Երեք սերնդի կանայք. ինչպե՞ս են փոխվել կրթության և աշխատանքի վերաբերյալ կարծրատիպերը Հայաստանում
Սրբուհի .«Կրթություն ստանալու մասին երբեք բարձրաձայն չեմ ասել»
Սրբուհի Ղազարյանը 17 տարեկան էր, երբ ծնողները հայտնեցին, որ իրեն «գալու են ուզելու»։ Դպրոցական աղջկա համար, սակայն, սա անսպասելի չէր․ խնամախոսներ իր դասարանում բոլորն ունեին։ Այսպես, դպրոցն ավարտելուց քիչ ժամանակ անց, Սրբուհին ամուսնացավ ծնողների որոշմամբ և իր լուռ համաձայնությամբ․
«Արշակն ինձ դուր էր գալիս, բայց դրա մասին ամոթ էր ասել։ Այն ժամանակ մեզ լավ աչքով չէին նայի, եթե ասեինք, որ համաձայն ենք ամուսնանալ, ամոթ էր։ Այդպես Արշակի հետ ամուսնացանք, ես 18 տարեկան էի, ինքը՝ 26։ Չնայած, որ միայն դպրոցն էի ավարտել, կյանքումս մի օր առանց գիրք կարդալու չեմ անցկացրել։ Հիմա էլ 79 տարեկան եմ, գիրքը կողքիս դրված է։ Բայց կրթություն ստանալու մասին երբեք բարձրաձայն չեմ ասել, դա երազանք էր ինձ համար։ Սկեսուրիս տանը դրվածքն ուրիշ էր․ ամուսնացել ես, ուրեմն երեխաներովդ պետք է զբաղվես, վերջ»,– հիշում է տիկին Սրբուհին։
Արդեն 19 տարեկանում ծնվեց առաջնեկ որդին։ Հետո՝ 3 դուստրերը։ Տիկին Սրբուհին խոստովանում է՝ երբեմն գիրք թաքուն էր կարդում, որ Արշակին չվիրավորեր․ նա 4 տարի էր միայն դպրոց հաճախել։ Բայց չնայած դրան՝ գրքի և կրթության նկատմամբ սերը փոխանցեց չորս զավակներին։
«Որդիս ավտոմեխանիկ է, ուսումնարանն ավարտեց, բայց գյուղում իր նման հասկացող չկա։ Ձեռքն ինչին կպնի, ոսկի է դառնում։ Աղջիկներս երեքն էլ բարձրագույն կրթություն ստացան․ մեկը դաշնամուրի ուսուցչուհի է, մյուսը՝ հաշվապահ, երրորդը՝ պոլիտեխնիկն ավարտեց։ Հիմա գյուղում միայն որդիս է ապրում։ Աղջիկներս ամուսնացան քաղաքում։ Տղաս էլ 3 երեխա ունի, ու բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստացել։ Շատ եմ ափսոսում, որ ինձ թույլ չտվեցին կրթություն ստանալ, բայց մյուս կողմից էլ, մտածում եմ, գոնե երեխաներս կարողացան»,– ասում է տիկին Սրբուհին։
Հասմիկ . «Կա՛մ ընտանիքի խաղաղությունը, կա՛մ իմ աշխատանքը»
Տիկին Սրբուհու դուստրը՝ Հասմիկը, որ գյուղից քաղաք էր եկել և հաշվապահական կրթություն ստացել, Խորհրդային Միության տարիներին աշխատանքը համատեղում էր ընտանիքի հետ։ 1990–ական թվականների սկզբին, սակայն, ընտանեկան խորհրդում որոշվեց, որ «իր տեղը խոհանոցում է»․
«Մինչև Սովետի փլուզումը աշխատում էի, չնայած երկու երեխաներս էլ արդեն ծնված էին։ Այդ ժամանակ կյանքը մի տեսակ կանխորոշված էր․ դեկրետից հետո վերադառնում էիր աշխատանքի, երեխաներին տանում մանկապարտեզ կամ դպրոց։ Բայց անկախության առաջին տարիներին հաշվապահների աշխատանքը մի կողմից շատացավ, մյուս կողմից՝ բարդացավ։ Պետական կառույցները փակվեցին, ամեն օր նոր կոոպերատիվներ էին բացվում, բայց կարճ ժամանակ հետո նույն կերպ փակվում էին։ Եվ, ինչպես միշտ, մեղավորը հաշվապահն էր լինում։ Ու հերթական կոոպերատվի «պայթելուց» հետո ամուսինս պահանջեց, որ դուրս գամ աշխատանքից ու նստեմ տանը, որովհետև ասում էր, որ ինքը «գաղութ պերեդաչի չի բերի»»,– հիշում է Հասմիկը։
