Վարդանուշ Պետրոսյանի «Ինգրեդիենտը». նոր գիտելիքներ, նոր զգացողություններ, կյանքի նոր որակ…

 vardanush

«Մի անգամ  բլոգերից մեկում  կարդացի նիհարողի օրագիրը. գրել էր, որ մեկ շաբաթում մի քանի կիլոգրամ նիհարել էր, տեսա որ շատ աղջիկներ խնդրում էին, որ նա իրենց ուղարկի իր դիետան: Սակայն այդպիսի դիետաները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում, ինձ մոտ շատ են գալիս այդպիսի դիետաներ պահած մարդիկ: Եվ ես որոշեցի Ֆեյսբուքում նախաձեռնել  «Թմբլոշիկադադար» նախագիծը»,- պատմում է բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն, ով իր  մասնագիտության շրջանակներում տարբեր  նորարարություններ է կյանքի կոչել:

 

 

Քաջարան քաղաքում ծնված Վարդանուշ Պետրոսյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ուսումից հետո աշխատել է Երևանում, ապա ամուսնացել և մեկնել է Մոսկվա: Այնտեղ շարունակել է ուսումը՝ մասնագիտանալով ոչ տրադիցիոն բժշկության մեջ: Նախքան Հայաստանում վերջնականապես հաստատվելը Վարդանուշը վերապատրաստվել է Սնուցման ինստիտուտում և վերադառնալուն պես աշխատել է իր մասնագիտությամբ: Ներկայումս աշխատում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Բժշկական խորհրդատվություններին զուգահեռ Վարդանուշը ստեղծել է առողջ սննդի առաքման ծառայություն, որպեսզի իր հաճախորդների համար դյուրացնի անհրաժեշտ սննդի ձեռքբերումը: 

 

 

Տարիների ընթացքում բժիշկ-սննդաբանն ընդլայնել է իր գործունեությունը՝ այն դարձնելով առավել հանրային: Ֆեյսբուքում նախաձեռնած «Թմբլոշիկադադար» նախագծի շրջանակներում նա երեք կամավորների հետ միասին հատուկ սննդակարգով կուրս է անցել, սննդային հրահանգներ է տվել, աշխատանքները տեսագրվել են և տեղադրվել Ֆեյսբուքում: Շուտով տեսանյութերն ուշադրության են արժանացել ոչ միայն նիհարել ցանկացողների կողմից, այլև Հանրային Հեռուստաընկերության: «Ինձ զանգահարեցին և ասացին, որ ես առանց համապատասխան տեխնիկայի և կրթության ստեղծել եմ հեռուստատեսային արտադրանք և հրավիրեցին աշխատելու»:

 

varadanush-4

Առաջին «Թմբլոշիկադադար»-ի հաջողությունը դրդեց, որպեսզի այն շարունակական դառնա: Արդյունքում մոտ 200 մարդ (հիմնականում կանայք) մասնակցել են առողջ ապրելակերպի օնլայն կուրսերին: «Տղամարդիկ հավանաբար կաշկանդվում են մասնակցել «Թմբլոշիկադադարին», բայց շատ կանայք մասնակցելով՝ սովորեցնում են նաև իրենց ընտանիքներին»,- ասում է Վարդանուշը:

 

 

Առողջ սնունդը մարդկանց առավել հասանելի դարձնելու նպատակով անցած տարվա մարտի 8-ին Երևանում բացվեց առաջին առողջ սննդի սրճարանը՝ «Ինգրեդիենտը»: «Երբ մարդկանց խորհուրդներ էի տալիս, ասում էի՝ ամբողջական հացահատիկով պատրաստված հաց կերեք, առանց շաքարի դեսերտ կերեք, առանց գլյուտենի սնունդ կերեք, մարդիկ հարցնում էին՝ բա որտե՞ղ ուտենք: Դրա համար էլ ստեղծեցինք այս սրճարանը, որտեղ մշակված է ամեն ինչ»:

 

varadanush-2

Նորարարությունն այստեղ  խոստումնալից  գովազդից է սկսվում, որն իր մեջ մի ամբողջ գաղափարախոսություն է պարունակում.

 

  «Ինգրեդիենտը առողջ կյանքի համն է: Ինգրեդիենտը հարթակ է, որտեղ չկան մանրուքներ: Սննդի լավագույն փորձագետներ, լավագույն խոհանոց, լավագույն մթերք, լավագույն բաղադրատոմսեր, լավագույն համադրումներ: Եվ վերջապես մասնագետներ, ովքեր կօգնեն և խորհուրդներ կտան, խոհարարներ, ովքեր ստեղծում են համեղ և օգտակար ճաշատեսակներ, տեխնոլոգիաներ, որոնք փորձված են, ընկերներ` ովքեր կպատմեն և կուղղորդեն Ձեզ: Նոր գիտելիքներ, զգացողություններ, կյանքի նոր որակ»

 

 

«Ինգրեդիենտում» չեն ծխում, սպիտակ ալյուրով և շաքարավազով ոչինչ չեն պատրաստում, սնունդը չեն տապակում, մատուցվող  յուրաքանչյուր սննդատեսակի կալորիաները չափված են: Վարդանուշի խոսքով՝ իրենք փորձում են առողջ սնունդը հասանելի դարձնել բոլորին, այդ պատճառով էլ սրճարանի գները շուկայականից բարձր չեն, թեև սննդի ինքնարժեքը թանկ է:

 

Վարդանուշը նշում է, որ «Ինգրեդիենտ»-ի հաճախորդները ոչ թե մայրաքաղաքային հարուստ խավն է, այլ կիրթ և տեղեկացված մարդիկ, որոնք գիտակցում են առողջ սննդի կարևորությունը: «Ինգրեդիենտում» բժիշկ Վարդանուշ Պետրոսյանին կարելի է տեսնել թե հաճախորդներից պատվեր ընդունելիս, թե խոհանոցում որևէ ուտեստ պատրաստելիս: Նա անձամբ է վերապատրաստել աշխատակազմին, որպեսզի նրանք պատրաստ լինեն յուրաքանչյուր հաճախորդին մատուցել իր սննդակարգին համապատասխան ուտեստներ:    

 

vardanush-3

Վարդանուշը շեշտադրում է, որ միայն առողջ սնունդը բավարար չէ առողջ ապրելակերպի համար: Անհրաժեշտ է նաև համապատասխան ակտիվություն, վնասական սովորույթներից ձերբազատում, կարևոր են նաև սթրեսների կառավարումն ու առողջ քունը: «Միայն առողջ սննդով չես հասնի առողջության: Մենք քարոզում ենք՝ ամեն ինչ միաժամանակ: Մենք սկսել ենք առողջ սնունդից, դա էլ սովորույթներ է փոխում: Մենք չենք ասում՝ այսօր կեր այսինչը, վաղը կար այնինչը, մյուս օրն էլ՝ ինչ կուզես: Ընդհանրապես փորձում ենք փոխել մարդու սովորույթները, որովհետև ցանկացած դիետա, դեղեր, վիրահատություններ մարդուն չեն փոխում, դրանք կարճատև արդյունք են ունենում: Իսկ մարդու սովորույթները նրա հետ են ողջ կյանքի ընթացքում»,- ասում է բժիշկ-սննդաբանը:

 

 

Արման Ղարիբյան

Լուսանկարները՝ Վահե Մելքոնյանի և Հայկ Բազեի

Դիտումների քանակը` 9409

Գլխավոր էջ