Կանայք թվային աշխարհում․ խոսե՛նք փաստերով / տեսահոլովակ
Ապրիլի 27-ը «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրն է: Այն նշվում է ողջ աշխարհում ապրիլ ամսվա վերջին շաբաթվա չորրորդ օրը՝ սկսած 2011 թվականից` նպատակ ունենալով խրախուսելու կանանց ներգրավվածությունը Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում: Այս տարի օրն անցնում է «Թվային հմտությունները կյանքում»/ Digital Skills for Life կարգախոսի ներքո։
Թվային դարաշրջանը աննախադեպ հնարավորություններ է ստեղծում կանանց և աղջիկների հզորացման համար։ Թվային տեխնոլոգիաներն այսօր բոլոր ոլորտներում կանանց առաջնորդության գրավական են հանդիսանում։ Սակայն թվային ոլորտում առկա գենդերային խզումը թույլ չի տալիս կանանց դրսևորել իրենց ներուժը, զարգացող տեխնոլոգիաները նաև անհավասարության նոր ձևեր և վտանգներ են բերում իրենց հետ։ Աշխարհն այսօր կանգնել է երկընտրանքի առջև՝ թույլ տալ, որ թվայնացումը խորացնի առկա անհավասարությունները, կամ գործի դնել նոր տեխնոլոգիաներն ավելի ապահով, կայուն, ավելի արդար ապագա ստեղծելու համար:
Պատահական չէ, որ այս տարի Կանանց միջազգային օրն ու ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) 67-րդ նստաշրջանն անցան «Թվայնացում․ Նորարարությունն ու տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար» կարգախոսի ներքո։
«Կանայք թվային աշխարհում․ խոսե՛նք փաստերով» տեսահոլովակը նպատակն է ներկայացնել՝ ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը թվային ոլորտում՝ կանանց առաջընթացն ու առաջնորդությունն ապահովելու համար։ Տեսահոլովակի առաջին մասն անդրադառնում է առօրյա կյանքում թվային տեխնոլոգիաների օգտագործման խնդիրներին, երկրորդ մասը՝ ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության, մասնագիտական կրթության և կարիերայի աճի հարցերում առկա ձեռքբերումներին և անհավասարության դրսևորումներին։
Տեսահոլովակը պատրաստվել է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Դիտումների քանակը` 1024