«Ես սկսեցի ապրել դժոխքում». կյանքը կորոնավարակից հետո  

 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին աշխարհի շատ  երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, որոշ երկրներում կարանտին հայտարարվեց, մարդիկ օրենքի ուժով պարտադրվեցին տանից դուրս չգալ, ինչից կարճ ժամանակ անց մասնագետները բարձրաձայնեցին ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Այս ամենից անմասն չմնաց նաև Հայաստանը, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարվել նույն տարվա մարտի 15-ին:

 

 

– Ամուսնացել ենք 5 տարի առաջ: Հաճոյախոսություններ, գեղեցիկ երեկոներ… Մոտ կես տարի գեղեցիկ կյանք ունեի, հետո փոխվեց…,-իր պատմությունն է սկսում 40-ամյա Աննան (կնոջ անձնական տվյալները փոխված են):

 

Ամուսնանալուց կարճ ժամանակ անց Աննայի ամուսինը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, ևս երեք ամիս անց իր մոտ է տարել նաև կնոջը:

 

– Միասին էինք աշխատում, շատ կոպիտ մարդ էր, միշտ գոռում էր, ինձ հրում: Հետո երբ հղի էի, մի փոքր մեղմացավ: Ծննդաբերությանս վերջին ամիսներին վերադարձա Հայաստան: Երեխայիս ծնվելուց հետո նա էլ եկավ, եկավ ու մնաց…

 

Աննայի ամուսինը այլևս չի կարողացել մեկնել ՌԴ, որովհետև կորոնավարակով պայմանավորված, փակվել են երկրի սահմանները: Մնալով իր հայրենի բնակավայրում՝ տղամարդը մշտական աշխատանքի չի անցել և փակվել է տան մեջ:

 

-Եթե ուզեր, այստեղ գործ կգտներ, չուզեց, չեմ էլ հասկանում, թե ինչու որոշեց, որ տան 4 պատի մեջ է մնալու: Խնայած գումար ունեինք, դա սկսեց ծախսել, ծախսի մեծ մասն էլ խմիչքն էր:

 

Աննան ասում է, որ օր չկար, որ ամուսինը ալկոհոլ չօգտագործեր: Գինարբուքի ավարտն էլ միշտ նույնն է եղել՝ ծեծ:

 

-Ինձ ծեծելու համար իրեն առիթ էլ պետք չէր: Խփում էր ոտքերով, բռունցքներով, խփում էր մարմնիս բոլոր մասերին, մազերիցս քարշ տալով սենյակի մի անկյունից մյուսն էր տանում: Արդեն սովորել էի իր հարվածներին, պաշտպանողական միջոցներ էի մտածել, թե ոնց անեմ, որ դեմքիս չկպնի…

 

Այս ամբողջ ընթացքում կինը լռել է, խնդրի մասին ոչ ոքի չի պատմել: Ինչու՞: Պատասխանը ընդհանրական է բռնության ենթարկվող շատ կանանց համար՝ «չեմ ուզում կողքից մարդիկ իմանան, որ ես նման խնդիր ունեմ»:

 

– Ես նրանից փախա այն ժամանակ, երբ պարզվեց, որ կրկին հղի էի: Փախա, որ փրկեմ դեռ չծնված երեխայիս կյանքը… Երբ իմացավ, որ հղի էի, նրան այդ լուրն էլ չանհանգստացրեց: Մեկ-մեկ մտածում եմ, որ նա նույնիսկ հաճույք էր ստանում միայն այն մտքից, որ խփում էր փորիս, որը ամեն կերպ փորձում էի ձեռքերով ու ոտքերով փակել: Հիմա առանձին եմ ապրում, սպասում եմ բալիկիս ծնվելուն: Հետոն անհայտ է: Չեմ ուզում, որ երեխաներս անհայր մեծանան, չեմ էլ ուզում, որ նա մեզ մոտ գա: Բայց, քանի դեռ ապրում ենք նույն պետությունում, դատապարտված եմ նրան տեսնելուն: Ցավոք այս պահին դեռ արտագնա աշխատանքի մեկնել չի կարող: Արտաքսել են նրան:

 

– Համավարակի ժամանակ շատ տղամարդիկ զրկվեցին իրենց աշխատանքից՝ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի, մնացին տանը: Հետո եկավ փուլ, երբ մարդիկ անցան հեռավար աշխատանքի, այսինքն՝ համընդհանուր փակվեցին տանը: Իսկ երբ մարդը 24 ժամ նույն տարածքում է, տանից դուրս չի գալիս, կուտակված էներգիան չի սպառում, դա բերում է ագրեսիայի պոռթկման,-ասում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը և հավելում, որ այսօր կանայք ավելի տեղեկացված են, տարբեր միջոցառումների շրջանակում իրազեկվել են իրենց և այլ կենտրոնների մասին, ուր կարող են դիմել բռնության ենթարկվելու ժամանակ, նաև համապատասխան օրենքի ընդունումն է օգնել, որ ոլորտում քայլ առաջ կատարվի:

 

Ընդհանուր առմամբ արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի մարտ ամսին «Կանանց աջակցման կենտրոն»-ի  թեժ գծին ստացվել է 803 ահազանգ, որից 172-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը։ Նույն տարվա ապրիլին ստացվել է 750 ահազանգ, որից 250-ը՝ ընտանեկան բռնության հետ կապված, մայիսին՝ 915 զանգ,  որից 256-ը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ։ Համեմատելով միայն այս երեք ամիսները՝ Գևորգյանը նշում է, որ  գրանցվել է ահազանգերի 40% աճ։

 

-Նախքան համավարակը, կինը ստիպված չէր ամբողջ օրը փակվել տանը։ Դե հետո  փոխվեց իրավիճակը: Մենք հաճախ էինք ահազանգ ստանում կանանցից, ովքեր պատմում էին, որ իրենց ամուսինները խմում են ողջ օրը, տանը հավաքվում էին մի խումբ տղամարդիկ, խմում, հարբում: Իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է առիթ լինել, որպեսզի մարդը տրվի էմոցիաներին, արթնանա բռնարարը և ձեռքերին ազատություն տա,-նշում է Գևորգյանը:

 

                       ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ  արտակարգ դրության հայտարարման առաջին իսկ օրերին ևս արձանագրել էր ընտանեկան բռնության դեպքերի աճ, մասնավորապես՝ մարտի 15-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ընտանեկան բռնության 15 ահազանգ (2019 թ. մարտին արձանագրվել է 5 դեպք):

 

        «Լիլիթի երբեմնի ակտիվ կյանքը մնացել է  պատուհանից այն կողմ»

 

    -Երբ անցա հեռավար աշխատանքի, նույնիսկ չէի պատկերացնում, որ ես իմ սեփական տան մեջ դառնալու եմ բանտարկյալ,-ասում է 30-ամյա Լիլիթը (կնոջ անձնական տվյալները փոխված են):

 

Նախկինում երբեք բռնության չենթարկված կնոջ կյանքը փոխվել է կարճ ժամանակահատվածում: Արտագնա աշխատանքի չմեկնած ամուսնու աչքի առաջ՝ օրը մոտ 8 ժամ աշխատել է: Նա աշխատում էր սպասարկման ոլորտում: Տղամարդ հաճախորդների հետ աշխատանքը հատկապես դուր չի եկել իր տղամարդուն:

 

-Անհասկանալի ագրեսիա սկսվեց իր մոտ: Խա՞նդ միգուցե: Դեպք պատմեմ: Տղամարդ հաճախորդի հետ էի խոսում հեռախոսով, երբ մոտեցավ ինձ ու սկսեց բռունցքով խփել գլխիս. չեմ էլ հիշում, թե ինչպես եմ ավարտել զրույցս: Երբ խնդրեցի բացատրել պահվածքի պատճառը, ծեծը վերսկսվեց: Ըստ իրեն՝ ես ինձ պահել էի ոչ ճիշտ ու իր նման տղամարդու կինը չի կարող ոչ ճիշտ լինել,-պատմում է կինը:

