Ծանոթացե՛ք նորընտիր կին պատգամավորների հետ
Հունվարի 14-ին նորընտիր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը կհրավիրի իր առաջին նիստը: Նոր խորհրդարանն, ի տարբերություն նախորդ գումարման Ազգային ժողովի, որը 105 պատգամավոր ուներ, 132 պատգամավորներից է կազմված: Խորհրդարանում երեք ուժ է ներկայացված․ «Իմ քայլը» դաշինքն ունի 88 մանդատ, մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, ունի 26 մանդատ, երրորդը՝ «Լուսավոր Հայաստան»-ն ունի 18 մանդատ: Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները իրենց մանդատները ստացան հունվարի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, ընդ որում ։առաջին անգամ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, այլ համակարգչային վիճակաանությամբ ընտրված 28 ընտրողներից:
Յոթերորդ գումարման Ազգային Ժողովի կազմը էականորեն նորացվել է, 132 պատգամավորներից միայն 30-ը ունեն խորհրդարանական աշխատանքի փորձ: Խորհրդարանը նաև երիտասարդացել է, պատգամավորների միջին տարիքը 35 տարեկան է: Նորընտիր պատգամավորներից 32-ը կամ 24%-ը կանայք են, ավելին քան նախորդ գումարման 18%-ը։ Առաջընթացը հիմնականում ապահոված է ռեյտինգային ընտրակարգով անցած կանանց հաշվին. այս ընտրությունների արդյունքներով տարածքային ցուցակներով խորհրդարան են անցել 12 կին, իսկ նախորդ անգամ ընդամենը երկուսը:
Կանանց ամենաբարձր ներկայացվածությունը «Իմ քայլը» դաշինիքի խմբակցությունում է ՝ 88 պատգամավորներից 23-ը կանայք են (26%)։
Նախորդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, 36-ամյա Լենա Նազարյանին թերևս ներկայացնելու հարկ չկա։ Այս ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում նրա օգտին քվեարկել է 11 300 ընտրող: Մասնագիտությամբ լրագրող է, 2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին (2013թ., «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ):
Նույն ընտրատարածքից ԱԺ է ընտրվել նաև նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նրա օգտին քվեարկել է 5087 ընտ րող։ Նա էլ 36 տարեկան է, ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, ՔՊ անդամ է։
Թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է Հռիփսիմե Գրիգորյանը։ Նա ստացել է 4019 ձայն։ Գրիգորյանի խորհրդարան անցնելուն նպաստեց այն, որ նույն ընտրատարածքից առավել շատ ձայներ հավաքած թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտնել։ Նորընտնիր կին պատգամավորի մասին տեղեկությունները շատ չեն։ ԿԸՀ ներկայացրած ընտրական ցուցակից տեղեկանում ենք, որ նա ծնվել է 1988 թվականին, զբոսաշրջության կոմիտեի նախագահն է եղել։
Թիվ 5 ընտրատարածքից Աժ է ընտրվել Տաթևիկ Գասպարյանը, նրա օգտին քվեարկել է 9 390 ընտրող։ Նա անկուսակցական է, 36 տարեկան, Եվրասիա Միջազգային համալսարանի դասախոս, «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս։
Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել Թագուհի Թովմասյանը, ով առավել հայտնի է լրագրողական գործունեությամբ, նա «Ժողովուրդ» թերթի խմբագիրն էր։ Նրա օգտին քվեարկել է 7114 ընտրող։ Թագուհին 36 տարեկան է։
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է Արփինե Դավոյանը։ Նա ստացել է 8139 քվե։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մինչ ընտրվելն եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, 1985 թ. ծնված է։
Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից ԱԺ «գործուղվեց» Լիլիթ Ստեփանյանը։ Նրա օգտին քվեարկել է 3847 ընտրող։ Այստեղից էլ ինքաբացարկ հայտնողներ կան, ինչպես օրինակ մարզպետի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Լիլիթ Ստեփանյանը ՔՊ անդամ է, ծնված 1981 թ., Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետն է եղել։
Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքից ԱԺ են ընտրվել երկու կին: Նրանցից մեկը Շիրակի փոխմարզպետի պաշտոնակատար Սոֆիա Հովսեփյանն է : «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 37 տարեկան է:
Թիվ 11 ընտրատարածքից ընտրված երկրորդ կինը ՝ Նազելի Բաղդասարյանն է: Նա Շիրակի մարզպետի խորհրդականն է եղել մինչ ընտրվելը, 35 տարեկան է:
«Իմ քայլը» դաշինիքի համապետական ցուցակից մանդատ են ստացել.
