Նորարար կին գիտնականներն արժանացան L’Oréal-ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակների
Գիտության մեջ կանանց ներգրավվման շուրջ 1998 թվականից համագործակցող L’Oréal հիմնադրամն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերթական անգամ հայտարարել են հինգ գիտնական կանանց անունները, ովքեր արժանացել են «Կանայք գիտության մեջ» մրցանակի՝ տարբեր ոլորտներում իրենց նորարար հետազոտությունների համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, վերջին տարիներին գիտության դերն ու նրա առաջ կանգնած մարտահրավերները դարձել են առավել արդիական, քան երբևէ, և որպեսզի գիտությունը դառնա արդյունավետ, այն պետք է ներգրավի բոլոր տաղանդավորների ներուժը։ «Աշխարհը գիտության կարիքն ունի, իսկ գիտությունը՝ կանանց»։ Ահա այս կարգախոսով են համագործակցում հիմադրամն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իսկ այդ շրջանակում արդեն 117 կին արժանացել է մրցանակի։
«Գիտական գործունեությամբ զբաղվելու կանանց համար հնարավորությունների ընձեռումը կարևոր նշանակություն ունի հավասարություն ապահովելու համար, որն օգուտ է բերում ողջ մարդկության զարգացման առումով: Այդ պատճառով մենք հպարտությամբ ենք հայտարարում 24-րդ միջազգային մրցանակի արժանացած հինգ կանանց անունները կյանքի ու շրջակա միջավայրի գիտությունների կատեգորիայում»,-հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։
Հաղթողներն ընտրվել են անկախ ժյուրիի կողմից, որը գլխավորել է պրոֆեսոր Բրիջիթ Քեֆֆիրը, ով նույն մրցանակին է արժանացել 2014 թվականին։ Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 100 հազար եվրո իր ակնառու ձեռքբերման համար։ Դափնեկիրներ կանայք տարբեր աշխարհամասերից են, մրցանակների են արժանացել բնական գիտությունների և առողապահության ոլորտում ունեցած նորարար ներդրման համար:
Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ջրավազանի տարածաշրջանից հաղթող է ճանաչվել Մարիա Գուադալուպե Գուսման Տիրադոն (ծնված՝ 1952 թ.), ով զբաղվում է ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտություններով: Նա Կուբայի արևադարձային բժշկության ինստիտուտի հետազոտությունների կենտրոնի տնօրենն է։ Կին հետազոտողը պարգևատրվել է դենգե տենդի, բուժման ուղղությամբ կատարած նորարար ուսումնասիրության համար, որը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ հիվանդության պաթոգենեզը, ախտանիշների կառավարումը և կանխարգելումը: Դենգե տենդով, որը հայտնի է նաև որպես արևադարձային գրիպ, ամեն տարի 50-100 միլիոն մարդ է հիվանդանում:
Հյուսիսային Ամերիկայից մրցանակին արժանացել է պրոֆեսոր Կատալին Լարիկոն (ծնված՝ 1952 թ.), որ հետազոտություններ է իրականացրել բիոքիմիայի ոլորտում։ Նա պարգևատրվել է սուրհանդակային ՌՆԹ տեխնոլոգիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Նրա աշխատանքը հանգեցրել է բեկման ՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութերի մշակման գործում:
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից ընտրվել է պրոֆեսոր Հայլան Հուն (ծնված՝ 1973 թ.), որը հետազոտություններ է իրականացնում նեյրոգիտության ոլորտում։ Նա Չինաստանի Չժեցզյան քաղաքի համալսարանի Բժշկության ֆակուլտետի նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր է, ինչպես նաև գործադիր տնօրենը։ Պարգևատրվել է նյարդագիտության բնագավառում կարևոր հայտնագործությունների համար, մասնավորապես ՝ դեպրեսիայի դեմ աշխատանքի համար, ինչի արդյունքում դեպրեսիայի բուժման նոր սերնդի դեղամիջոցներ են ստեղծվել։
Աֆրիկայից ու Արաբական պետություններից ընտրվել է պրոֆեսոր Ագնես Բինագվահոն (ծնված 1958 թ.)։ Նա ներկայացնում է հանրային առողջապահության ոլորտը։ Նա Ռուանդայում՝ Կիգալի Համալսարանի մանկաբուժության բաժնի պրոֆեսոր է, համալսարանի պրոռեկտոր։ Պարգևատրվել է Աֆրիկայի, հատկապես Ռուանդայի ամենախոցելի շերտերի համար հանրային առողջության նոր համակարգի ստեղծման գործում ունեցած առանցքային դերի համար: Նրա աշխատանքը հանգեցրել է ՄԻԱՎ -ի, մալարիայի և տուբերկուլյոզի բուժման մատչելիության և հասանելիության բարձրացմանը:
Եվրոպայի տարածաշրջանից ընտրվել է Մարիա Անխելը (ծնված 1960 թ.), նրա հետազոտությունները սաղմնաբանության ոլորտում են։ Նա Իսպանիայի Սան-Խուան-դե-Ալիկանտե համալսարանի նյարդաբանության ինստիտուտի պրոֆեսոր է։ Պարգևատրվել է սաղմի զարգացման ընթացքում բջիջների տարբերակման բնագավառում հիմնարար հայտնագործությունների համար: Նրա աշխատանքը ճանապարհ է բացել քաղցկեղի բուժման և այլ հյուսվածքներում դրա տարածման բուժման նոր մոտեցումների մշակման համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գիտության մեջ թվային տեխնոլոգիաների վերաբերյալ այս տարվա հունիսին հրապարակված զեկույցի համաձայն, գիտությամբ զբաղվող կանանց թիվը շատ դանդաղ է աճում։ Կանայք հետազոտղների 33% են կազմում ողջ աշխարհում, իսկ Նոբելյան մրցանակակիրների միայն 4%-ը։ Այս անհավասարությունը առավել տեսանելի է տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտներում, որտեղ մասնագետների 22%-ն են կանայք։ Մեկ այլ հետազոտության համաձայն, կանայք շարունակում են ավելի քիչ գումարներ, այդ թվում դրամաշնորհներ ստանալ իրենց հետազոտություններն իրականացնելու համար, քան տղամարդիկ:
1998-ից ի վեր՝ L’Oréal-ՅՈՒՆԵՍԿՕ ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ցուցաբերվել 122 դափնեկիրների, ինչպես նաև ավելի քան 3800 երիտասարդ տաղանդավոր գիտնականների, ասպիրանտների աշխարհի 1158 երկրներից։ Ծրագրի նպատակն է աջակցել կանանց գիտական կարիերայի կայացման և իրենց ներուժը դրսևորելու հարցում:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 845