Կանայք ոստիկանությունում. աննախադեպ նշանակումներ
Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել, – Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որակելով այդ նշանակումները Հայաստանի պատմության համար աննախադեպ:
«Մասնավորապես, հայտնեց վարչապետը, ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:
«Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին: Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգևորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»,- գրել է վարչապետը:
Հայտնի են , ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանի կենսագրության որոշ մանրամասներ: Մ. Եղշատյանը 2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, 2010թ-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը: 2010թ-ին նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնում որպես հետաքննիչ, 2010թ-ին՝ ավագ հետաքննիչ, 2014թ-ին ճանաչվել է ՀՀ ոստիկանության լավագույն հետաքննիչ, 2018թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ՝ հետաքննության պետ: 2019թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ: 2020թ-ի հունվարի 21-ին կրկին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի հետաքննության պետ: Ոստիկանությունում գերազանց ծառայության կրծքանշանի է արժանացել, մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պատվոգրին: Ծառայության ողջ ընթացքում Մ. Եղշատյանը բարձր է պահել ոստիկանի պատիվը, եղել է պարկեշտ ոստիկան, վայելել անձնակազմի սերն ու հարգանքը: Ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանի կենսագրականի մանրամասները դեռևս հրապարակված չեն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի 2018 թ. տվյալներով, այսօր ոստիկանության համակարգում կրտսեր պաշտոններում աշխատող ոստիկանների 8 %-ը կանայք են:
Հայտնի է նաև, որ Հայաստանի ոստիկանության բարձրագույն պաշտոններում կանայք չկան: 2015 թ. տվյալներով, ՀՀ Ոստիկանության ավագ պաշտոններում ( բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ և տեղակալ, ավագ քննիչ, ավագ տեսուչ, տեսուչ, քննիչ, օպերլիազոր ) կանայք 9% են կամում : Գլխավոր պաշտոններում (վարչության պետ, Երեւան քաղաքի եւ մարզային վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ) կանանց թիվը – 4% է: Հենց այս հանգամանքով պայմանավորված երկու կանանց նշանակումը մարզային պետերի պաշտոններում որակվել է անննախադեպ: Այս նշանակումից հետո ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների 59 պետերից, միայն երկուսն են կին:
Նշենք նաև, որ 2015 թ.-ի տվյալներով, ոստիկանական ուսումնական հաստատություններ ընդունված աղջիկների թիվը աննախադեպ աճ էր արձանագրվել ՝ կազմելով՝ ոստիկանության ակադեմիայում` 58,3%, ոստիկանության քոլեջում 34,3 % և ոստիկանության վերապատրաստման կենտրոնում` 19,2 %: Այս հանգամանքը թույլ է տալիս հույս ունենալ, որ կանանց կադրերի պակաս ոստիկանական համակարգում չի լինի , հետևաբար կարելի է ակնկալլել առաջիկայում նոր նշանակումներ… Հատկապես, որ անցյյալ տարվա փետրվարին ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եվ անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրով նախատեսվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում, այդ թվում` ղեկավար պաշտոններում կանանց թվի ավելացում , ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրում կին ուսանողների թվի ավելացում:
Դիտումների քանակը` 1578