Մարիա Կարապետյանը. Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ծնված 1988 թ, «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի զարգացման գծով տնօրենն է։
Նարինե Խաչատուրյանը, ով առավել հայտնի է Թուխիկյան ազգանունով։ Թումանյանի տուն թանգարանի տնօրենն է, անկուսակցական, ծնված 1962 թ., երևանի ավագանու անդամ է։
Գայանե Աբրահամյանը, ով առավել հայտնի է իր լրագրողական գործունությամբ, այս տարվա սեպտեմբերին Երևանի ավագանու անդամ էր ընտրվել, անկուսակցական է, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հ/կ, նախագահ, ծնված 1979 թ.։
Լուսինե Բադալյանը, ով հայտնի հեռուստա-, ռադիո հաղորդավար է: Նա էլ կարճ ժամանակ աշխատել է Երևանի ավագանիում։ ՔՊ անդամ է, ծնված 1980 թվականին։
Անուշ Բեղլոյանը– PR մասնագետ է, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, աշխատել է ԵԽ հայաստանյան գրասենյակում՝ որպես փորձագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ծնված 1969 թ.։
Հերիքնազ Տիգրանյանը, փաստաբան է, հայտնի է հասարակական գործունեությամբ, մինչ ընտրություններում առաջադրվելն աշխատել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան, մասնագիտացել է նաև աշխատանքային իրավունքների ոլորտում, անկուսակցական է, ծնված 1972 թ.։
Աննա Կարապետյանը. Առաջին փոխվարչապետի գրաասենյակի ղեկավարն էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ծնված 1977 թ.։
Քրիստինե Պողոսյանը. Առաջին փոխվարչապետի օգնականն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ծնված 1982 թ.։
Թագուհի Ղազարյանը. Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ծնված՝ 1991 թ.։
Սոնա Ղազարյանը. Անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ծնված 1993 թ.։
Մերի Գալստյանը. Բնապահպանության նախարարություն, նախարարի խորհրդական, Ամերիկյան համալսարանի դասախոս, անկուսակցական է, ծնված 1988 թ.։
Տաթևիկ Հայրապետյանը. ԵՊՀ դասախոս է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ծնված 1989 թ.։
Ծովինար Վարդանյանը. H M Tils ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ծնված 1980 թ։
Արուսյակ Ջուլհակյանը. Երևանի ավագանու անդամ էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ծնված 1983 թ.։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հասանելիք 26 մանդատներից 5-ն են բաժին ընկել կանանց (19%): ԲՀԿ-ական կին պատգամավորները բոլորը ներկայացված են եղել նախորդ ԱԺ-ի կազմում։
Նրանցից երկուսն ընտրվել են տարածքային ցուցակներով` թիվ 7 ընտրական տարածքից Նորա Առուստամյանը թիվ 12 ընտրատարածքից՝ Նաիրա Զոհրաբյանը:
Համապետական ցուցակի առաջին մասի կին թեկնածուներից ԱԺ կգնան՝ Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Կարինե Պողոսյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 18 մանդատից 4-ն է բաժին հասել կանանց (22.2%):
Թիվ 4 ընտրատարածքից ընտրված միակ կին թեկնածուն Մանե Թանդիլյանն է, նա միակն կին պատգամավորն էր, որ 2017-ին ընտրվեց ռեյտինգային ցուցակից։ Այս անգամ նրա օգտին քվեարկել է 3 636 ընտրող։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարն է, եղել է ԱԺ «Ելք» խմբակցության կազմում։
Համապետական ցուցակից մանդատ են ստացել .
Սամսոնյան Անին, Երևանի ավագանու անդամ է, մասնագիտությամբ լրագրող է, եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, ապա «Ելք» դաշինքի մամուլի քարտուղարը։ 28 տարեկան է։
Կոստանյան Աննան, մասնագիտությամբ լեզվաբան է, սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ինչպես նաև՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։ 2015 թ–ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է, 2018 թ-ի փետրվարից՝ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ծնված 1987 թ.։
Գրիգորյան Սրբուհին, Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավարն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, ծնված 1974 թ.։
Հ. Կարապետյան
Լուսանկարները մանդատների հանձնման
հանդիսավոր արարողությունից՝
Լիլիան Գալստյանի
Դիտումների քանակը` 3898