«Իրեն հարգող կինը, աղջիկը չի կարող նման պայմաններում աշխատի». Ֆեյսբուքյան հարցում
Արժանապատիվ աշխատանքի մասին հաճախակի դարձած խոսակցություններում մենք սովորաբար հիշատակում ենք , առաջին հերթին, աշխատանքի դիմաց արժանապատիվ վարձատրության խնդիրները, մինչդեռ պակաս կարևոր չեն համապատասխան աշխատանքային միջավայրն ու պայմանները… WomenNet.am-ի հարցումը, որն անցկացվել է ֆեյսբուքի հայաստանյան սեգմենտի ամենամեծ կանանց խմբերից մեկում, ցույց տվեց, որ մեզանում դեռևս շատ աշխատատեղեր կան, որոնք չափազանց հեռու են արժանապատիվ աշխատանքային պայմանների մասին տարրական պատկերացումներից…
Սոցիալական ցանցի օգտատերերին ուղղված մեր հարցը վերաբերում էր հենց աշխատանքային պայմաններին, մասնավորպաես, գործատուների կողմից սահմանվող որոշակի արգելքներին կամ պահանջներին: Հարցման արդյունքներն անսպասելիորեն ցավալի էին այն առումով, որ մեծ թվով դեպքեր բացահայտվեցին, երբ աշխատողների առջև ուղղակի անմարդկային պահանջներ են դրվում: Օրինակ, 8-10 ժամանոց աշխատանքային գրաֆիկի պարագայում արգելված է նստելը, կամ էլ օրենքով սահմանված գոնե մինիմալ չափով ընդմիջում չի տրամադրվում… Ցավալին նաև այն է, որ աշխատողներն անպաշտպան են նման պահանջների առջև, և նրանց միակ այլընտրանքն աշխատանքից ազատվելն է…
Մինչդեռ հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Նույն հոդվածի 2-րդ կետով, հանգստի և սնվելու համար ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:
Ներկայացնելով հարցման արդյունքում ստացված կանանց ու աղջիկների պատմությունները, փաստենք, որ, ըստ էության, վերը նշված հոդվածը հաճախ անտեսվում է գործատուների կողմից: Ավելին, պարզվում է, աշխատակիցների ընդմիջման իրավունքի խախտումն աշխատանքային իրավունքների ոտնհարման ամենտարածված ձևերից մեկն է, հատկապես առևտրի ոլորտում, ընդ որում խոսքը շատ ժամանակ խոշոր ու հայտնի սուպերմարկետների մասին է , որոնք պետք է որ միտված լինեն ոչ միայն սպասարկման բարձր մակարդակի մշակույթ, այլև նույն մակարդակի աշխատանքային հարաբերություններ ձևավորելուն… Բոլոր դեպքերում պատմությունները հրապարակում ենք առանց անունների՝ պահպանելով գրառումների ոճը…
«Ընդմիջումն անում էինք ինչ-որ չուլանա-պահեստանման խցում»
«Ես մի քանի ամիս «Զ…» սուպերմարկետում եմ աշխատել գանձապահ, եղել է 8 ժամ ենք աշխատել, 12 կամ 16 ժամ ու կանգնած ենք եղել, կասսաներում ոչ մի տիպի նստելու հարմարանք չի եղել, հենվել չէր կարելի… այդ ժամերի ընթացքում 10-15 րոպե ընդմիջման ժամ են տվել ու վայ էն ընդմիջմանը, հենց մի հոգի կողքի կասսայում ավել մարդ էր լինում՝ գալիս կանչում էին: Հերիք չի ֆիզիկապես էինք հոգնում, հոգեբանական ճնշումն էլ մյուս կողմից էր: Օրինակ բերեմ, մինչ այդ աշխատել եմ մեկ ուրիշ «Է…» սուպերմարկետում, էլի ոտքի ենք եղել, բաժին լցրել, դասավորել մաքրել, բայց այդ 8-9 ժամերի ընթացքում մի քանի անգամ իջել ենք խոհանոցում սուրճ խմել կամ ուղղակի նստել։ Ընդմիջմանը թույլ են տվել գումար հավաքել մի քանի հոգով ու ինչ–որ բան պատրաստել ուտելու։ Իսկ «Զ…»-ում ընդմիջումն անում էինք ինչ–որ չուլանա–պահեստանման խցում, լվացքի փոշիների, ժավելի արկղների վրա նստած, կամ կանգնած: Այդ խցի մեջ էլ զուգարանն էր, մեր ընդմիջումը մյուս աշխատակիցների բնական կարիքների հոգալուն զուգահեռ էր ուղեկցվում»…
