Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

Ազգային Ժողովում հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդարանական լսումները ՝ նվիրված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը,  անշուշտ սպասված ու պահանջված էին: Թեև հետևելով լսումների ընթացքին կարելի է վստահաբար ասել, որ կողմերը` թե՛ աղմկահարույց  փոփոխությունները նախաձեռնած  կառավարությունը,  թե՛ դրանց  ընդդիմախոս հանդիսացող ակտիվիստները  ու պարզապես աշխատող կանայք,  որևէ նոր բան չլսեցին. ամեն փաստարկ կողմերն արդեն բազմակի անգամ արդեն հնչեցրել  էին: Պարզապես այս անգամ քննարկմանը մասնակցեցին նաև ԱԺ պատգամավորները, և դա շատ կարևոր  որ, քանի որ հենց նրանք ի վերջո կամ հավանության կարժանացնեն նախագիծը, կամ էլ կմերժեն: Ի դեպ, հատկապես կարևոր էր պարզելու կին պատգամավորների կարծիքը մի նախագծի մասին, որը  յուրօրինակ  «լակմուսի  թուղթ» է հանդիսանում ՝  օրենսդիր մարմնում կանանց շահերն և իրավունքները   պաշտպանելու իրենց պատրաստակամության  առումով :   

 

 

Հեղինե Բիշարյան.

«Մեկ  թե տաս տարի ստաժ ունի, նա պետք է ստանա փոխհատուցում 100 տոկոսով»

 

Պաշտոնական մասից հետո լսումների մեկնարկն իր հարցադրմամբ ազդարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` հստակ ամրագրելով այն առանցքը, որի շուրջ էլ ծավալվեցին հետագա քննարկումները: Նա   կանգ առավ  օրինագծի խնդրահարույց կետերից մեկի վրա, այն ` ըստ աշխատանքային ստաժի տևողության նպաստի հաշվարման  մեխանիզմի: Հիշեցնենք, որ առաջարկվում է նպաստը հաշվարկել  ըստ վերջին գործատուի մոտ   աշխատանքային ստաժի տևողության ՝ 1 տարուց պակաս՝  40 տոկոս, 1-3 տարի՝  60 տոկոս, 3 տարուց ավելի՝  80 տոկոս:

 

«Նման մոտեցումը սխալ է: Կինը ծանր  ֆիզիոլոգիական վիճակում է, այդ վիճակում աշխատանքի գնալը շատ դժվար է ,  ու անկախ նրանից, թե ինչքան է նա աշխատել` մի քանի ամիս, մեկ  թե տաս տարի, նա պետք է ստանա փոխհատուցում 100 տոկոսով»,- հայտարարեց ՕԵԿ-ական կին պատգամավորը` ավելացնելով, որ իր համար դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ նման  մոտեցում է կիրառվում; Նրա խոսքով, իր համար անհասկանանլի են  նախագծում նշված տոկոսները ու եթե նույնիսկ կարելի է ինչ-որ տեղ համաձայնվել 80 տոկոսի հետ, ապա 60, ու առավել ևս  40 տոկոսի հաշվարկը  ուղղակի անտրրամաբանական է  ու  անընդունելի է:

 

Պատգամավորը  մտահոգություն արտահայտեց նաև երեխայի խնամքի համար նպաստի չափի անփոփոխ լինելու վերաբերյալ` նշելով, որ ամսական վճարվող այդ  18 հազար դրամը  փոփոխության չի ենթարկվել շատ երկար ժամանակ, այնինչ դա  օրենքի կոպիտ խախտում է: Բիշարյանը  հիշեցրեց, որ այդ նպաստի չափը օրենսդրությամբ սահմանվում է ըստ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի, այլ կերպ ասած` նպաստը արդեն պետք է լիներ 30 հազար դրամ: Մինչդեռ կառավարությունը  որևէ փոփոխություն չի նախատեսում նաև հաջորդ տարվա համար:

 

Սմբատ Սաիյան.

