« Բարի երթ, սիրելի կանայք»…

Վերջին տարիներին կին վարորդների թիվը հայաստանյան ճանապարհներին զգալիորեն  աճել  է: Հատկապես մայրաքաղաք Երևանի փողոցներում….թեև այս հանգամանքը  ոչ բոլորն են ողջունում: Սակայն այդ մասին հաջորդիվ, իսկ մինչ այդ ներկայացնենք պատկերը թվերի տեսքով:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  Facebook-յան իր էջում ներկայացրել է «Կանացի» ավտովիճակագրություն, համաձայն որի`«2013 թվականին մեր հանրապետությունում վարորդական վկայական է ստացել գեղեցիկ սեռի 8021 ներկայացուցիչ:  Վերջին երկու տարում՝  2012-ից մինչ օրս, կին վարորդների թիվն ավելացել է մոտ 16 հազարով»:

 

Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է նաև ՃՏՊ-ներին, որոնց մասնակից են դարձել կին վարորդները: Ի հեճուկս  բոլոր այն տղամարդկանց, որոնք չեն հանդուրժում կին վարորդների ու ամեն անգամ կնոջը ղեկին տեսնելով բացականչում են` «Կնիկն ուր, ավտոն` ո~ր»,  վիճակագրությունը վկայում է, որ անցած տարի Հայաստանում հաշվառված 2824 ճանապարհատրանսպորտային պատահարից  ընդամենը 10-ն է կին վարորդների մասնակցությամբ : Կամ` ընդհանուրի 0.35 %-ը: Եվ միայն մեկ կին է 2013 թվականին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել վարորդական  իրավունքից. « Բարի երթ, սիրելի կանայք»,- եզրափակել  է իր գրառումը Ա.Ահարոնյանը:

 

… Այնպես ստացվեց, որ   2013-ին   վարորդական վկայական  ստացած  8021 կին վարորդներից  մեկը ՝  ես էի:   Այդ օրվանից  անցած ժամանակահատվածը դժվար թե բավարար է ,  որպեսզի լիարժեք վարորդ ինձ զգամ` դեռ կան պահեստամասեր, որոնց  գոյության մասին չգիտեմ կամ ինչ-որ ձայն լսելուց չեմ հասկանում, թե ինչից է խնդիրը, բայց մեկ բան հստակ գիտակցում եմ` տղամարդկանց մեծամասնությունն անհանդուրժող է կին վարորդների նկատմամբ: Ոմանք նույնիսկ չեն կարողանում թաքցնել իրենց նյարդայնանալը, երբ կին են տեսնում ղեկին, իսկ առանձին անհատներ նույնիսկ դա արտահայտում են իրենց գործողություններով` խախտում են կանոնները, «կտրում» դիմացդ, որոշ դեպքերում ձեռքը դնում ազդանշանին անկախ նրանից, որ հենց իրենք են խախտումը թույլ տվել: Ի դեպ, իմ պրակտիկայում երկու նմանատիպ դեպք նկատել է պետավտոտեսուչը, իսկ թե ինչ է եղել հետո` դժվար չէ կռահել:

 

Նաև նկատել եմ, որ  երբ ճանապարհդ կտրած տղամարդը մի բան էլ ինքն է սկսում հոխորտալ կամ անվայել արտահայտություններ իրեն թույլ տալ ու դու դրան հակադարձում ես, նախ, ճիշտ վարելով, երկրորդն էլ ձեռքդ ազդանշանին դնելով, ինչը նշանակում է` հոգեբանական ճնշման ես չեմ ենթարկվում, տղամարդկանց  մեծամասնությունը  խուսափում է իրավիճակն ավելի սրելուց ու պարզապես հեռանում է: Բարեբախտաբար անհանդուրժողականության նման դրսեւորումները  քիչ են պատահում: Ավելի շատ հանդիպում ես մի իրավիճակի, երբ  խնդրի դեպքում օգնում են, խորհուրդ տալիս կամ թեկուզ հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Ի վերջո մեր երկրում կին լինելը նաև որոշակի արտոնություններ է տալիս…

 

Երբ մի անգամ  քննարկում էինք կին վարորդների թեման, ընկերներիցս մեկը, ով երկար տարիների վարորդ է, ասաց, որ տղամարդիկ մի տեսակ խանդով են վերաբերվում այդ ամենին և նրանց նյարդային վիճակը բացատրվում է հենց այդ զգացումով` կանայք մտել են մի տիրույթ, որը չգիտես ինչու համարվում էր միայն տղամարդկանցը: Թեև ընդունեց, որ ավտոմեքենա վարելը ոչ մի առանձնահատուկ հմտություն կամ կարողություն չի պահանջում, որ կինը դժվարանա դա անել .

 

«Ես էլ սկզբում այդպես էի. ինձ թվում էր, որ ճանապարհները միայն մերն են` տղամարդկանցը և եթե դիմացինս մի բան էն չանի` կիջնեմ գլուխը կջարդեմ: Իսկ հիմա պահերի տակ ջղայնանում եմ, որ չեմ կարող դա անել, քանի որ ինձ նյարդայնացրած վարորդը կիսաշրջազգեստով է ու երբեմն էլ բավականին գեղեցիկ»,- մոտավորապես այսպես ներկայացրեց իր  մոտեցումը ընկերս:

 

Մյուսն էլ բողոքեց, որ կին վարորդներին պետավտոտեսուչները չեն կանգնացնում, չեն տուգանում և իմ արդարացումները, որ դա թերևս բացատրվում է նրանով, որ մենք ավելի ուշադիր ենք, արագություն չենք բացում, ամրագոտիները միշտ կապում են, ղեկին գրեթե գինովցած չենք նստում և այլն արդյունք չունեցավ.

 

«Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ տղամարդկանց մեծ մասը կնամեծար են և մի ժպիտը կարող է հարց լուծել»…. Գուցե: Իհարկե հնարավորինս  խուսափում եմ խախտումներով մեքենա վարելուց, բայց դրա հետ մեկտեղ մտածում եմ ու նույնիսկ համոզված, որ չնչին խախտումը նկատելով պետավտոտեսուչը ինձ այդուհանդերձ բարի երթ կմաղթի, զուտ այն պատճառով, որ կին եմ…..

 

Էնզելա  Մակարյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Ոստիկանությունը գոհ է կին վարորդներից

 

Արդյո՞ք վատ վարորդի համար պատասխանատու է ողջ սեռը

 

 

Мифы о женщинах-водителях

 

 

Անհեթեթ «չի կարելի»-ներ կանանց համար՝ պահանջարկն աճի միտումներ ունի…

 

ԱՄՆ-ում կին վարորդները ավելի շատ են, քան տղամարդիկ

 

Դիտումների քանակը` 4813

Գլխավոր էջ