Տարվա «Խիզախ կին»-ը Վարդինե Գրիգորյանն է
«Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխության դափնեկիրները
Համընդհանուր իրավունքների հերթական մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ փետրվարի 20-ին Երևանում՝ Մատենադարանի շենքում: 2012 թ.-ից սկսած այդ մրցանակաբաշխության միջոցով նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առաջատար ներկայացուցիչների և պետական գործիչների ունեցած նշանակալի ներդրումները:
Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքն են հայտնել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ։ Միջոցառման պատվավոր հյուրն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բանաձևն իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելը: Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ»,- իր խոսքում ասել է կառավարության ղեկավարը։
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Համընդհանուր իրավունքների մրցանակները հանձնվեցին 10 անվանակարգում՝ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարադատության մատչելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիագերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Համագործակցության ջատագով», «Խիզախ կին», «Երիտասարդ առաջնորդ», ինչպես նաև «Հավասար հնարավորություններ» անվանակարգում ֆրանս-գերմանական համատեղ մրցանակ: Նշենք, որ այս տարի պարգևների մեծ մասը բաժին հասան կանանց:
«Հավասար հնարավորություններ» անվանակարգում ֆրանս-գերմանական մրցանակի դափնեկիրը դարձավ «Հայկական ճամբար» նախաձեռնությունը, որը էական ներդրում ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների և հիմնարար ազատությունների հավասար ու լիարժեք իրականացման գործում: «Հայկական ճամբար»-ի ղեկավարներ՝ Վարդուհի Արամյանը և Սամվել Ռոստոմյանը նշեցին, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են մարզվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսիք են դահուկային սպորտը կամ լեռնագնացությունը և այդպիսով կարող են վայելել նույն մարզաձևերի հաճույքը, ինչը հասանելի է հաշմանդամություն չունեցող անձանց:
«Խիզախ կին» անվանակարգում 2018-ի մրցանակին արժանացավ Վարդինե Գրիգորյանը՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն ու հավասար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարած տևական ու համաձակ գործունեության համար։ Գենդերային կարծրատիպերին մարտահրավեր նետելով՝ նա փորձել է հասնել հավասար իրավունքների հաստատմանը։ Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրն այս պահին կանանց քաղաքական ներկայացվածությունն է։ «Կանայք սեփական նախաձեռնությամբ մասնակցում են քաղաքական գործընթացներին, սակայն երբ հարցը վերաբերում է պաշտոնների նշանակմանը, կանայք ավելի քիչ են։ Մինչդեռ մենք գիտենք, որ թե՛ կրթության, թե՛ ընդհանուր պատրաստվածության մակարդակով կանայք չեն զիջում և ուղղակի ստացվում է, որ իրենք այդքան հավակնոտ չեն։ Իսկ դրանից օգտվում են անհավասարության ջատագովները»,- նշեց Վարդինե Գրիգորյանը։
«Ազատության պաշտպան» անվանակարգում արժևորվում է այն ակտիվիստը, որը բացառիկ ջանքեր է գործադրել խոսքի, մամուլի և հավքների ազատության խրախուսման ուղղությամբ։ 2018-ի համար այս մրցանակը հանձնվեց Մարիա Կարապետյանին՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար։
«Համայնքային զարգացում» անվանակարգում մրցանակը տրվեց գյումրեցի Տիգրանուհի Հակոբյանին՝ առաջին ներառական փուռ-սրճարանի ծրագրի ղեկավաին՝ բոլորի հավասար մասնակցությունն ու զարգացումն ապահովող ներառական միջավայր ձևավորելու ուղղությամբ կատարված բացառիկ աշխատանքի համար։
«Արդարադատության հասանելիություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Հայկուհի Հարությունյանը՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար։
«Ներառականության խթանում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուսօ Հաջի Նադոյանին՝ եզդի համայնքի երիտասարդեների համար հավասար հնարավորություններ ստեղծելու և կանանց ու աղջիկների ուսման կարևորությունը բաձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար։
«Մեդիագերազանցություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Թաթուլ Հակոբյանը՝ ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի պատրաստման, խոսքի ու կամարտահայտման ազատությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար։
«Կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնվեց Արսեն Թորոսյանին՝ առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի և ողջամիտ բարեփոխումների իրականացման և առողջապահական ծառայությունները Հայաստանի բոլոր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու համար։
«Երիտասարդ առաջնորդ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին՝ Հայաստանում երիտասարդների իրավունքները բարձրաձայնելու համար։ «Ես կարևորեցի հատկապես կրթության իրավունքը, քանի որ արդարություն, հավասարություն, խտրականության դեմ պայքար․ այդ ամենն ուղղակիորեն պայմանավորված է կրթության հետ», – նշեց Դավիթ Պետրոսյանը։
«Համագործակցության ջատագով» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Չայ Խանա» մեդիա հարթակին՝ մարդու իրավունքների, բազմակարծության, հակախտրականության ու հավասար հնարավորությունների առաջմղման նպատակով միջսահմանային հարթությունում շահերի պաշտպանության ու կապերի հաստատման համար։
Մրցանակները հանձնել են «Օրրան» բարեգործական ՀԿ-ի երեխաները: Ի դեպ, մրցանակաբաշխության կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի պահպանվեին նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, միջոցառման ընթացքում ապահովված էր նաև սուրդո թարգմանություն:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1664