  «Տոկոսները վերցվել են միջազգային փորձից»

 

Արձագանքելով երկու այս հարցադրումներին  Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը  հիշեցրեց, որ նախագիծը շրջանառության մեջ դրվելուց  էլ, հիմա էլ իրենք պնդում են, որ  այն ենթակա է փոփոխման և լրամշակման և լսումների նպատակը հենց դրանում է` լսել ու նաև հաշվի առնել առաջարկությունները: Ինչ վերաբերում  է  աշխատանքային ստաժի հաշվարկի հետ կապված դժգոհություններին, ապա այդ տոկոսները վերցվել են միջազգային փորձից.

 

«Շատ երկրներում է դա կիրառվում»,- ասաց նա, իսկ երբ Հ.Բիշարյանը և ներկաները պնդեցին, որ նա մատնանշի, թե որ երկրների մասին է խոսքը, արձագանքեց.

 

« 40 տոկոսի հաշվարկումը քիչ աշխատանքային ստաժ ունեցող կանանց համար կիրառվում էր նույնիսկ խորհրդային ժամանակահատվածում: Եվ հիմա էլ  կիրառվում է  հետխորհրդային երկրներում` Լիտվայում, Մոլդովայում: Ավելին` Եվրոպայում գրեթե չկան երկրներ, որոնք 100 տոկոսով են փոխհատուցում  կանանց»,- հայտարարեց նա, ինչն անմիջապես դժգոհության նոր ալիք բարձրացրեց լսարանում: Նույն Հեղինե Բիշարյանը վրդովվմունքով  նկատեց, որ կառավարության ներկայացուցիչը առանց հիմնավորումների հայտարարություններ է անում, ինչի հետ  համաձայնվեց նաև լսումները նախագահող ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Իրավիճակը փրկելու համար միջամտեց անգամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հայտարարելով, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չկա մի երկիր, որտեղ հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում ստանում են  իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում և այդ փոխհատուցումն չի սահմանափակվում: Նշենք, որ ներկաները կասկածի տակ դրեցին նաև այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նախարարի նշված երկրներում աշխատող մայրերին աջակցող հավելյալ այլ մեխանիզմներ  են գործում:

 

Ինչ վերաբերում է երեխայի խնամքի  նպաստների չափի անփոփոխ մնալուն, ապա պարոն Սաիյանը սահմանափակվեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Առավել քան ակնհայտ է, որ խնդիրը ֆինանսների բացակայությունն է»: Ինչին ի պատասխան Հ.Բիշարյանն առաջարկեց փոխել օրենքը և ոչ թե այն շարունակ ոտնահարել, քանի որ օրենքի պահանջը նա է, որ  նպաստի չափը պետք է փոփոխվի նվազագույն աշխատավարձի  հետ զուգահեռ և  համապատասխանի  դրա  60 տոկոսին:

 

 

Էլինար Վարդանյան.

« Փորձում են  պարտավորությունները դնել աշխատող կանանց վրա»՝

 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ  Էլինար Վարդանյանն էլ կառավարությանը հիշեցրեց, որ  եվրոպական տարբեր  երկրներ չունեն  դեմոգրաֆիական այն խնդիրը, որն ունի Հայաստանը, չունեն ծնելիություն խթանելու խնդիր, սակայն կառավարությունը  Հայաստանի և այդ երկրների միջև ոչ կոռեկտ համեմատություններ է անում ՝ մատնանշելով հենց այդտեղ  կիրառվող մեխանիզմները: Վարդանյանի կարծիքով` կառավարությունն  այսօր չի կարողանում վերահսկել  ծախսերը՝ նաև  նպաստների հետ կապված, ու այդ իսկ պատճառով փորձում է վերաձևել օրենքը և պարտավորությունները դնել աշխատող կանանց վրա՝ սահմանափակումներ, տոկոսային հարաբերություններ և այլ  հաշվարկներ  սահմանելով.

