WomenNet.am-ը հատուկ մրցանակի է արժանացել
Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, ՀայԱրտ մշակութային կենտրոնում կայացած «ՀՈԴՎԱԾ 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը WomenNet.am կայքը հատուկ մրցանակի է արժանացել կանանց խնդիրները հետևողականորեն լուսաբանելու և բարձրաձայնելու համար: Հատուկ մրցանակը շնորհվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն և ճիշտ մոտեցումների արմատավորումը։
Հատուկ մրցանակների են արժանացել նաև WomenNet.am -ի հետ համագործակցող լրագրողներից երկուսը: Երիտասարդ լրագրող Մերի Մաթևոսյանը հատուկ մրցանակ ստացավ ԵՊՀ-ի ռեկտորի կողմից WomenNet.am-ում տպագրված իր «Անգամ մայրս է հիմա զարմանում, թե ինչպես կարողացա ոտքի կանգնել․․․» հոդվածի համար: Մեր կայքի մշտական հեղինակներից Արման Ղարիբյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Factor TV-ում հաղորդաշարի համար՝ նվիրված կանանց նկատմամբ բռնության և դրա հետ կապված դատական նիստերի լուսաբանմանը:
«Հոդված 3».Լրագրողները` հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան և «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (European Endowment for Democracy) աջակցությամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում լրատվամիջողներն ու լրագրողները արժանացել են 9 հիմնական եւ 5 հատուկ մրցանակների։ Հատուկ մրցանակներ են տրվել Սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ԵՊՀ ռեկտորի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ գործակալությունների եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից։
Հ.Գ. WomenNet.am -ը շնորհավորում է և շնորհակալություն է հայտնում իր հետ համագործակցող բոլոր լրագրողներին ու գործընկեր կազմակերպություններին, ում ջանքերի և աջակցության շնորհիվ է կայքն իր գոյության ավելի քան տաս տարիների ընթացքում կարողացել ուշադրության կենտրոնում պահել և լուսաբանել Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված բոլոր հիմնախնդիրները:
Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցույթի կազմակերպիչներին և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային մեր աշխատանքը գնահատելու համար:
Դիտումների քանակը` 708