Հասմիկն ասում է՝ այս որոշման մեջ իր կարծիքը լսելի չեղավ։ Իր առջև ընտրություն դրվեց՝ կա՛մ ընտանիքի խաղաղությունը, կա՛մ իր աշխատանքը։ Արդեն շուրջ 30 տարի է, ինչ Հասմիկը չի աշխատում։ Երբեմն մտածում է նոր աշխատանք գտնելու մասին, սակայն կարծում է, որ իր ժամանակն արդեն անցել է․
«Երիտասարդ տարիքում ես շատ լավ հաշվապահ էի, բայց հիմա հասկանում եմ, որ 30 տարին շատ մեծ ժամանակահատված է, ես շատ հնարավորություններ եմ կորցրել, որոնք այլևս հետ բերել չեմ կարող։ Ե՛վ հարկային դաշտն է փոխվել, և՛ օրենքները, և՛ աշխատանքային շուկան ընդհանրապես։ Բազմաթիվ երիտասարդներ աշխատանք դժվարությամբ են գտնում, ես ինչպե՞ս կարող եմ իմ մասնագիտությամբ գործ գտնել՝ այսքան բաց թողածից հետո»,– ասում է Հասմիկը։
Այսօր Հասմիկը խնամում է թոռներին, որպեսզի դուստրը չկրկնի իր ուղին։
Աննա. «Տատիկս իմ և մյուս թոռների մեջ իր չիրականացած երազանքներն է տեսնում»
Հասմիկի փոքր դուստրը՝ Աննան, ՏՏ ոլորտի մասնագետ է։ Ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, հետո երկու տարի վերապատրաստվել արտասահմանում․
«Կրթության հարցում ինձ երբեք որևէ մեկը չի խոչընդոտել։ Ավելին, տատիկս ու մայրս ինձ համար միշտ շատ ամուր հենարան են եղել։ Տատիկս միշտ ասել է, որ կինը պետք է կրթված լինի, իր ձեռքի փողն ունենա, իրեն երբեք չկապի միայն ընտանիքի ու տան կապերով։ Չնայած տարիքին՝ տատս շատ լայնախոհ կին է։ Կարծում եմ՝ նա իմ և մյուս թոռների մեջ իր չիրականացած երազանքներն է տեսնում»,– ասում է Աննան։
Նա 8 ամիս առաջ է մայրացել, բայց արդեն վերադարձել է աշխատանքի։ Խոստովանում է՝ որոշումը բարդ էր, չէր ուզում երեխայից հեռու լինել, բայց գործատուի հետ պայմանավորվածությամբ՝ առաջին երեք ամիսներին կաշխատի ճկուն աշխատանքային գրաֆիկով՝ անցումն առավել սահուն կատարելու համար․
«Ես կարծում եմ, որ մեր դաշտում, որը չափազանց արագ է փոփոխվում, ես այլ ելք չունեի, քան վեց ամիս անց աշխատանքի վերադառնալն է։ ՏՏ ոլորտը չի սիրում, երբ իրեն «աչքաթող» են անում։ Բացի այդ, կարծում եմ, որ հենց ինձ համար է կարևոր տանից դուրս գալը, անընդհատ կենցաղի մեջ չլինելը։ Դա նաև օգնում է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան։ Մամա լինելն ավելի բարդ է, քան թվում է շատերին, այդ պատճառով էլ աշխատանքը մի տեսակ ապահով միջավայր է դառնում թեկուզ մի քանի ժամով միտքն այլ բաներով լցնելու համար»,– ասում է Աննան։
Նա համոզված է՝ կրթությունն ու աշխատանքը կարևոր են ոչ միայն կնոջ համար, այլև՝ ողջ ընտանիքի։ Բացի այն, որ կինը կիսում է ընտանիքի սոցիալական ապահովության բեռը, նա նաև դերային մոդել է դառնում իր երեխաների համար․
