«Իմ նկատմամբ այսօրինակ վերաբերմունքն իմ կին լինելու պատճառով էր». Ուրսուլա ֆոն դեր Լայենը «sofagate» սկանդալի մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն երեկ առաջին անգամ մեկնաբանել է ապրիլի 6-ին Անկարայում տեղի ունեցած տգեղ դիվանագիտական միջադեպը, որը համաշխարհային քաղաքական ասպարեզում և մամուլում անվանել են sofagate՝ բազմոցի սկանդալ: Ելույթ ունենալով Եվրախորհդարանի ամբիոնից նա ասել է , որ վիրավորված է զգացել իրեն որպես կին և եվրոպացի, քանի որ կատարվածն, իր համոզմամբ, արարողակարգային հարց չէր, այլ Եվրամիության արժեքների նկատմամբ վերաբերմունք էր:
Հիշեցնենք, որ Անկարայում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Եվրամիության երկու հավասարազոր ղեկավարների բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չի տրամադրվել։ Էրդողանն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցելու համար նստել են իրար մոտ դրված երկու բազկաթոռներին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշ ժամանակ կանգնած է մնացել, ապա ստիպված տեղավորվել է մի քիչ ավելի հեռու գտնվող բազմոցին: Նրա դիմաց, մեկ այլ բազմոցի վրա տեղավորվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով իր կարգավիճակով շատ ավելի ցածր պաշտոն է զբաղեցնում, քան Եվրահանձնաժողովի նախագահը։
Երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՝ անդրադառնալով այդ միջադեպին, խոստովանել է, որ Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած նվաստացուցիչ ու վիրավորական դրվագից խորը ցավ է ապրել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահն եմ և համարժեք ընդունելություն եմ ակնկալել Թուրքիայում, բայց այդպես չէր, եվրոպական և ոչ մի պայմանագրում նման վերաբերմունքի արդարացում չկա, հետևաբար ես հանգել եմ այն եզրակացության, որ իմ նկատմամբ այսօրինակ վերաբերմունք էր իմ կին լինելու պատճառով, արդյո՞ք նման բան կպատահեր, եթե ես լինեի կոստյումով և փողկապով, այդ սրահը պատկերած բազում հին լուսանկարներում ես շատ բազկաթոռներ եմ նկատել, ճիշտ է, այդ նկարներում պատկերված չէր և ոչ մի կին»,- ասել է ֆոն դե Լայենը:
Միջադեպից օրեր առաջ Էրդողանն արձակել էր Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու հրամանագիրը և խիստ քննադատության էր ենթարկվել եվրոպական բոլոր քաղաքական, պետական և իրավապաշտպան կառույցների կողմից: Թուրքիայում, հիմնականում մեծ քաղաքներում, տեղի են ունեցել բողոքի ցույցեր:
Սկանդալի հնարավոր բացատրություններից առավել հավանական են երկուսը՝ կա՛մ sofagate-ն արարողակարգային թյուրիմացություն էր, կա՛մ էլ Էրդողանը ցանկացել է բառիս բուն իմաստով «իրենց տեղը նստեցնել» կանանց ու հատկապես Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Պաշտոնական Անկարան՝ նախագահի աշխատակազմը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում են, թե Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Շարլ Միշելին ընդունելու արարողակարգն, իբր, համաձայնեցվել է Բրյուսելի հետ, իսկ բարձրաստիճան հյուրերին նախագահի նստավայրում ստորացնելու մասին եվրոպացիների տարածած ասեկոսեները սոսկ անհիմն մեղադրանք են և զրպարտություն:
Իսկ ինչո՞ւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն անմիջապես չի կողմնորոշվել, չի կանգնել և որպես ջենտլմեն իր բազկաթոռը չի առաջարկել Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
«Ինչ վերաբերվում է բազկաթոռի միջադեպին, ես արդեն հրապարակավ խոսել եմ, ներողություն եմ խնդրել հանձնաժողովից և բոլոր նրանցից, ովքեր իրենց վիրավորված են զգացել, պատճառը հայտնի է՝ Եվրոպական խորհրդի արարողակարգի թիմին չեն ընձեռել հանդիպման սրահ մտնելու հնարավորություն, և Եվրոպական հանձնաժողովն էլ պրոտոկոլի թիմ նախապես չէր ուղարկել: Ես և Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամեն ինչ կանենք, որ ապագայում նման բան չպատահի և համապատասխան հանձնարարականներ ենք տվել մեր արարողակագրի և դիվանագետների խմբերին»,- ասել է Շարլ Միշելը:
Գերմանական և բրիտանական համալսարաններում կրթություն ստացած, մասնագիտությամբ տնտեսագետ և բժիշկ, նախկինում Գերմանիայի երիտասարդության և ընտանիքի հարցերի, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի, դրանից հետո էլ պաշտպանության նախարար, 7 երեխաների մայր, 62-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի ընդհանուր պատկերի մեջ է դիտում տհաճ միջադեպը:
Երեկ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում` նա ընդգծել է, որ կանայք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, նշել է, որ ինքը՝ որպես բարձրաստիճան և հեղինակավոր պաշտոնյա, ունի մեծ լծակներ, կարող է բարձրաձայն բողոքել, իսկ ի՞նչ անեն աշխարհի չորս անկյուններում ապրող միլիոնավոր կանայք, ովքեր ձայնազուրկ են և չունեն մի ատյան, որից կարող են օգնություն խնդրել:
«Մեծարգո՛ պատգամավորներ, շատերդ՝ հատկապես այս հեղինակավոր տանը ներկայացված կանայք, անցյալում նման պահեր երևի ապրել եք, վստահ եմ, որ գիտեք, թե ինչ եմ ես զգացել. ես վիրավորված էի և միայնակ՝ որպես կին և եվրոպացի, և սա հյուրերին տեղավորելու արարողակարգի հարց չէ, սա մեր էության հարցն է, սա մեր միության պաշտպանած արժեքների հարցն է, և դա ցույց է տալիս, թե որքան երկար ճանապարհ դեռ պետք է անցնենք, որ ընդմիշտ և ամենուր կանանց համար ապահովենք հավասար իրավունքներ կանանց համար»,- երեկ Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Աղբյուրը ՝ «Ազատություն» ռադիոկայան
Դիտումների քանակը` 1265