 

« Ինձ դա զարմացնում է . հղում եք կատարում եվրոպական երկրներին, թե այնտեղ 30-40 տոկոս է, բայց տարբեր եվրոպական երկրներ այս պահի դրությամբ չունեն արտագաղթի այն տեմպերը, որ այսօր ունի Հայաստանը և երևի թե ճիշտ է այդ ուղղությամբ էլ մտածել: Ես ավելի քան վստահ եմ, որ այս ծախսերը ուղղված են ոչ թե ծնելիության աճին, ծնելիության խթանմանը, այլ նրան, որ գոնե պահպանվի ծնելիության ներկայիս մակարդակը»,- ընդգծեց  Է. Վարդանյանն ու ավելացրեց.

 

«Ծնելիության ներկայիս մակարդակը իսկապես մտահոգիչ է, բայց այն  ավելացնելու համար հարկավոր են այլ մեխանիզմներ և ոչ թե մայրերի շահերի ոտնահարումը: Ինձ համար այս տեսքով նախագիծն անընդունելի է»»,- հավելեց նա:

 

Արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավորին նախարար Ասատրյանն ասաց, որ ծնելիության աճի խթանման համար  ավելացրել են  ծնելիության միանվագ նպաստ՝ երրորդ և չորրորդ երեխաների դեպքում վճարվում է մեկ միլիոն դրամ

 

«Երեք-չորս անգամ նպաստների չափն ավելացել է, բայց ծնելիությունը` ոչ»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը ի պատասխան նախարարի դիտարկմանը:

 

 

Մարգարիտ Եսայան.

«Ես այնպիսի տպավորություն չեմ ստացել, որ  չաշխատող կանանց նպաստը տրվելու է   աշխատողների հաշվին»:

WomenNet.am-ը փորձեց պարզել նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ի նախագահի տեղակալ  , ՀՀԿ խմբակցության անդամ  Մարգարիտ Եսայանի կարծիքը օրինագծի շուրջ: Մեզ հետ զրույցում  Մ. Եսայանն ասաց, որ ներկա գնելով օրինածի սկզբնական ներկայացմանը խմբակցությունում այնպիսի տպավորություն չի ստացել, որ  չաշխատող կանանց նպաստը տրվելու է   աշխատողների հաշվին:

 

«Ես այդպիսի տպավորություն չեմ ստացել ոչ այդ հանդիպման ժամանակ, և ոչ էլ այն ժամանակ, երբ ընթերցում էի  նախագիծը: Բայց քանի որ այն  լուրջ անհանգստություն է առաջացրել աշխատող մայրերի  և աշխատող հղի կանանց  շրջանում , ես կարծում եմ շատ ճիշտ է, որ նման քննարկումներ են ընթանում: Ի վերջո, որևէ նախագիծ կամ օրենք անփոփոխ չէ»,- նշեց նա` վստահություն հայտնելով, որ հասարակության ձայնը լսելի կլինի օրենքի հեղինակների կողմից: Նրա խոսքով, տեղի ունեցած լսումներն էլ դրա ապացույցն են` փորձում են ականջալուր լինել, լսել բոլոր կողմ և դեմ կարծիքները  և արդյունքում ունենալ այնպիսի լուծում, որ հնարավորինս կբավարարի բոլորին.

 

«Ես համոզված եմ, որ այդ դաշտում մենք նոր լուծումների կարիք ունենք, որովհետև օրինակ մինչև այժմ չաշխատող մայրերը նպաստ չէին ստանում: Օրենքի այս նախագիծն, ըստ իս, դրական կողմ ունի, որովհետև չաշխատող մայրերը կստանան նաև երեխայի նպաստ, ինչից մինչ այժմ անարդարացի զրկված են եղել:   Եվ համաձայնվեք, որ այս շերտի համար սա շատ մարդասիրական և դրական լուծում է: Բայց մյուս կողմից, չեմ կարծում, որ այդ նպաստները չաշխատող մայրերը պետք է ստանան աշխատողների հաշվին: Այստեղ պարզապես օրենքի թյուրընկալում  կա , ինչի արդյունքում մոռանում են կարեւորը, որ չաշխատող մայրերը նպաստ են ստանալու:  Իսկ թե ո՞ւմ հաշվին` ավելի մանրամասն կիմանանք հետագայում»,- հավելեց  մեր զրուցակիցը:

