Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. առավելությունների գաղտնիքը

 

 

Միջազգային մամուլը՝  մեկնաբանելով Նոր Զելանդիայից եկող բարի լուրերը կորոնավիրուսի  հաղթահարման մասին, միակարծիք է , որ այդ  հաղթանակը  երկրի վարչապետ՝ Ջասինդա Արդերնի  հաջող կառավարման արդյունք է: Հատկանշական է նաև, որ կորոնավիրուսի համավարակի  հենց սկզբից մեդիան ուշադրության կենտրոնում էր պահում  տարբեր երկրներ ղեկավարող կին առաջնորդների  ճգնաժամային  կառավարման արդյունավետությունը։

 

 

The Conversation պարբերականն այս առումով հետաքրքիր վարկած է առաջ քաշում՝ պնդելով, որ կին առաջնորդների  հաջողությունը պատահական չէ, և ունի շատ ավելի  խորքային պատճառներ, քան  կարող է թվալ առաջին հայացքից:  Անդրադառնանք հոդվածի բովանդակությանն որոշ  մանրամասներին:

 

 

 

-Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Թայվանում և Նոր Զելանդիայում կին առաջնորդների գործողությունները վկայակոչվում են որպես այն իրողության աապացույց, որ կանայք ավելի լավ են ղեկավարում ճգնաժամը, քան իրենց տղամարդ գործընկերները, – գրում է պարբերականը՝ նշելով, որ ճկունությունը, պրագմատիզմը, բարեսրտությունը, հավաքական մտքի նկատմամբ վստահությունը, փոխօգնությունը և խոհեմությունը նշվում են որպես կին առաջնորդների հաջողությանը նպաստող  ընդհանուր հատկություններ:

 

 

Հարցն իրականում ավելի բարդ է,  խորքային ու բազմաշերտ, քան այն եզրակացությունը, որ  կանայք ավելի լավ առաջնորդներ են, քան տղամարդիկ, պնդում  է պարբերականն՝ առաջ քաշելով  հետևյալ վարկածը.

 

 

 

– Ի՞նչ կասեք այն մասին, որ  վերոհիշյալ երկրներն ավելի արդյունավետ կերպով են ղեկավարում համաճարակը ոչ թե այն պատճառով, որ դրանց ղեկավարները կանայք են, այլ  այն, որ այդ երկրներում կանանց ղեկավարի պաշտոնում  ընտրելը հասարակության որոշումն է եղել, այն հասարակության, որում կանանց ու տղամարդկանց հավասարությունը որպես նորմ է ընկալվում և որում տարբեր օղակներում կանանց մեծ ներկայացվածությունն ապահոված է պատշաճ կերպով:  

 

 

Իշխանության մեջ կանանց առավել մեծ ներգրավվածությունը թույլ է տալիս ճգնաժամը դիտարկել ավելի համակողմանի,  հնարավորություն է տալիս  խնդիրների առավել ամբողջական լուծումներ գտնելու համար, քան դա կարող  է լինել միատարր իշխանության պարագայում։

 

 

 

Գենդերային հավասարություն ունեցող երկրներն  ավելի լավ են ղեկավարում համաճարակը

 

 

Եկեք տեսնենք, թե ինչպես է աշխատում այս վարկածը՝ հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի՝  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների գենդերային հավասարության վերաբերյալ ամենամյա  զեկույցի  տվյալների  վրա  (Global Gender Gap Report 2020

 

 

Գենդերային հավասարությունը, որը մարդու իրավունքների անբաժանելի մասն է, ենթադրում է սեռերի իրավահավասարություն, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները մասնակցելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական  մշակութային զարգացման գործընթացներին և հավասարապես օգտվելու հասարակական բարիքներից և ռեսուրսներից:

 

 

Համաշխարհային տնտեսական ֆորումը երկրները դասակարգում է առողջապահության, կրթության, աշխատանքի և այլ ոլորտներում սեռերի հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների գնահատման արդյունքներով: Պարզվում է, համավարակի դեմ արդյունավետ կերպով պայքարող երկրներն այս աղյուսակում բավականին բարձր դիրք ունեն։