«Գոհ եղեք, ոչ թողել են։ Ես 3 տարի «X-»-ում եմ աշխատել, այնտեղ առհասարակ ընդմիջում չկար, ասում էին 8 ժամ դիմացի։ Գնում էինք առանց պայուսակ»…
«Օրվա մեջ 10 ժամ կանգնած պետք է աշխատես, նստելու, հենվելու, խոսելու, պարապ կանգնելու իրավունք չունեինք»։
«Իրականում ահավոր էր։ Մեկ ամիս կարողացա դիմանալ անմարդկային պայմաններին։ Օրվա մեջ 10 ժամ կանգնած պետք է աշխատես։ Նստելու, հենվելու, խոսելու, պարապ կանգնելու իրավունք չունեինք։ 10 ժամվա մեջ ընդմիջում էինք գնում 20 րոպեով՝ եթե մենեջեռը թույլ տար։ Հաց ուտելու համար խոհանոց չկար, հանդերձարանում էինք հաց ուտում (հանդերձարանի դիմացը անմիջապես զուգարանն էր, դուռ էլ չկար, ահավոր տհաճ հոտ էր գալիս)։ Հեռախոսով խոսելու իրավունք չկար ընդհանրապես, եթե պատահաբար բարի են լինում ու թույլ են տալիս, պետք է մենեջեռը խոսակցությունը լսի։ Պարապ չես կարող կանգնես։ Պետք է բաժինդ դզես, դարակներդ քանդես, մաքրես, դասավորես, ժամկետները հերթով նայես և այդպես ամեն օր։ Բայց մեկ ամիս չդիմացա ու տնօրենի հետ այդ անմարդկային պայմանների պատճառով կռվեցի ու դուրս եկա: Երբ այնտեղի աշխատողներին ասացի ձեր իրավունքները ոտնահարում են, քիչ էր մնում ինձ սպանեին»։
«Ես էլ 4 տարի առաջ աշխատում էի շոփինգ կենտրոնում, ղեկավարս մի ահավոր կին էր, մի րոպե չէր թողնում նստել գործի ժամանակ։ 8 ժամվա մեջ 30 րոպե ընդմիջում ունեի, հազիվ նստում էի, մի կտոր հաց ուտում ու նորից անցնում գործի։ Ոտքի վրա էնքան էի մնում, մեջքս ցավում էր, ոտքերիս երակները սկսեցին երևալ։ Տեսա լրիվ իմ առողջությունն եմ քայքայում, գործից դուրս եկա»:
«Ես աշխատել եմ մի տեղ, որտեղ չէր կարելի իրար հետ խոսել, նստել, նույնիսկ հենվել, չէր կարելի հեռախոսից օգտվել (թողնում էինք դարակներում, նոր անցնում գործի)»։
«Վեց տարի այդպիսի ռեժիմով աշխատել եմ, նստել բացարձակ չէր կարելի 8-12 ժամ: Վերջին պահին էլ չէի կարողանում հանդուրժեի այդ դիսցիպլինան, ինքս դուրս եկա դուռը շրխկացնելով հետևիցս։ Ասեմ՝ քթերիցս մանրից գալիս է՝ ոսկորներս, մեջքս միչև հիմա ցավում են։ Ինչ ափսոս էր այդ 6 տարին»:
«Ծ…» սուպերմարկետում էլ կասսայում աթոռ չկար ու նշանակություն չունի հաճախորդ կար թե ոչ, գոնե բաժնում շարժվում ես, իսկ կասսա ոտքի վրա կանգնած ավելի ահավոր էր հազիվ մեկ ամիս աշխատեցի, որից 15 օրն էլ , որ ասել էի դուրս եմ գալու դրա համար մնացի: Էլ չասեմ, որ 100.000 աշխատավարձ ասվածից ընդամենը 76.000 տվեցին։ Մեկ ամսվա մեջ 2 անգամ դրոշմանիշի ու կենսաթոշակայինի գումար պահեցին, 14.000 ու չէին էլ մուծել 2 անգամ պահվածից էլ, տաքսի ու ընդմիջման գումարս էլ հանած ստացվեց մեկ ամիս անվճար աշխատեցի»:
«Օր կար մինչև 14 ժամ աշխատել ենք առանց նստել , աթոռ չկար ընդհանրապես…»
«Ես աշխատել եմ բուլկու, գաթայի արտադրամասում, ահռելի քանակությամբ արտադրանք էր թխվում, ամեն տեսակից 200 հատից ավել, ու ասենք ձևւավորում էինք, արանքում ընդամենը մի 5 րոպե ազատ, իսկ եթե շուտ վերջացնում էինք կանգնած մնում էինք մինչև մյուս խմորը գար, մի հատիկ անգամ աթոռ չկար: Սուրճն էլ աշխատանքի ընթացքում խմում էինք, ահավոր էր ու օր կար մինչև 14 ժամ աշխատել ենք առանց նստել, հետո ուրիշ տեղ աշխատեցի էլի խմորի հետ կապված` էլի աթոռ չկար»:
«Աշխատել եմ 10:00-ից մինչև 21:00-ն և չեն թույլատրել նստել, ավելին՝ նստելու համար նախատեսված ոչինչ չի եղել, 11 ամիս աշխատել եմ այդպես»:
«Յոթ տարի առաջ աշխատել եմ մենեջեր վարսավիրանոցում, կար սեղանիկ, բայց չկար աթոռ, իրավունք չկար նստելու: Մի օր չդիմացա, նստեցի մեջքս ցավում էր, ազատեցին աշխատանքից, քանի որ երբ հաճախորդ կա սրահում «դու իրավունք չունես նստելու» և այլն»:
«Մի յոթ տարի առաջ ահավոր դժվար գրաֆիկով էի աշխատում, 13 ժամ ոտքի վրա էի, ընդմիջման համար ունեի 15 րոպե ժամանակ, ու նստելու տեղ չկար։ Զգացի, որ այդ տեմպերով առողջությունս վարի կգնա, դուրս եկա։ Ու կայացրածս ամենաճիշտ որոշումն էր»:
Հատկանշական է, որ ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած օգտատերերի մեծ մասը ազատվել է աշխատանքից՝ չդիմանալով գործատուի կողմից առաջարկվող պայմաններին: Համարվում է, որ ամեն գործատու, հատկապես, երբ խոսքը մասնավոր հատվածին է վերաբերում, ինքն է սահմանում խաղի կանոնները, որոնք հիմնականում ներկայացվում են աշխատանքի ընդունվելիս… Բայց դա ամենևին չի նշանակում, որ աշխատողներին ներկայացվող պահանջներն անմարդկային բնույթ պետք է կրեն…
«Երկու տարի այդպես աշխատել եմ (11 ժամ ոտքի վրա), ոտքերս շարքից հանեցի, երկու տարի կյանքիցս այնպես անցավ անիմաստ, չտեսա երեխեքս ոնց մեծացան, ապրում էի, որ աշխատեի, արևի լույսին կարոտ էի: Հետո ասացի ստոպ. իրեն հարգող կին, աղջիկ չի կարող նման պայմաններում աշխատի: Հասկանում եմ, բոլորս էլ կարիքից դրդված ենք աշխատել, բայց դե ես որ քիչ աշխատավարձով գերադասեցի այլ աշխատանք»։
Ի դեպ, ըստ օրենքի, աշխատանքային պայմանները պետք է որ ամրագրված լինեն պայմանագրով, բայց դրա մասին հարցվածների գրառումներում հիշատակում անգամ չկար … Ամենայն հավանականությամբ, աշխատանքային պայմանները բանավոր պայմանավորվածությունների արդյունք են հանդիսացել…
«Գործատուների մեծ մասը նախ պայմանագիր չի տալիս, տալուց էլ աշխատողը չի նայում ինչ է գրված, թեև նման պայմաններ չեն էլ գրված լինում: Այո՛, պայմանագրում գրված են պարտադիր իրավունքներն ու պարտականությունները, բայց մենք երբևէ պահանջատեր չենք լինում աշխատանքային բավարար պայմաններ ունենալու համար։ Բոլորը ստիպված են լինում աշխատել և՛ միշտ ոտնահարված իրավունքների, և հոգեբանական ճնշման պայմաններում։ Ես միշտ սպասարկման ոլորտում ուշադրություն եմ դարձնում նման երևույթներին, և ցավ եմ ապրում, որ մարդիկ նման ձևով աշխատում են»…
Նշենք նաև, որ առևտրային կենտրոններում աշխատողների շահագործման մասին մամուլի մի շարք հրապարակումներին արձագանքնելով ՀՀ առողջապհական եւ աշխատանքի տեսչական մարմինը վարչական տույժեր նշանակելու մասին որոշումներ է կայացրել մի քանի գործատուների նկատմամբ: Նշված խնդիրներին անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ դեռևս անցյալ տարի իրազեկող տեսահոլովակ պատրաստելով այդ թեմայով.
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 799