն խնդիրները, որոնք  ծագում են, երբ  մեկ-երկու ամիս առաջ էին աշխատանքի ընդունվում` բարձր նպաստ ստանալու միտումով: Փաստացի ստացած եկամտից հաշվարկվելու է  միջին ամսական աշխատավարձի , միջին օրական աշխատավարձի չափը և դրա հիման վրա 140 օրվա համար մայրության նպաստի չափը»,- ասաց նախարարը:  Մյուս կողմից, շարունակեց նա, քանի որ նախատեսվում է նաև չաշխատող 30 հազար մայրերի համար սահմանել մայրության նպաստ, սահմանվելու է համապատասխան մեծություն, որից կհաշվարկվի այդ նպաստը  նաև չաշխատող մայրերի համար: Ա.Ասատրյանը նաեւ նշեց,   որ օրենքով սահմանվում է,  որ աշխատող մայրերի նպաստը չի կարող պակաս լինել չաշխատող մայրերի համար հաշվարկվող մայրության նպաստից:

 

Չաշխատող մայրերի մասով  նախարարն  ասաց, որ նրանք  մինչև ծննդաբերություն  70 oրը պետք է  դիմեն, հաշվառվեն առողջապահական համապատասխան կազմակերպություններում: Առաջարկվում է  նպաստը չաշխատող մայրերի համար հաշվարկել հարկված նվազագույն ամսական աշխատավարձի չափից և չհարկել այդ նպաստը` ի տարբերություն աշխատող կանանց նպաստի:

 

 

Ինչ վերաբերում է ժամանակավոր անաշխատունակության նպաստին կամ հիվանդության նպաստին, ապա այն առաջարկվում է սահմանել միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով, ընդ որում, հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ  է  սահմանվում  նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:

 

Նախարարի խոսքով,  քննարկումների ժամանակ բավականին կառուցողական առաջարկություններ են հնչել  այն  աշխատողների մասով,որոնք  տարբեր գործատուների  մոտ են աշխատում ու  տարբեր տեղերից էր  նվազագույն չափով նպաստը ստանում: Այս խնդիրները լուծելու համար առաջարկվել է կոնսոլիդացման ճանապարհը: Այսինքն , եթե անձը տարբեր գործատուների մոտ է աշխատում, ապա  բոլոր գործատուների մոտ ստացված եկամուտը կհաշվառվի և նպաստ կվճարվի մեկ  գործատուի կողմից` հաշվի առնելով նաև մյուս գործատուների կողմից վճարված եկամուտները:

 

Հանձնաժողովի անդամ,  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախարարից հետաքրքրվեց, թե 2015թ-ին պետական բյուջեի նախագծում որքան գումար է նախատեսվել մայրության նպաստի տողով: Ա.Ասատրյանը նշեց, որ ընթացիկ` 2014թ-ի համեմատ հաջորդ տարի նախատեսվում է նպաստներին հատկացվող գումարը ավելացնել` հաշվի առնելով ներկա օրենսդրական փոփոխությունները. խոսքը մոտավոր հաշվարկներով  2 մլրդ դրամի մասին է .

 

«2014թ-ի բյուջեի նախագծում մենք նախատեսել էինք 8.4 մլրդ դրամ մայրության և հիվանդության նպաստները վճարելու համար, փաստացի 2014թ-ին կատարողականը կկազմի 12 մլրդ դրամ` նախորդ նիստում կառավարությունը համապատասխան վերաբաշխում արեց  այդ ծրագրերին ուղղելով համապատասխան միջոցներ: Ամեն դեպքում 2014թ-ի հաստատված բյուջեի նկատմամբ  2015թ-ին նախատեսված է աճ երկու նպաստների մասով»,- պարզաբանեց նա:

 

Ա.Ասատրյանը հայտարարեց նաև, որ իհարկե Կառավարությունը կողմ է բարձրացնելու  նպաստների չափերը, բայց պետք է իրատեսական լինել և հաշվարկել ամենը ըստ պետության ֆինանսական միջոցների: Ամեն դեպքում նախարարը կարծիք հայտնեց, որ չաշխատող մայրերին նպաստ տալը պետության կողմից իսկապես լուրջ քայլ է:

 

Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդգրկվեց ԱԺ առաջիկա քառօրյա նստաշրջանի օրակարգ, քանի որ,  ինչպես պարզաբանեց հանձնաժողով նախագահ Հալոբ Հակոբյանը, անհրաժեշտ է հարցի քննարկումն ավարտել մինչև 2015թ-ի պետական բյուջեի քննարկումների մեկնարկը, իսկ  աշնանային նստաշրջանում ԱԺ-ին ընդամենը երկու քառօրյա է մնացել:

 

Էնզելա Մակարյան

 

Հ.Գ. Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները դեռեւս ձեռնպահ են մնում այս նորությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ սպասում են, մինչեւ փոփոխությունների նոր տարբերակը տեղադրվի Ազգային ժողովի կայքում եւ նրանք  հնարավորություն ունենան ծանոթանալ տեքստին: 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

  

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

Դիտումների քանակը` 4175

Գլխավոր էջ