 

 

Զեկույցը նաև ցույց է տալիս, որ այդ նույն երկրները բարձր ցուցանիշներ ունեն, երբ խոսքը վերաբերում է կառավարման խորհուրդներում կանանց ներկայացվածությանը: Սա էլ իր հերթին թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ գենդերային առումով հավասարակշռված հասարակություններն ավելի լավ են կառավարվում:
Այդ երկրներում իշխանությունն ուժեղացմանն նպաստում է  երկու սեռերի՝ միմյանց լրացման բնույթը, և այս փաստը հաստատվում է  նաև McKinsey խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ որոնց այն բիզնեսներում, որտեղ սեռերը հավասար են ներկայացված, ֆինանսական առումով ավելի լավ վիճակ է։

 

 

Արդյո՞ք գենդերային հավասարության  բարձր մակարդակ ունեցող երկրները այլ կերպ են կառավարվում: Կարելի է նկատել, որ դրանցում  առաջնորդությունն առաջ է մղվում այսպես կոչված «կանացի հատկություններով», ինչպիսիք են կարեկցելը,  ցավակցելը, ականջալուր լինելը,  համագործակցելը: Հարկ է նշել, որ այս  հատկանիշները տարբերվում են այն բնութագրերից, որոնք ասոցացվում են ավանդական կառավարման և վերահսկողության իրականացման հետ և վերագրվում են տղամարդկանց: Այս տարբերությունները արտացոլում են մեր հասարակություններում առկա կարծրատիպերն ու կողմնակալությունները:  Դրա հետ մեկտեղ, դա չի նշանակում , որ կանայք չեն տիրապետում տղամարդկանց վերագրվող կառավարման հմտություններին, և հակառակը:

 

 

 

Պահանջվում է «կանանց տիպի» ղեկավարում

 

 

Սա նշանակում է, որ գենդերային հավասարակշռված միջավայրում  ծնվում են  ավելի ոիժեղ ու կայուն որոշումներ: Այս միջավայրերը ներկայացնում են նաև այնպիսի առաջնորդություն, որտեղ գերակշռում են այսպես կոչված  «կանանց» արժեքները։

 

 

21-րդ դարի մարտահրավերները պահանջում են առաջնորդության նոր տիպ, որը տարբերվում է հրամայական տիպի կառավարումից: Այս մարտահրավերները ներառում են կլիմայի փոփոխությունը, առողջությունը, շրջակա միջավայրը, Երկիր մոլորակի ռեսուրսների սպառումը, բնակչության ծերացումը և տաղանդների նվազումը,  արտադրության և ներդրումների վիրտուալ կառավարումը և նոր տեխնոլոգիաների զարգացումը:

 

 

 

Առաջնորդության այս նոր տեսակը հիմնականում ներառում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ճկունությունը, քաջությունը, լսելու ունակությունը, կարեկցելը, համագործակցելը, հոգատարությունը և հավաքական ներդրման ճանաչումը:  Բոլորի ինտելեկտի մասնակցությունը դառնում է հաջողության բանալին: Սրանք բոլորը ավանդաբար «կանացի» կառավարման բնութագրիչներ են։

 

 

 

21-րդ դարի խոչընդոտները հաղթահարելու և հաջողակ լինելու համար կազմակերպությունները և երկրները պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնեն իրենց ներուժի և տաղանդների աղբյուրները ՝ առաջնահերթություն տալով գենդերային զգայուն մոտեցումներին:

 

 

Թարգմանեց Հ. Կարապետյանը

 

 

Նյութն ամբողջությամբ այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. առավելությունների գաղտնիքը

 

Ջասինդա Արդերնի ղեկավարած Նոր Զելանդիան հաղթեց COVID 19-ի դեմ մարտում

 

«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են». միջազգային մամուլ

 

COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում

 

 

 

Դիտումների քանակը` 1751

Գլխավոր էջ