Կանանց ներկայացվածությունը գործադիրում և կանանց հիմնախնդիրներին անդրադարձը կառավարության ծրագրում

 

 

  • Աշխարհի ընդամենը 22 երկրներում կանայք զբաղեցնում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարների դերը

 

  • Աշխարհում նախարարի պաշտոն զբաղեցնող անձանցից 21.9%-ը կանայք են

 

  • 16 երկրներում կանանց բաժին է հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը:

 

  • 14 երկրների կառավարությունների կազմում կանանց մասնաբաժինը 50 տոկոս և ավելի է:

 

  • Հայաստանում կանայք վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոն երբևիցե չեն զբաղեցրել: Գործող կառավարության   կազմում  (վարչապետ, 2 փոխվարչապետներ, 12 նախարարներ) միայն մեկն է կին, ինչը  7%  է կազմում

 

 

Կանանց ներկայացվածությունը գործադիրում նվազել է

 

 

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախարարների նշանակումներից հետո կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարն ազդարարեց կառավարության ամբողջական կազմի մասին։

 

 

Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ գործադիրի 15 անդամներից միայն մեկն է կին, ինչը կազմում է մոտ 7%։ Նորանշանակ կառավարությունում կշարունակի պաշտոնավարել առողջապահության նախարար  Անահիտ Ավանեսյանը։

 

 

Համեմատության համար նշենք, որ նախորդ ընտրություններից հետո ձևավոևվա կառավարությունում էլ միայն մեկ կին նախարար կար՝  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էր։ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար, երբ Արցախայան պատերազմից հետո Զարուհի Բաթոյանը պաշտոնանկ էր արվել։

 

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի ձևավորած առաջին կառավարությունում երկու կին նախարար կար, իսկ նախորդ իշխանության օրոք միայն մի անգամ է եղել նախարարների կաբինետ,  որի կազմում 3 կին նախարար կար:  

 

 

2019-ի սեպտեմբերին կառավարության կազմում մեկ կին նախարար կար, այնուամենայնիվ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  իր էջում  նշեց, որ  «մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին», քանի որ  իր կաբինետի կազմում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն…

 

 

Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարը հինգ տեղակալ ունի,  նրանցից միայն երկուսն են կին՝ Ծովինար Սողոմոնյանն առաջին տեղակալն է և Զարուհի Մաթևոսյանը։ Փոխնախարարների պաշտոններում կանանց թիվը նույնպես նվազել է,  այս պահին ընդամենը 7 կին փոխնախարար կա։

 

 

Ի դեպ,  թեև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով  և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները  համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝   «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»: 

 

 

Նշենք նաև, որ այսօր 12 նախարարություններից միայն 5-ում են, որ կին փոխնախարարներ կան։

 

 

Այսպես՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի չորս տեղակալներից երկուսն են կանայք՝ Տաթևիկ Ստեփանյանն ու Աննա Ժամկոչյանը։

 

 

Արդարադատության նախարարն այս պահին երեք տեղակալ ունի, նրանցից միայն մեկն է  կին՝ Քրիստինե Գրիգորյանը։

 

 

Շրջակա միջավայրի նախարարությունում  երկու փոխնախարարներն էլ կանայք են՝ Աննա Մազմանյանը, Գայանե Գաբրիելյանը, ով նշանակումից հետո  շատ արագ հայտի դարձավ Տիկ Տոկում հրապարակած տեսանյութերի շնորհիվ։

 

 

Առողջապահության նախարարի երեք տեղակալներից մեկն է կին՝ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

 

 

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի հարցերի նախարարը հինգ տեղակալ ունի, նրանցից միայն մեկն է կին՝ Ժաննա Անդրեասյանը։

 

 

Մյուս գերատեսչություններում՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարություններում կին փոխնախարարներ չկան։

 

 

Նախարարությունների կառուցվածքում ներառված ոչ մի ծառայություն, կոմիտե կին չի ղեկավարում։ Միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն  շարունակում է նախագահել  Տաթևիկ Ռևազյանը։

 

 

Վարչապետին ենթակա երեք մարմիններից՝ ԱԱԾ, ոստիկանություն, պետական վերահսկողության ծառայություն, ոչ մեկ կին չի ղեկավարում։ Կառավարության ենթակա  11 մարմիններից որևէ մեկը կին չի ղեկավարում։

 

 

Այս մարմիններում  էլ կանայք ներկայացված են  լավագույն դեպքում ղեկավարի տեղակալի կարգավիճակում, օրինակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավորի երկու տեղակալներից մեկն է կին՝ Գոհար Դարբինյանը, Կադաստրի կոմիտեի նախագահի երեք տեղակալներից մեկն է կին՝  Նարինե Ավագյանը, ՊԵԿ նախագահի չորս տեղակալներից մեկն է կին՝ Շուշանիկ Ներսիսյանը, Կրթական տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ կանայք են՝ Ռաիսա Գալստյանն ու Նարա Հովհաննիսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկն է կին՝ Նունե Պետրոսյանը։ Մյուս մարմիններում  թեկուզ տեղակալների մակարդակում կանայք ներկայացված չեն։

 

 

Ընդհանուր առմամբ, գործադիրում կանանց ներկայացվածությունը զգալիորեն նվազել է։ Դա հատկապես տեսանելի է խորհրդարանում կին պատգամավորների ներկայացվածության աճի համեմատ, ինչը հնարավոր չէր լինի ապահովել առանց քվոտայի կիրառման։

 

 

 

 

Կանանց հիմնախնդիրներին անդրադարձը կառավարության ծրագրում

 

 

Ի դեպ, 2021-2026 թ.թ.  ՀՀ կառավարության ծրագրում  կանանց մասին 7 հիշատակում կա, գենդերային հավասարության մասին՝ մեկ։ Այսպես, ծրագրով նախատեսվում է.

 

 

  1. Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:
  2. Առանց տնտեսապես ակտիվ քաղաքացիների տեսակարար կշռի զգալի աճի հնարավոր չէ տնտեսական աճի ապահովումը, որը ենթադրում է նաև տնտեսական կյանքում կանանց և  երիտասարդների մասնակցության դերի զգալի աճ:
  3. Հայաստանի տնտեսության մեջ կանանց և երիտասարդների ազդեցությունը բարձրացնելու նպատակով իրականացվելու են միջազգային շուկաներում վերջիններիս գործարար կապերի և  մրցունակ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր:
  4. Տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվելու են կանանց ներգրավման, մասնավորապես աշխատանքը և մայրությունը համատեղելու համար առավել լայն հնարավորություններ։ 
  5. Բարձրացվելու են զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդրվելու են նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը։ Երեխա ունեցող ծնողների համար շարունակելու են բարելավվել աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները։
  6. Ընդլայնվելու են մարզերում և Երևանում գործող ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող աջակցության տեսակները և  մատուցվող ծառայությունները, նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով ներդնել կանանց տնտեսական զարգացմանն ու հզորացմանն ուղղված աջակցության նոր տեսակներ։
  7. Մշակվելու և իրականացվելու են գենդերային հավասարությանը հասնելուն ուղղված պետական նպատակային ծրագրեր և  միջոցառումներ՝ միտված հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց և  տղամարդկանց հնարավորությունների միջև  անհավասարության վերացմանը։

 

 

Այս պահին, դատելով կառավարության կազմից, կարելի է փաստել, որ դե-ֆակտո այն դեռևս չափազանց հեռու է գենդերային անհավասարության վերացման նշաձողից:   

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 1396

Գլխավոր էջ