 

Ընթացքում բռնության դեպքերը գնալով ավելի հաճախակի են դարձել: Ի վերջո կինը ստիպված աշխատանքից ազատման դիմում է գրել:

 

-Եթե դուրս չգայի, նա ինձ կսպաներ: Թեպետ այդ պայմաններում հնարավոր էլ չէր աշխատել: Խայտառակ էի լինում հաճախորդների ներկայութամբ: Դա քաոս էր: Հիմա նա մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն ինձ արգելված է աշխատել, ես պետք է միշտ տանը լինեմ, զբաղվեմ մեր երեխայի դաստիարակությամբ: Տղա երեխա ունեմ: Տղային հայր է պետք,-ասում է Լիլիթը:

 

-Հասարակության կարծիքը շատ կարևոր է այս դեպքում: Կարևոր է, որ հասարակությունը իր վերաբերմունքը փոխի բռնության ենթարկված կանանց նկատմամբ: Շատ հաճախ կատարվում են գրառումներ, տեղադրվում են լուրեր այն մասին, թե ինչպես է կինը բռնության ենթարկվել: Բացում ենք մեկնաբանությունների բաժինը, հիմնականում բացասական տողեր են գրված զոհի վերաբերյալ՝ կինն է մեղավոր, կինը պետք է իմանա իր տեղը: Նույնը վերաբերում է նաև կնասպանության դեպքերին. կրկին թիրախավորվում է կինը: Հաճախ են հանդիպում մեկնաբանություններ, որտեղ ինչ-որ կարծիքներ են հնչում, թե կինը դավաճանել է, կինը սադրել է…,-ասում է իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 2010-2020թթ. ընթացքում սպանված առնվազն 80 կանանց ցանկ է հրապարակել։ Այդ կանայք տարիներ շարունակ ենթարկվել են բռնության, նրանք չեն լռել, բարձրաձայնել են, դիմել հարազատների, ընկներների, նույնիսկ իրավապահների օգնությանը: Սակայն նրանք լսելի չեն դարձել, գումարվել է նաև հասարակության կողմից ոչ դրական վերաբերմունքը. արդյունքում շարունակելի բռնությունն ի վերջո հանգեցրել է սպանության:

 

-Բարեբախտաբար, վերջին տարիներին փոխվել է վերաբերմունքը: Առաջ, երբ մենք դրսում որևէ ակցիա էինք իրականացնում, մեզ կամ չէին լսում, կամ, երբ իմանում էին, թե ինչ խնդրի համար ենք ակցիան իրականացնում, ստանում էինք կարծրացած պատասխան, թե կինն է մեղավոր: Իսկ այսօր արդեն մոտենում են, լսում, պատմում նման դեպքերի մասին, մասնագիտական կենտրոնի հեռախոսահամար վերցնում, որ փոխանցեն այն ծանոթին, ով ենթարկվում է բռնության,-ասում է իրավապաշտպանն ու հավելում, որ պատերազմն էլ իր հերթին է նպաստել ընտանեկան բռնության դեպքերի թվի աճին, որովհետև մարդիկ խորը տրավմա են տարել, ինչն էլ հանգեցնում է ագրեսիայի:

 

Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ եթե նախկինում Հայաստանում համընդհանուր մերժվում էր փաստը, թե կանայք ենթարկվում են բռնության, ապա այսօր խնդրի մասին բարձրաձայնվում է, սակայն երկրորդ դեմքով: Հաճախ կանայք պատմում են բռնությունների մասին՝ նշելով, որ այն պատահել է իրենց ծանոթի հետ: Մասնագետները սա արդեն իսկ հաջողություն են համարում՝ հուսալով, որ առաջիկայում արդեն իսկ կոտրված կլինեն բոլոր կարծրատիպերը:

 

 

Արմինե Ավետիսյան

Դիտումների քանակը` 998

Գլխավոր էջ