Վարչապետը բացատրեց ծերանոցներում ու գիշերօթիկներում կատարվող բարեփոխումների նպատակը
Երեխաներին, ծերերին ու հաշմանդամություն ունեցողներին կտրվեն պետական վկայագրեր, որոնց շնորհիվ իրենք են որոշելու, թե որ կազմակերպությանն են վստահում իրենց կյանքն ու առողջությունը։ Որոշումն ընդունվեց երեկ ՀՀ կառավարութան հերթական նիստում` հաստատելով «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը»։ Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:
Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանը նկատեց, որ կառավարության այս նախաձեռնությունն արդեն հասցրել է քննադատությունների արժանանալ։ «Կառավարությունը պետք է կարողանա իր կատարած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական, այլ նաև առօրյա լեզվով», – նշեց վարչապետը՝ անդրադառնալով կառավարության այդ որոշմանը :
«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների: Այսինքն՝ կառավարությունը նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ:
Այս որոշմամբ հնարավորություն ենք տալիս, որ շահառուն հնարավորություն ունենա ընտրել՝ այս կազմակերպության ծառայությունից է ուզում օգտվե՞լ, թե մեկ այլ կազմակերպության ծառայությունից: Շահառուի հետևից իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա այդ մյուս կազմակերպությանը:
Արդյունքում շահառու տարեցները ոչ թե կհայտնվեն «կալանավորի» կարգավիճակում այս կամ այն կազմակերպությանը, այլ նաև հնարավորություն կունենան վերաբերմունք արտահայտելով արտահայտել նաև պետության վերաբերմունքը այս կամ այն կազմակերպության նկատմամբ: Սա արվում է հենց շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց նաև, որ Գյումրի կատարած այցի ընթացքում հանդիպել է այս կարգի դեմ բողոքի ձայն բարձրացրած Գյումրու տուն–ինտերնատի կոլեկտիվի ու շահառուների հետ`նրանց պետության մոտեցումը բացատրելու համար։
«Եվ նույնիսկ առաջին հայացքից կարելի էր հասկանալ, որ նրանց պատշաճ ծառայություն չի մատուցվում, քանի որ այդ համակարգը հնացած է… Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որը հնարավորություն ունենա գնահատել իրենց մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ գոհ է, թե դժգոհ: Հիմա էլ կարող են ասել՝ գոհ են կամ դժգոհ, բայց վախը սրտներում է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու խնդրին, վարչապետն ասաց. «Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Մեր խնդիրը չէ աշխատատեղ ստեղծելը, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար: Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք:
Պետք է խիստ վերահսկողություն սահմանել, որ այդ կոպեկ փախցնողների հնարավոր վտանգները կառավարենք: Կարեւոր է, որ այդ գումարները հասնեն հասցեատերերին»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 2020 թվականից 3300 երեխայի համար ՀՀ 10 մարզերում կտրամադրվեն ցերեկային ծառայություններ: «Սա կտա հնարավորություն, որ երեխան ոչ թե քնի գիշերօթիկում, այլ ապրի իր ընտանիքում, հաճախի իր համայնքի դպրոց: Մենք ապահովում ենք աջակցություն ընտանիքին՝ կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում, եւ միայն դրա արդյունքում կարող են ապահովել երեխայի վերադարձն ընտանիք»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստիպված էր եղել պարզաբանել տարածված լուրերը, որոնց արդյունքում Գյումրու տուն-ինտերնատի բնակիչները հացադուլ են հայտարարել` պահանջելով չեղարկել տան լուծարման մասին որոշումը։ Նախարարը որակել է այդ լուրերը որպես «կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք ու չեն համապատասխանում իրականությանը»։
««Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել` ներգրավելով նաև նոր ներդրումներ»,– գրել էր նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
Զարուհի Բաթոյանը նաև հայտնել էր , որ տուն–ինտերնատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը նախապես տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման է սահմանվելու, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ներկայիս աշխատակիցներին:
«Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,– գրել է նախարարը։
Նշենք, որ տարեցների հացադուլի առիթ էր հանդիսացել խոսքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է լուծարել տուն-ինտերնատը և տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության, որն ընտրվելու է մրցութային կարգով։
Դիտումների քանակը` 1508