«Ես չգիտեմ, թե ով կլինեի ես, եթե չունենայի այս կրթությունն ու աշխատանքը, ինչպիսի՞ մայր կլինեի որդուս համար։ Արդյոք նրան հետագայում հետաքրքիր կլինե՞մ ես՝ որպես անհատ, և ոչ միայն որպես իր ծնող։ Մենք հաճախ մոռանում ենք, որ մեր կրթությունը շատ մեծ ազդեցություն ունի մեր՝ որպես մարդ կայացման հարցում։ Այն օգնում է մեզ ազատագրվել շատ բարդույթներից, պայմանականություններից, կարծրատիպերից, ինչի արդյունքում մենք դրանք չեն ծանրացնում նաև մեր երեխաների վրա։ Սա շատ կարևոր բան է։ Մայրը միշտ պետք է ունենա իր կյանքը՝ երեխաների կյանքին անհարկի չմիջամտելու համար։ Ինձ համար «լավ մայրը» նա է, ով իր բարդույթները չի փաթաթում իր երեխաների վզին»,– ասում է Աննան։
«Կանայք և տղամարդիկ այսօր ավելի հավասար են քան առաջ». հետազոտության տվյալներ
Հետազոտությունները փաստում են, որ զբաղվածությունը նպաստում է կանանց տնտեսական անկախությանը և անձնական ձեռքբերումներին, որոնք առանցքային են գենդերային հավասարության և կանանց հզորացման համար:
ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համատեղ իրականացված «Կարծրատիպերի ելակետային ուսումնասիրություն Արևելյան գործընկերության երկրներում» ուսումնասիրության մասնակիցների զգալի մեծամասնությունը աշխատանք ունենալը համարում է իր ինքնության կարևոր բաղադրիչ, թեև կանայք ավելի քիչ նման տեսակետներ ունեն, քան տղամարդիկ։ Յուրաքանչյուր 10 հարցվածներից 9–ը համարում է, որ իրենց դուստրերի համար նույնքան կարևոր է լավ աշխատանք գտնելը, որքան իրենց որդիների, սակայն իրականությունն այլ է․ հասուն տարիքի կանանց մասնակցությունը Հայաստանի աշխատաշուկայում ընդամենը 57 % է։ Հարցվածների մի մասը խոստովանել է, որ տղամարդիկ և ընտանիքի այլ անդամներ կարող են խանգարել կանանց աշխատել: Հայաստանում հարցված յուրաքանչյուր հինգերորդ տղամարդուց գրեթե մեկը՝ 23 %, թույլ չի տվել իր ընտանիքում գտնվող կնոջը աշխատել տնից դուրս։
Չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում կրթության և աշխատաշուկայում կանանց ներգրավվածության մասին կարծրատիպային մոտեցումները փոփոխության են ենթարկվել, միևնույն է, հայրիշխանական հասարակություններում «չի կարելի»–ները դեռ շատ են։ «Լավ մայր» լինելու կարծրատիպերը ստիպում են կանանց մնալ տանը երեխաների նախադպրոցական տարիներին՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը աշխատուժում: Հայաստանում հարցված տղամարդկանց 75 %-ը համաձայն է, որ նախադպրոցական տարիքի երեխաների համար ավելի լավ է չաշխատող մայր ունենալ:
Ընդհանուր առմամբ Արևելյան գործընկերության երկրներում կանայք և տղամարդիկ կարծում են, որ գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես, Հայաստանում կանանց 67% և տղամարդկանց 55%-ը գտնում է, որ կինը և տղամարդը այսօր ավելի հավասար են իրենց մանկության համեմատ: Դրա հետ մեկտեղ, փորձագետների գնահատմամբ, թեև աշխատաշուկայում կան կանանց դերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նշաններ, գենդերային նորմերի և կարծրատիպերի վրա հիմնված խոչընդոտները պահպանվում են՝ հիմք ծառայելով աշխատուժի մասնակցության և վարձատրության, մասնագիտական տարանջատման, որոշումների կայացմանը մասնակցության և խնամքի և տնային չվճարվող աշխատանքի անհավասար բաշխման տարբերությունների համար:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 839