Վարդուհի Հարությունյան. «Մենք օգնում ենք երիտասարդ մայրերին գտնել իրենց տեղը աշխատաշուկայում»
WomenNet.am –ի նախորդ հրապարակումներից մեկը՝ BusyMom կենտրոնի մեկնարկային հանդիպման մասին , մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ մայրերի շրջանում: Նախաձեռնությունն ավելի մանրամասն ներկայացնելու նպատակով որոշեցինք զրուցել կենտրոնի համահիմնադիր, մասնագիտությամբ սոցիոլոգ Վարդուհի Հարությունյանի հետ:
Վարդուհու խոսքով, կենտրոնը դեռ կայացման փուլում է, բայց նա համոզված, որ կհաջողի , քանի որ սա նախագիծ է, որը ծնվել է սեփական փորձի ու կրած դժվարությունների արդյունքում: «Երկու երեխա ունեմ և այնպես ստացվեց, որ առաջնեկիս ունենալուց հետո լուրջ խնդրի բախվեցի աշխատանք գտնելու հետ կապված: Երկար ժամանակ աշխատանք էի փնտրոմ, որովհետև գիտելիքներս էին հնացել, երեխայի խնամքն էր շատ ժամանակ պահանջում և այլն: Երկար պայքարելուց հետո աշխատանք գտա, իսկ պայքարս էլ կայանում էր նրանում, որ այդ գործընթացին զուգահեռ ես նաև ինձնով էի զբաղվում, թարմացնում գիտելիքներս: Աշխատանքը, որ գտա, առնչվում էր մարդկային ռեսուրսների կառավարմանը և այն ավելի հստակ բացահայտեց խնդիրը, որ առկա է մեր հասարակությունում ՝ մայրանալուց հետո կանանց շատ դժվար է լինում վերադառնալ կամ գտնել իրենց տեղը աշխատաշուկայում»,- ասում է նա:
Վարդուհու խոսքով, աշխատանքի տեղավորվելուց հետո իր համար էլ ավելի ակնհայտ դարձավ, որ հազարավոր կանայք մայրանալուց հետո բախվում են նույն խնդրին՝ դառնալով անմրցունակ հայաստանյան աշխատաշուկայում: Հետագա տարիներին բազմաթիվ թրեյնինգներ, վերապատրաստումներ անցկացնելուց հետո կամաց-կամաց եկել է այն մտքին, որ մայրերին հարկավոր է մի կենտրոն, որտեղ նրանք կստանան պրակտիկ գիտելիքներ, միևնույն ժամանակ չմտածելով նաև այն խնդրի մասին, թե ո՞ւմ մոտ թողնեն երեխային: Իսկ դա, մեր զրուցակցի դիտարկմամբ, առաջնային խնդիր է, որը շատ կանանց համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում:
BusyMom կենտրոնն առաջարկում է երկուսը մեկում՝ միասնական կոնցեպցիա, այն է. մինչ մայրիկը մասնակցում է թրեյնինգի, իր բալիկին կողքի սենյակում կխնամեն և կզբաղեցնեն մասնագետները: Մեր դիտարկմանը, որ այդ ձևաչափը կարծես թե նորարար մոտեցում է երիտասարդ մայրերի համար հնարավորություններ ստեղծելու տեսակետից, Վարդուհի Հարությունյանը նշում է, որ իրենք առաջնորդվել են հենց օգտակարության սկզբունքով՝ որքանով է գաղափարը օգտակար լինելու հասարակությանը. «Ինձ համար առաջնային կարևորություն ունի օգտակար լինելու հանգամանքը և ոչ թե միայն գումար վաստակելու խնդիրը: Ինքս անցել եմ այն դժվարությունների միջով, որոնցից փորձելու ենք օգնել ազատվել կանանց, իսկ երբ մարդ մի բան անում է սեփական փորձի վրա հիմնվելով, ապա շեշտադրումները հաստատ ճիշտ են դրվում»:
Ասում է, կենտրոն բացելու նախաձեռնությունը լիովին իրենցն է, ֆինանսական աջակցություն ոչ մի տեղից չունեն, այդ իսկ պատճառով փորձում են այնպես անել, որպեսզի կենտրոնի գործունեությունը հնարավորություն տա պահպանել այն: «Դա շատ դժվար է, բայց պետք է փորձենք: Սա զուտ բիզնես չէ, այլ սոցիալական նշանակության կարևոր նախագիծ: Դասընթացները դեռևս անվճար են, հետագայում դրանց համար գումար կգանձվի, բայց այն շատ մատչելի կլինի, ինչում կկարողանան համոզվել բոլորը՝ համեմատելով այլ թրեյնինգ կենտրոնների հետ: Բայց կարևորն այն է, որ մենք երեխայի խնամքի համար գումար չենք գանձելու, այսինքն գնային տարբերությունն արդեն իսկ ակնհայտ է դառնում, իսկ բացի այդ շահույթը մեզ համար ինքնանպատակ չէ»,- շեշտում է Վարդուհին:
«Զբաղված մայրիկներ »-ի առաջին թրեյնինգ-հանդիպումը ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ էր, որին էլ WomenNet.am-ն անդրադարձել էր: Վարդուհի Հարությունյանի խոսքով, վճարովի դասընթացները՝ մեկօրյա կամ երկարաժամկետ (1-1,5 ամիս), կմեկնարկեն թերևս մայիսից: Մեկօրյա դասընթացները կլինեն ավելի ուղորդող՝ աշխատաշուկայի պահանջարկի, տանից գումար աշխատելու տարբերակների և նմանատիպ հարցերի շուրջ, իսկ երկարաժամկետ դասընթացները կոնկրետ վերապատրաստման հնարավորություն են ընձեռելու կանանց:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է կենտրոնն աջակցելու բուն աշխատանք գտնելու գործընթացին, և գուցե համագործակցում են զբաղվածության կենտրոնների հետ, ապա մեր զրուցակիցը նշում է, որ նախնական պայմանավորվածություն և համագործակցություն ունեն հայաստանյան մի շարք խոշոր ընկերությունների հետ, որոնք կապը պահելու են կենտրոնի հետ, որպեսզի կարողանան գնահատել կադրային ռեսուրսը: Այսինքն՝ մայրիկները նաև հնարավորություն կունենան աշխատանք գտնել, թեև կենտրոնը ամենևին էլ աշխատանքի տեղավորելու գործառույթ, որպես այդպիսին, առաջնային չի իրականացնում. խնդիրն ավելի գլոբալ ու երկարաժամկետ համատեքստում է դիտարկվում:
Առաջիկայում կենտրոնում կանցկացվեն հաշվապահության, PR և HR մենեջմենթի դասընթացներ, ինչպես նաև կդասավանդվեն բիզնես անգլերենի ու համակարգչային գիտելիքներ: Իսկ թրեյներները, կենտրոնի համահիմնադրի խոսքով, լավագույններից են լինելու՝ դա իրենց սկզբունքն է կանանց զարգացումը հանձնել պրոֆեսիոնալների և իրենց գործի գիտակներին:
Մանրամասները դասընթացների մասին «BusyMom» ֆեյսբուքյան էջում:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 4097