Կանանց ներկայացվածությունը նորընտիր խորհրդարանում 33.6% է

 

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրային որոշմամբ հաստատել  է  8-րդ գումարման Ազգային Ժողովի մանդատները և հրապարակել պատգամավորների անունները:  Ըստ այդմ նորընտիր խորհրդարանում 107 պատգամավոր կլինի: Նրանցից 36-ը կամ  33.6%-ը  կանայք են:  

 

 

Առաջին անգամ  կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում  գերազանցեց  քվոտան, և դրան մեծապես աջակցեց անցումը  պարզ համամասնական ընտրակարգի առանց տարածքային ցուցակների: Հիշեցնենք, որ արտահերթ  խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը ներկայացրել էին իրենց  ցուցակներում միջինում  33.6%  կին թեկնածուներ, և դա ավելին է, քան Ընտրական օրենսգրքով  ամրագրված քվոտայի պահանջը, ըստ որի կուսակցությունների ցուցակներում  թեկնածուների համամասնությունը ըստ սեռի առնվազն 30/70 է:  Խորհրդարանում կանանց ներկայացվածության զգալի ավելացման հետ մեկտեղ (նախորդ գումարման կազմում կին պատգամավորները  23.5% են կազմել ), դեռևս պարզ չէ թե ինչ չափով են կանայք ներկայացված լինելու ԱԺ ղեկավարության կազմում:  Նախնական տեղեկությունների համաձայն, խոսնակի,  փոխխոսնակների, խմբակցության ղեկավարների  պաշտոններում  առաջադրվելու համար միայն տղամարդկանց անոււններ են շրջանառվում…

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  71 պատգամավորից 24-ը կամ 34%-ը  կանայք են:  Կւսակցության ընտրական ցուցակում կանանց ներկայացվածությունը  նույնպես 34% էր:

 

 

Նրանց մեծ մասը հանրությանը հայտնի են, քանի որ ներկայացված են եղել 7-րդ գումարման Ազգային ժողովում: Նշենք, որ  «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից  ինքնաբացարկ հայտնածների թվում են Լիլիթ Մակունցը, որը մանդատից հրաժարվել է, քանի որ մեկնում է ԱՄՆ ՀՀ դեսպանի կարգավիճակով, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ով, ըստ լուրերի, կվերանշանակվի այս պաշտոնում և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

 

 

 

Մանդատները կստանան.

 

Նազարյան Լենան ,  Դավոյան Արփինեն , Բաղդասարյան Նազելին , Տիգրանյան Հերիքնազը ,  Ջուլհակյան Արուսյակը, Կարապետյան Մարիան , Վարդանյան Ծովինարը ,  Գրիգորյան Հռիփսիմեն ,  Ղազարյան Սոնան ,  Բաթոյան Զարուհին ,  Ստեփանյան Լիլիթը , Գալստյան Մերին ,  Գասպարյան Տաթևիկը ,  Մանավազյան Արուսյակը ,  Ղազարյան Թագուհին ,  Բադալյան Լուսինեն ,  Պողոսյան Քրիստինեն ,  Ղազարյան Մարինան ,  Բեղլոյան Անուշը ,  Պալյան Էմման ,  Մինասյան Լիլիթը ,  Հակոբյան Հասմիկը ,  Պողոսյան Մարիամը ,  Հունանյան Հռիփսիմեն :

 

 

 

«Հայաստան» խմբակցության  29 պատգամավորից  10-ը  կամ 34.5%-ը կանայք են: Դաշինքն իր ընտրական ցուցակում  31 % կին թեկնածուներ էր ընդգրկել:

 

 

Մանդատները կստանան.

 

 

Գրիգորյան Աննան , Գալստյան Լիլիթը , Վարդանյան Էլինարը , Վարդանյան Քրիստինեն , Խամոյան Ագնեսան , Ստամբուլյան Հռիփսիմեն , Կիրակոսյան Ելենան , Կյուրեղյան Արմենուհին , Մանուկյան Արեգնազը , Միրզոեւա Զեմֆիրան :

 

 

 

«Պատիվ ունեմ» խմբակցության  7 պատգամավորից  2-ը կամ 28.6%-ը կանայք են: Դաշինքի  ընտրական ցուցակում կանանց ներկայացվածությունն ավելի բարձր էր՝  35 % էր:

 

 

Մանդատները կստանան Մկրտչյան Աննան  և Թովմասյան Թագուհին :

 

 

 

Ինչպե՞ս են ներկայացված լինելու կանայք ԱԺ ղեկավար կազմում

 

 

Այս պահին դեռևս հստակեցված չէ ինչ չափով են ներկայացված լինելու կին պատգամավորները Ազգային ժողովի ղեկավար կազմում, սակայն որոշ տեղեկություններ արդեն կան:    

 

 

Հայտնի է, որ խմբակցության ղեկավար կնշանակվի Հայկ Կոնջորյանը, իսկ քարտուղարը կին կլինի՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

 

 

 

 «Հայաստան» խմբակցության ղեկավարի և քարտուղարի դերը կստանձնեն նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը: Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար կլինի Արթուր Վանեցյանը: Քարտուղարի հարցում դեռ որոշում չկա:

 

 

 

Դատելով նախնական տեղեկություններից, 8-րդ գումարման ԱԺ նախագահությունը բացռապես տղամարդկանց դեմքով է ներկայացված լինելու, թեև 2007 թվականից սկսած փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել՝  Արևիկ Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Արփինե Հովհաննիսյան, Լենա Նազարյան…  Նորընտիր խորհրդարանի խոսնակի թեկնածու է համարվում Ալեն Սիմոյանը, փոխխոսնակների պաշտոններում առաջադրվելու են Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: Ընդդիմությունից փոխնախագահի հարցը դեռ քննարկվում է, բայց մամուլում արդեն իսկ շրջանառվում են  Իշխան Զաքարյանի կամ Իշխան Սաղաթելյանի անունները:

 

 

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:  Նիստի ընթացքում կկայանան խորհրդարանի  նախագահության, հանձնաժողովների նախագահների ընտրություններ :

 

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1305

Գլխավոր էջ