Կանանց համար լավագույն և վատագույն երկրները. Հայաստանը 82-րդ տեղում է
Հայաստանը National Geographic-ի կազմած «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել 167 երկրից։ Ինդեքսը որոշում է կանանց համար լավագույն եւ վատագույն երկրները՝ հաշվի առնելով 11 ցուցանիշներ երեք հիմնական հարթությունում՝ կանանց ներգրավվածությունը պետական կառավարման մեջ, սոցիալական և տնտեսական կյանքում , կանանց համար արդարադատության հասանելիությունը (խտրականությունից ֆորմալ և ոչ ֆորմալ պաշտպանվածությունը), անվտանգության մակարդակը (տանը, ընտանիքում, համայնքում և հասարակությունում):
Հարևան երկրներից Վրաստանը 46-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 123, Թուրքիան՝ 114, Իրանը՝ 118։ ԱՊՀ երկրներից Բելառուսը 38-րդ տեղում է, Ղազախստանը՝ 43-րդ, Ռուսաստանը՝ 51-րդ տեղում է:
Կանանց համար լավագույն երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդեռլանդները: Ռեյտինգով վատագույն երկրներն են ՝ Սիրիան, Աֆղանստանը եւ Եմենը։
Women, Peace, and Security Index –ը կազմվում է ամեն տարի 2017 թվականից և նպատակ ունի գնահատել ու արագացնել կանանց առաջընթացը կյանքի բոլոր բնագավառներում՝ ի նկատի ունենալով այն տեսլականը, որ երկրներն այնքանով են խաղաղ և բարգավաճ, որքանով կանանց տրված են լիարժեք և հավասար իրավունքներ և հնարավորություններ:
Դիտումների քանակը` 2009