 

Ի դեպ նշենք, որ լսումներին ՀՀԿ-ական կին պատգամավորներից ներկա էին միայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Աճեմյանը: Վերջին երկուսը իրենց հարցադրումներով  ավելի շատ հնարավորություն տվեցին նախարարին ներկայացնել  օրինագծի դրական կողմերը: Ինչ վերաբերում է երիտասարդ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանին և Նաիրա Կարապետյանին, ապա WomenNet-ը պարզեց, որ Ն.Կարապետյանը ամուսնացել է վերջերս եւ  այս հարգելի պատճառով էլ ներկա չի գտնվել լսումներին:  Նկատենք, որ  ամուսնական  նոր կարգավիճակը  ակամայից  դարձնում է իրեն քննարկվող օրինագծի  ապագա շահառուներից մեկը , այնպես որ հետաքրքիր կլինի նրա կարծիքը օրինագծի դրական եւ բացասական կողմերի մասին…

 

Աննա Նիկողոսյան.

 « Մենք ուզում ենք կասեցնել  խնդրահարույց  երկու կետերը նախագծում»…

 

Քաղաքացիական ակտիվիստները, որոնք ներկա էին ԱԺ-ում կազմակերպված լսումներին,  ամենևին էլ չեն կիսում Մ.Եսայանի լավատեսությունը, փոփոխություններ  կատարելու   կառավարության պատրաստակամության առումով:  WomenNet.am-ի հետ զրույցում  «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների

 

պաշտպանության հասարակական նախաձեռնության»  անդամ Աննա Նիկողոսյանն ասաց, որ թեև լսումների ժամանակ էլ մի քանի անգամ ասվեց, որ օրենքը կարող է փոփոխվել` իրենք այդ պատրաստակամությունը չեն տեսնում.

 

«Հակառակը` մենք տեսնում ենք ուղղակի, որ կառավարությունը պատրաստ է մի քանի շատ թեթև, ոչ էական փոփոխություններ անել միայն այն հանգամանքից ելնելով, որ դժգոհություն կա եւ դրան ի պատասխան  ասեն, որ նախագիծը ենթարկվել է փոփոխությունների: Մենք հարցեր ենք տալիս, բայց դրանց ադեկվատ պատասխաններ չենք ստանում»,- ասաց նա: Մասնավորապես, Ա.Նիկողոսյանը հետաքրքրվել էր, թե ինչու է կառավարությունը  սխալ  տեղեկատվություն տարածում, իբր եվրոպական երկրներում 100 տոկոս փոխհատուցում կանայք չեն ստանում, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացել:

 

Նա նաև նշեց, որ իրենց համար ամենամտահոգիչ կետը օրինագծում  դա  փոխհատուցման  չափի եւ վերջին գործատուի մոտ աշխատանքային ստաժի  միջեւ կապն է: Դրա հետ մեկտեղ   նպաստի վերին շեմի սահմանումն էլ որևէ տրամաբանության չի ենթարկվում, ուղղակի  ոտնահարվում են բարձր աշխատավարձ ստացող կանանց իրավունքները, ավելին` խախտում  միջազգային իրավունքի մի շարք նորմեր: «Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ մենք չենք ուզում որևէ փոփոխություն այդ կետերում, այլ ընդհանրապես ուզում ենք այդ երկու կետերի կասեցում նախագծում»,- հավելեց Ա.Նիկողոսյանը:

 

Նշենք, որ լսումների ամփոփման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ  Հակոբյանը  մասնակիցներին հորդորեց ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք մանրամասն կքննարկվեն:

 

Էնզելա Մակարյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Դիտումների քանակը` 5099

Գլխավոր էջ