Վիեննայում կայացավ խորհրդարանների կին խոսնակների 13-րդ գագաթնաժողովը
Աշխարհի խորհրդարաններում՝
- խոսնակի պաշտոն է զբաղեցնում 58 կին, ինչը 20.9% է կազմում:
- փոխխոսնակի պաշտոնում 165 կին կա, ինչը 28.3% է կազմում:
ՀՀ Ազգային ժողովում`
- 1995 թ.-ից խորհրդարանի նախագահի պաշտոնը երբևիցե կին չի զբաղեցրել:
- 2007 թ.-ից սկսած՝ փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում երեք փոխխոսնակների թվում կանայք չկան:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սեպտեմբերի 6-ին կայացել է խորհրդարանների կին նախագահների 13-րդ գագաթնաժողովը։ Միջոցառումը հնարավորություն է տվել բարձր պաշտոն զբաղեցնող ու որոշումներ կայացնող կանանց իրականացնել փորձի և գիտելիքների փոխանակում հետաքրքրություն առաջացնող այն հարցերի շուրջ, որոնք ընդգրկված են նրանց ազգային, ինչպես նաև միջազգային օրակարգերում։
Գագաթնաժողովի մի բաժին կրում էր «Կանայք ուշադրության կենտրոնում. Համավարակի դեմ պայքարից մինչև գենդերային արձագանքման վերականգնման ձեռքբերումներիկ պահպանում» խորագիրը՝ ճանաչման և հարգանքի արժանացնելով հասարակության բոլոր շերտերի այն կանանց, որոնք նշանակալի դեր են ունեցել COVID-19 համավարակի դեմ պայքարում: Նպատակն էր նաև կանանց ձեռքբերումները պահպանելու, առաջընթաց գրանցելու ուղիները, ինչպես նաև այն միջոցները, որոնք կօգնեն, որ ոչ մի կին ու աղջիկ ստվերում չմնա։
ԱՊՀ անդամ երկրներից Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը գագաթնաժողովում ներկայացրել են կին խոսնակներ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ռուսաստանը Վիեննայում ներկայացրել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, նրա տեղակալ Գալինա Կարելովան, Ադրբեջանը՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սագիբա Գաֆարովան, Բելառուսը՝ ԱԺ նախագահ Նատալյա Կոչանովան։ Նրանք ներկայացրել են իրենց երկրում գենդերային հավասարության նպատակին հասնելուն, կանանց ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն նրանց ընդգրկվելուն տեղական ու միջազգային կառույցներին։
«Կյանքի բոլոր ոլորտներում տղամարդկանց և կանանց միջև հավասարության հասնելը, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովումը, հասարակության մեջ կանանց դերի բարձրացումը միշտ եղել և կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Բելառուսի կայուն զարգացման ճանապարհին», -ասել է Նատալյա Կոչանովան՝ ավելացնելով, որ Բելառուսն այսօր օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածության իր ցուցանիշով ընդգրկված է աշխարհի երկրների առաջին երեք տասնյակում։ «Կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում պետական մարմիններում, խորհրդարանի անդամների մեկ երերորդը կանայք են»,-ասել է նա։
Գալինա Կարելովան ներկայացրել է համավարակի ընթացքում արձանագրված երկու տարբեր միտումները. «Մի կողմից, կանայք, անկասկած, ավելի խոցելի էին համավարակի պայմաններում: Շատերը բախվեցին ավելի ցածր աշխատավարձի, բիզնեսի կորստի, խնայողությունների կրճատման և պարտքի բեռի ավելացման հետ: Մյուս կողմից, նրանք ցուցադրեցին ավելի մեծ ճկունություն։ Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ իրականացրած մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ճգնաժամային իրավիճակում հայտնված կանայք կարողացել են շատ արագ վերակառուցել իրենց բիզնեսը և գտնել ստեղծագործական լուծումներ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։ Ըստ Գալինա Կարելովայի, սա ևս մեկ անգամ հաստատում է այն գաղափարի ճշմարտացիությունը, ըստ որի ազգային տնտեսությունների կայունությունն ապահովելու նպատակով պետք է ընդլայնել կանանց տնտեսական իրավունքները և հնարավորությունները։ Նա նշել է, որ այս թեմայի քննարկումը կշարունակվի Կանանց Եվրասիական երրորդ ֆորումի ընթացքում, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում այս տարվա հոկտեմբերի 13-15 -ը, և հրավիրել է գագաթնաժողովի պատվիրակներին մասնակցել դրան։
Կին խոսնակների գագաթնաժողովին Վիեննայում հաջորդել են Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովն ու Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության և Ավստրիայի խորհրդարանի կողմից ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ։
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովը մի հարկի ներքո համախմբել էր մոտ 110 խոսնակների 115 ազգային խորհրդարաններից, ինչպես նաև տասնյակից ավելի տարածաշրջանային և խորհրդարանական տարբեր կազմակերպությունների ղեկավարների։ Հայաստանն այդ համաժողովում ներկայացնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը և շրջակա միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին: Խոսնակների ուշադրության կենտրոնում էին նաև հետկոնավիրուսային վերականգնման, ապատեղեկատվությանը հակազդման, քաղաքականությանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ հարցեր։
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունել են հռչակագիր առավել արդյունավետ գլոբալ համերաշխության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել։ Հռչակագիրն ընդգծում է միջազգային համերաշխության և խորհրդարանների միջև համագործակցության կարևորությունը COVID-19 համացարակի վերականգնման ջանքերում: Այդ ջանքերը պետք է պաշտպանեն օրենքի գերակայությունը, ժողովրդավարական սկզբունքները և մարդու համընդհանուր իրավունքները: Վերականգնումը պետք է լինի ներառական, կայուն, կանաչ և ներառի կլիմայի ճգնաժամի նորարարական լուծումներ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 690