Ակցիա` ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները իրենզ զորակցությունն էին հայտնում մի քանի օր առաջ հենց այս տեղում ոստիկանության կողմից բռնության ենթարկված կանանց` բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին:
Ցուցարարները, որոնց թվում իրավապաշտպաններ ու սովորական քաղաքացիներ էին, պահանջում էին պատասխանատվության ենթարկել որդեկորույս մայրերի նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին: Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի պահանջը մեկն է` իրենց երեխաների մահվան հետ կապված գործերի արդար քննություն: Նրանք համոզված են, որ իրենց որդիներին իրականում սպանել են, սակայն հետո դա ներկայացրել են որպես ինքնասպանություն` կոծկելով իրականությունը: Արդարաության համար իրենց այդ պայքարը տարիներ է տեւում:
Մեկ շաբաթ առաջ նրանք կրկին նախագահի նստավայրի մոտ էին եկել տեղեկություն ստանալու` իրենց դեռ 7 ամիս առաջ գրած դիմումի մասին, կամ էլ իրենց ընդունելու պահանջով: Կանգնել են նստավայրի դարպասների մոտ` իրենց երեխաների նկարներով եւ պաստառներով, չեն աղմկել, բարձրախոս չեն օգտագործել և չեն խոչընդոտել այդ հատվածով երթևեկող մեքենաների և հետիոտների երթևեկությանը: Սակայն նախագահական նստավայրի անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցները, ծնողների գործողությունները դիտարկել են որպես արգելված տարածքում հավաքի իրականացում և պահանջել անցնել դիմացի մայթը: Ցուցարարները չեն ենթարկվել պահանջին, ինչից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով տեղափոխել են զինծառայողների մայրերին դիմացի մայթ:
Միջադեպի մանրամասները Epress.am –ի տեսանյութում .
Այսօրվա ցույցի մասնակիցները անընդունելի են համարում զոհված զինվորների մայրերի նկատմամբ նման վերաբերմունքը: Նրանց խոսքով, տարիներ շարունակ մայրերն ու նրանց արդար պահանջն արհամարված են պատկան մարմինների կողմից: Մինչդեռ իրականության բացահայտումն ոչ միայն այս մարդկանց միակ մխիթարանքն է, այլ բանակում խաղաղ պայմաններում նման պատահարների բացառման գրավականն է:
Ակցիան ավարտվեց ստորագրահավաքով: Ցուցարարները կոչ են անում կտրուկ քայլեր ձեռնարկել՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերին նոր ընթացք տալու համար, ինչպես նաեւ օրենքի ողջ խստութամբ պատասխանատվության ենթարկել որդեկորույս մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին:
Դիտումների քանակը` 2992