Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

Հայաստանի 866 գյուղական համայնքերից միայն 17-ն են ղեկավարվում կանանց  կողմից, իսկ քաղաքային 49 համայնքներում կին ղեկավարներ չկան: Կին գյուղապետերի ամենամեծ ներկայացվածությունը Լոռիում է՝ 5 գյուղապետ, որին հաջորդում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը: Իսկ ահա Վայոց Ձորի, Արագածոտնի ու Տավուշի մարզերում  համայնքների  ղեկավարների  պաշտոններում կանայք չկան: Այսպիսին է  այսօր ՏԻՄ-երի ղեկավար կազմի  գենդերային  համամասնությունը Հայաստանում…   Հարց է առաջանում՝ ի՞նչն է խոչընդոտում  կանանց մասնակցությունը  իրենց իսկ համայնքների կյանքին վերաբերվող որոշումների ընդունմանը:    

 

Տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության խնդիրների, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններում հաճախ արձանագրվող կանանց ինքնաբացարկների պատճառների բացահայտմանն էր  ուղված «ՏԻՄ ընտրություններում կանանց քաղաքական մասնակցությունը. խնդիրներ և հեռանկարներ» հետազոտությունը, որը իրականացվել է  վերջերս ԵՊՀ  Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի աջակցությամբ:   Հետազոտությունը  նախաձեռնել էին ԵՊՀ  Քաղաքական ինստիտուտներ և գործընթացների ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը և Վ. Բրյուսովի անվ.պետական լեզվաբանական համալսարանի դսասախոս Լուսինե Պողոսյանը:

 

 

Հետազոտության ընթացքում կատարվել էր դաշտային  ուսումնասիրություն, ինչպես նաև անցկացվել են խորքային հարցազրությույցներ բոլոր  գործող  գյուղապետերի և ինքնաբացարկ հայտնած կանանցից մի քանիսի   հետ:

 

 

–         ՏԻՄ համակարգում կանանց պասսիվ մասնակցությունը սեփական ուժերի նկատմամբ անվստահության հետեւանք է: Իսկ դրա ամենախորքային պատճառներն,  իմ համոզմամբ,  սխալ սոցիալականացման մեջ պետք է փնտրել. երբ մենք դեռ մանկապարտեզից  երեխաներին տարբեր կերպ ենք դաստիարակում՝ ասելով  տղային, թե դու ամեն ինչ կարող ես ու չի կարելի լաց լինել, աղջկան՝ թե համեստ պետք է լինես,  ամոթ է տղաների նման չարություն անես ,- համոզված է Հասմիկ Շափաղաթյանը:

 

Հետազոտողները նշում էին , որ այսօր հատկապես գյուղական համայնքերում կին լիդերների լուրջ խնդիր կա.

 

–         Այո, այսօր ունենք կին գյուղապետեր, ովքեր չնայած պաշտոն են զբաղեցնում, որոշումներ են ընդունում, սակայն նրանք էլ ինքնավստահության պակաս ունեն,  չեն հավատում իրենց ուժերին, – նշում է Լուսինե Պողոսյանը – Ճիշտ է ոմանք հաղթահարել են իրենց մեջ այդ խնդիրը, մեծապես փորձը,  տարբեր  դասընթացների ու սեմինարների մասնակցությունը ավելի ինքնավստահ են դարձրել նրանց, բայց միեւնույնն է  մենք  կին լիդերների լուրջ խնդիր ունենք:

 

Հասմիկ Շափաղաթյանն էլ, իր հերթին,  նշում է, որ ընտրված կանանց մի մասը ոչ թե անձամբ է նախաձեռնող եղել, այլ նրանց կամ համայնքը, կամ էլ կուսակցությունն է «դրդել»  առաջադրվել.

 

–         Մեր հետազոտության ընթացքում առաջադրման մի քանի սցենարներ բացահայտեցինք: Երբ, օրինակ, կնոջը, ով  շատ հարգված ընտանիքի ներկայացուցիչ էր, գյուղացիներն են խնդրել ասելով՝ դու պետք է մեր գյուղապետը դառնաս:  Կամ ունեինք օրինակ, երբ ամուսնու մահից հետո, ով համայնքի ղեկավարն է եղել, հենց համայնք է խնդրել, որ կինը շարունակի ամուսնու գործը, որովհետև նա առավել լավատեղյակ է համայնքի գործերից: Կամ էլ կուսակցությունն է, որի անդամ է կինը, համոզել Է նրան, որ առաջադրվի…Ամեն դեպքում, նախաձեռնող կանանց լուրջ խնդիր կա, հատկապես գյուղական համայնքներում», – նշում է Հասմիկ Շափաղաթյանը:

 

Կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող  պատճառներն, ըստ հետազոտողների, երկուսն էին՝ կարծրատիպեր և սոցիալ-տնտեսական ( ֆինանսական ) գործոնը:

 

– Ի զարմանս ինձ, մեր զրուցակիցները հատկապես շեշտադրում էին սոցիալ-տնտեսական գործոնը, կարծրատիպերը համարելով՝ հաղթահարելի: Օրինակ, կին գյուղապետերից մեկը նշում էր, որ 15 տարի առաջ չէր էլ կարող մտածել առաջադրվելու մասին, ընտանիքը դեմ կլիներ, իսկ հիմա շատ բան է փոխվել»,- նշում է Հասմիկ Շափաղաթյանը, միաժամանկ շեշտելով, որր ընտանիքի աջակցությունը մեծ դեր է խաղում կանանց համար՝ քաղաքական դաշտ մտնելու մասին որոշումը կայացնելու հարցում:

 

– Ունեինք օրինակ, երբ որդին  չհամակերպվելով, որ իր մայրը կարող է գյուղապետ լինել, ուղակի լքել է ընտանիքն ու համայնքը, պատճառաբանելով, որ ինչպես կարող է մայրը ժողովների մասնակցել, որտեղ  բոլորը տղամարդիկ են նստած լինելու…: Այս մոտեցումն էլ ցավոք դեռ կա մեր համայնքներում:

 

2014թ. մարտին 40 համայնքների  ղեկավարների ընտրություններին գրանցվել էր  28 ինքնաբացարկ, որոնցից  4-ը կանայք  էին:  Գուցե դա ընդհանուր թվով ինքնաբացարկների 13.8 տոկոսն է  միայն,  սակայն  առաջադրված կանանց  զգալի մասն է կազմում :

 

Խոսելով ինքնաբացարկ հայտնած կանանց մասին՝ տիկին Շափաղաթյանը մեկ դիտարկում ուներ.

 

– Ինքնաբացարկի դիմելու կանանց հիմնական շարժառիթները թաքնված են առաջադրվելու դրդապատճառների մեջ: Ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այդ կանայք ի սկզբանե կատարել են զուտ մարիոնետի դեր: Իրենց հետ հարցազրույցներից որևէ կերպ հասկանալի չէր՝ ունեն նրանք իրենց համայնքի զարգացման որեւէ տեսլական  ծրագիր կամ  նույնիսկ պատկերացում  թե ոչ: Խուսափողական պատասխաններ էին տալիս: Այն հարցին, թե ինչու որոշեցիք դուրս գալ ընտրական պայքարից, դժվարանում էին պատասխանել: Շատ հանարավոր է, որ նրանք պարզապես առաջադրվել էին որեւէ մեկի խնդրանքով՝  այլընտրանք ապահովելու համար: Հայտնի է, որ առաջադրման փուլում   այլընտրանքային  թեկնածուի առկայությունը  օրենքի  պահանջ է, եւ գաղտնիք չէ, որ տղամարդկանց շրջանում էլ  հետագա ինքնաբացարկների  մեծամասնությունը  դրանով է պայմանավորված:

 

ՏԻՄ մարմիններում կանանց ընդգրկվածությունը խթանելու ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում հետազոտողները: Ըստ Հասմիկ Շափաղաթյանի, այդպիսի միջոց է հանդիսանում   քվոտաների  ներմուծումը նաև ՏԻՄ համակարգում: Հիշեցնենք, որ  Ընտրական օրենսգրքով գենդերային քվոտան գործում է միայն համամասնական ընտրություններում:

 

–         Քվոտան իրավիճակի փոփոխման առաջին տարբերակներից մեկն եմ համարում,- նշում է Հասմիկ Շափաղաթյանը, – Մինչև որ  կանանց ներգրավածությունը ՏԻՄ-երում որոշակի սանդղակի չհասնի, վաղ է խոսել հոգեբանական խոչընդոտների կամ այլ  խնդիրների հաղթահարման մասին:

 

Լուսինե Պողոսյանի խոսքով,  ՏԻՄ համակարգում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու խնդիրը  այժմ քննարվում է պետական մակարդակում, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, սակայն արդյունքներ դեռեւս չկան: «Բավականին բարդ  գործընթաց է, գործուն մեխանիզմներ պետք է մշակվեն,  իրոք, շատ հարցեր պետք է լուծվեն: Մեկ այլ խնդիր է, որ քվոտաների նկատմամբ  կա նաև բացասական վերաբերմունք», – նշում է  նա:

 

Եզրափակելով մեր զրույցը  Հասմիկ Շափաղաթյանը և Լուսինե Պողոսյանը նշեցին, որ ունեն մի շարք մտահաղացումներ, որոնք փորձելու են կյանքի կոչել:

 

Լիլիթ Քոչինյան

 

Հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք տեղական ընտրություններում

 

Դիտումների քանակը` 4167

Գլխավոր էջ