Վանաձոր-2016. թեկնածուների գրեթե մեկ երրորդը կանայք են/ ինֆոգրաֆիկա

 

Հոկտեմբերի 2-ին կայանալիք  Վանաձորի  ավագանու ընտրություններին 8  կուսակցություն է մասնակցելու: Նրանց նախընտրական ցուցակներում, ընդհանուր թվով 326 թեկնածու է ներկայացված, որոնցից  93-ը կամ  29% -ը կանայք են: Հիշեցնենք, որ  օրենքով սահմանված  պահանջով, կուսակցությունները պետք է ապահովեին իրենց նախընտրական ցուցակներում սեռերի 25/75 համամասնությունը:

 

Վանաձորում   առաջադրված  կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը տատանվում է    25% -ից  իշխող ՀՀԿ  -ի և «Բարգավաճ Հայաստանի» դեպքում մինչև  33% «Համախմբում» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների  ցուցակներում:   ՀՅԴ-ն ներկայացրել է  32 % կին,  «Հայ ազգային կոնգրեսի  ցուցակում  կանայք 27 %  են  և «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում ՝ 28.5 %: «Լուսավոր Հայաստան»-ի  ցուցակում օրենքի պահանջը՝ յուրաքանչյուր քառյակում մեկ կին,  պահպանված է, սակայն ընդհանուր թվով  կանայք 23 տոկոս են:

 

Վանաձորում առաջադրված  կուսակցություններից չորսը  ներկայացրել են կին թեկնածուներին  ցուցակի առաջին եռյակում, երկրորդ  կեսը՝ 4-րդ համարից սկսած:   Ցուցակներից  միայն մեկն  է կին գլխավորում՝  Այծեմնիկ Օհանյանը ԲՀԿ-ից:

 

Ներկայացնենք առաջադրումներն  ավելի մանրամասն.

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Վանաձորի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որի ընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածուն: Ի դեպ, ԲՀԿ ղեկավարությունը նման որոշում է կայացրել սոցիոլոգիական հարցման հիման վրա, որի արդյունքները ցույց են տվել, որ ԲՀԿ անդամ,  Վանաձորի Բժշկական կենտրոնի տնօրեն  Այծեմնիկ Օհանյանը ,  ավելի նախընտրելի թեկնածու է քաղաքի բնակիչների համար: Այսպիսով, ԲՀԿ-ի  հաջողության դեպքում Վանաձորը կունենա առաջին կին քաղաքապետը:

ԲՀԿ ընտրական ցուցակում ներկայացված  28 թեկնածուներից  7-ը կին են կամ 25%-ը: Առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա` ցուցակը գլխավորող Այծեմնիկ Օհանյանից հետո հաջորդը 8-րդ հորիզոնականում է ՝ Վանաձորի խնամքի կենտրոնի փոխտնօրեն Մարիամ Ապերյանն է:  Այնուհետ կանանց ներկայացվածության առումով  գործում է «ամեն քառյակում մեկ կին» սկզբունքը:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

ՀՀ  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ղեկավարվող  կուսակցությունը Վանաձորի  ընտրություններին է  մասնակցում  35 –հոգանոց  ընտրական ցուցակով, որը գլխավորում է պատգամավորի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Ցուցակում ընդամենը 8 կին թեկնածու  կա (23%) , որոնք ներկայացված են  յուրաքանչյուր քառյակում մեկ կին սկզբունքով: Առաջինը  4-րդ հորիզոնականում է՝  Կարինե Ղուկասյանը («Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկա-բժիշկ պատասխանատու, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն), հաջորդը 8-րդում  տեղում՝  Անահիտ Կարապետյանը (ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ-դասախոս: Վանաձորի քաղաքապետարանի Գր. Հախինյանի անվան «Հորովել»  երգի-պարի համույթ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն) եւ այլն :

 

«Համախմբում»  կուսակցություն

ՀՀ  ԱԺ պատգամավոր, ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել՝ նախընտրական ցուցակում 33 թեկնածու ներառելով: Կանանց թիվը այս ցուցակում 11-ն է կամ 33 %: Առաջին տասնյակում նրանք դարձյալ երկուսն են՝ Արաքսի Մխիթարյանը («Հանս և Գինուշ» ՍՊԸ-մենեջեր,Համախմբում) 3-րդ հորիզոնականում և Կարինե Բեկչյանը (չի աշխատում, Համախմբում)՝ 7-րդ տեղում:

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

ՀԱԿ-ի ցուցակում  ընդգրկված է  33 թեկնածու, նրանցից   9-ն են կին: Առաջին կին թեկնածուն ներկայացված  է 3-րդ հորիզոնականում՝ Անահիտ Մաթևոսյանը (չի աշխատում, անկուսակցական): Հաջորդը Լաուրա Գրիգորյանն է (չի աշխատում, ՀԱԿ անադամ )՝  7-րդ հորիզոնականում: Այնուհետ՝ ըստ քառյակների:

 

«Հայ հեղափոխական դաշնակցություն»  կուսակցություն

ՀՅԴ-ի  նախընտրական ցուցակում,  որը գլխավորում է Նելսոն Մամուլյանը, ներկայացված է  38 թեկնածու, որոնցից  12-ն են  կին: Առաջին տասնյակում երկու կին թեկնածու, մեկնարկը 3-րդ հորիզոնականից ազդարարում է Արմենուհի Կյուրեղյանը (ՎՊՀ, դոցենտ, ՀՅԴ անդամ, Համալսարանական կրթության ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ), հաջորդը 7-րդ հորիզոնականում՝  Արևիկ Լոքյանն է (ՎՊՀ քոլեջ, տնօրեն, անկուսակցական):

 

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

ՀՀԿ  նախընտրական ցուցակում   68  թեկնածու է ընդգրկված: Ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը, ով ՀՀԿ-ին անդամագրվել է միայն այս տարի: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդամենը երկու կին թեկնածու է ներկայացված: Առաջինը  4-րդ հորիզոնականում է՝ անկուսակցական Գայանե Քալանթարյանը («Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ, տնօրեն, Անկուսակցական ): Հաջորդը՝ 8-րդ հորիզոնականում՝ ՀՀԿ-անդամ  Անահիտ Փոլադյանը (Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ, ՀՈԱԿ, տնօրեն):

Ընդհանուր առմամբ ՀՀԿ ցուցակում 17 կին է ընդգրկված  կամ 25%-ը: Բոլորը  ներկայացված  են   յուրաքանչյուր  4-րդը  սկզբունքով:

 

«Հայկական վերածնունդ»  կուսակցություն

Կուսակցությունը Վանաձորում  ներկայացրել է պատկառելի թվով ընտրական ցուցակ՝ 70 անուն: Այն գլխավորում է Արկադի Փելեշյանը, կանանց թիվը ՝ 23  կամ 33%:  Առաջին կին թեկնածուն ներկայացված է 4-րդ հորիզոնականում՝ «Հայկական վերածնունդ » կուսակցության անդամ  Մերի Եղիազարյանն է («Աջակցություն հղի կանանց»  ծրագիր, սոցիալական աշխատող), երկրորդ կին թեկնածուն 8-րդ հորիզոնականում՝  կուսակցության անդամ  Հասմիկ Խլոպուզյանն է (չի աշխատում):

Ուշագրավն այն է, որ եթե ցուցակի սկզբում կուսակցությունը պահպանում է ամեն քառյակում մեկ կին սկզբունքը, ապա ցուցակի կեսերից այդ համամասնությունը խախտվում է, կանայք ընդգրկված են  ամեն եռյակում: Իսկ ցուցակի վերջում ընդհանրապես կին թեկնածուների շքերթ է՝ 60-65-րդ հորիզոնականներում միայն կանայք են ներկայացված:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

ՀՀ  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  կուսակցության նախընտրական ցուցակում  ներկայացված է  21 թեկնածու,  որոնցից  միայն 6-ն են կանայք: Առաջին կին թեկնածուն տեղակայված է միայն 4-րդ հորիզոնականում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  Շուշանիկ Ոսկանյանն է («Օպտիմում Դենտ» ՍՊԸ բուժքույր), երկրորդ կին թեկնածուն  կուսակցության անդամ Արաքսյա Գաբոյանն է՝  8-րդ հորիզոնականում:

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին  Գյումրիում և Վանաձորում կայանալիք  ավագանու ընտրությունները առաջին անգամ են անցկացվելու համամասնական ընտրակարգով: Ընտրական նոր օրենսգրքի անցումային դրույթներով  ( ԸՕ  հոդված 144 –ի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետեր)  Գյումրիում և Վանաձորում անցկացվող  այս ընտրություններում գործում  է 25-տոկոսանոց  գենդերային  քվոտան, ինչը նշանակում է, որ առաջադրվող կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:   Օրենսգրքի մեկ այլ դրույթով երշախվորվում է  քվոտայի պահպանումը  ընտրություններից հետո՝ մանդատից հրաժարվելու  դեպքում: Մասնավորապես, եթե  ինքնաբացարկի արդյունքում  տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա մանդատը  տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 2838

Գլխավոր էջ