Կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միջինում 36․6% է

 

 

ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում առաջադրված 22  կուսակցությունների և կուսակցությունների 4  դաշինքների ընտրական ցուցակները:

 

Հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետևյալ հերթական համարները.

 

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն
  2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  5. Ազատություն կուսակցություն
  6. «Պատիվ ունեմ» դաշինք
  7. Միասնական հայրենիք կուսակցություն
  8. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
  9. Լուսավոր հայաստան կուսակցություն
  10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
  11. «Հանրապետություն» կուսակցություն
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
  13. Ազատ հայրենիք դաշինք
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
  18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
  20. Վերելք կուսակցություն
  21. Ազատական կուսակցություն
  22. «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
  23. Հայաստանի Եվրոպական կուսակցություն
  24. Հայաստան դաշինք
  25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։

 

 

 ԿԸՀ -ի կողմից  հրապարակված տվյալների համաձայն  ընտրությունների մասնակից 26 քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ ներկայացրել են իրենց ցուցակներում 2613 թեկնածու, որոնցից  956-ը կամ 36․6%-ը կանայք են։ Դա ավելին է,  քան Ընտրական օրենսգրքում ամրագրված պահանջը կուսակցությունների  ցուցակներում թեկնածուների սեռերի  համամասնության վերաբերյալ:  Դա նաև ավելին է, քան ներկայացրել էին քաղաքական ուժերը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին:

 

 

 

 

Հիշեցնենք, որ կանանց մասնակցությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում կարգավորվում է  ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ կետով, ըստ որի. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %-ը»:

 

 

 

 

Ցուցակներում կանանց ընդգրկվածության ցուցանիշը տատանվում է  30-44 %-ի սահմաններում:  Խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից 20-ը  30-40% կին թեկնածու են ներկայացրել իրենց ցուցակներում,   6-ը ՝  40-44%: Կանանց ներկայացվածությունն ամենացածրն է «Հայաստան» դաշինքում (30․7%), իսկ ամենաբարձրը «Համահայկական Ազգային Պետականություն»  կուսակցությունում (43.9%):

 

 

26 քաղաքական ուժերից ընդամենը երկուսի ցուցակներն են գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Լուսինե Ավագյանն է, իսկ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջին հորիզոնականում  Կարին Տոնոյանն է:

 

 

Ցուցակներում կին թեկնածուներին հատկացվող տեղերը որոշելիս քաղաքական ուժերի գերակշիռ մասն առաջնորդվել են օրենքի  ներքևի շեմի պահանջով՝ ներկայացնելով կին թեկնածուներին երրորդ հորիզոնականից սկսած:  Միայն  երեք քաղաքական ուժերի ցուցակներում կանայք  երկրորդ հորիզոնականում են ներկայացված: 

 

 

Գրեթե բոլոր ցուցակներում առաջին տասնյակում կին թեկնածուները երեքն են։ Հինգ կին է ներկայացված միայն  «Ազատություն» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում, չորս կին ՝ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջին տասնյակում:

 

 

Նշենք նաև, որ ըստ օրենքի  համապետական ցուցակներն ունեն նաև երկրորդ մաս, որը  նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող թեկնածուների համար: Այդ մասում  ընդգրկված է ընդհանուր թվով 14 թեկնածու, որոնցից  3-ը կանայք են: Ընդ ոևում,  իրենց ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդգրկել միայն  հինգ քաղաքական ուժ՝ «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր»,  «Բարգավաճ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը: 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ովքե՞ր են ընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներկայացված  կին թեկնածուները

 

 

 

 

Դիտումների քանակը` 1760

Գլխավոր էջ