Կանայք կարող են խաղաղություն կերտել

«Մենք ներկայացնում ենք այլընտրանք՝ ցույց տալով, որ կանայք կարող են ներգրավված լինել նաեւ խաղաղաշինության  գործընթացներում»,- հայտարարում են «Հայաստանի սեւազգեստ կանայք»: Նախաձեռնող խումբը երեկ Հյուսիսային պողոտայում հանրային միջոցառում էր կազմակերպել՝ «Խաղաղությունը կնոջ ձեռքերով» խորագրով:

 

«Հայաստանի սեւազգեստ կանայք» ակտիվ երիտասարդներ են ՀՀ տարբեր մարզերից եւ Երեւանից, ովքեր դեմ են պատերազմին, ռազմամոլությանը եւ բռնությանը:

 

Խմբի անդամները սեւ կտորի վրա ներկայացրել էին, թե պատերազմն ու միլիտարիզմը ինչ հետեւանքներ է ունենում աշխարհում, իսկ կանաչ կտորի վրա ներկայացված էր, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե պատերազմ չլիներ:

«Կնոջ եւ տղամարդու մոտեցումը խաղաղության հասնելու հարցում տարբեր է: Ես շատ տղամարդկանց եմ ճանաչում, ովքեր ասում են, որ խաղաղության պետք է հասնել հենց պատերազմի միջոցով, իսկ կանանց համար խաղաղության հասնելու միջոցը այլ է, օրինակ՝ բանակցությունները»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի սեւազգեստ կանայք» խմբի անդամ Նարե Ղափանցյանը:

 

Հանրային միջոցառման ժամանակ խմբի անդամները անցորդների կարծիքն էին հարցնում խաղաղաշինության գործընթացներում կնոջ դերակատարման մասին:  «Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ կանայք եւս պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն ընդդեմ պատերազմի: Շատերն էլ նշում են, որ մայրերը պետք է իրենց երեխաներին այնպես դաստիարակեն, որ նրանց համար զենքը լինի վերջին գործիքը, որ պետք լինի կիրառել», – հարցման արդյունքներն է ամփոփում Մարինե Ադամյանը:

 

Անուշ Խաչատրյանն էլ նշում է, որ կանանց նախ եւ առաջ պետք է ակտիվացնել եւ ներգրավել քաղաքացիական շարժումներում: «Մենք չենք կարող ակնկալել, որ տնային տնտեսուհիները դուրս կգան խոհանոցից ու կսկսեն բանակցել Մինսկի խմբի հետ: Մենք հասկանում ենք, որ կանայք որոշակի փուլեր պիտի անցնեն, որպեսզի իրենք էլ որոշիչ դեր ունենան ազգային անվտանգությանը վերաբերող պետական կարեւոր որոշումներ կայացնելու գործընթացում»,- «WomenNet.am»-ին ասաց ակտիվիստը:

 

Միջոցառման ժամանակ «Հայաստանի սեւազգեստ կանայք» խմբի անդամները անցորդներին տեղեկատվական թերթիկներ էին բաժանում, որոնք վերաբերում էին կնոջ ներգրավվածությանը պետության համար կարեւոր հարցերում:

 

Թերթիկներից մեկն էլ պարունակում էր Զապել Եսայանի հետեւյալ խոսքերը. «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 4901

Գլխավոր էջ