Ծովինար Սամսոնյան. « Շատ  եմ կարևորում  երիտասարդ ու բանիմաց  կադրերի  ներգրավումը  Երևանի կառավարմանը»

WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու  ընտրություններին «Երևանցիներ» դաշինքի  ցուցակի 8 հորիզոնականում առաջադրված թեկնածու Ծովինար Սամսոնյանը:

 

 

Ծնվել 1  1966-թ. Էջմիածին քաղաքում,  ավարտել է Երևանի  ֆիզիկական  կուլտուրայի հայկական  պետական  ինստիտուտն ու Վարդանանց  համալսարանը: Աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կենտրոն  և Նորք  Մարաշի Քաղաքացիական կացության  ակտերի  գրանցման  տարածքային  բաժնում:

 

 

Աշխատանքի բերումով կարևորում է Երևանի  բնակիչների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացումը, ինչը օգնելու է  նրանց հետամուտ լինելու  իրենց սոցիալական և այլ իրավունքների պաշտպանության հարցերում: Դա իհարկե չի բացառում  քաղաքային  իշխանության պատասխանատվությունը  այնպիսի թափանցիկ ու ճիշտ կառավարման մոդել ապահովելու առումով, որը կնպաստի մայրաքաղաքի զարգացմանն ու Երևանի  բնակչի բարեկեցիկ  կյանքի ապահովմանը:

 

 

– Որո ՞նք են,  Ձեր դիտարկմամբ,  մայրաքաղաքի հրատապ  խնդիրները:

 

– Ըստ առաջնահերթության  ես  առանձնացնում եմ  տարեցների խնամքի հարցը: Հայաստանում ներդվել է տարեցների խնամքի մոդելը՝  տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով:  Գտնում եմ, որ  հիվանդ  և  տարեց  մարդկանց  խնամքն ավելի լավ  կազմակերպելու համար  կամավորներին պետք է տրամադրել տեղաշարժման համար  սայլակներ և այլ  միջոցներ, բացի  դա  կամավորների աշխատանքը   խթանելու  համար նրանց  տրամադրել  հավաստագիր:

 

Երևանի  առաջնային խնդիրներից է  աղբահանությունը, որը,  կարծում եմ, ոչ ճիշտ  կառավարման  հետևանք է,  չեմ  բացառում  նաև  մայրաքաղաքի  բնակչի մի  հատվածի  անհարգալից վերաբերմունքը  սեփական  քաղաքի  մաքրության  հանդեպ: Երևանցին  պետք է  սիրի ու փայփայի  իր քաղաքը սեփական  տան,  օջախի  նման: Լուծման  տարբերակ է տվյալ ոլորտում  ճիշտ, աշխատող, գործին  նվիրված  կադրերի  ընտրությունը: Կարևորը ոչ  այնքան  ծրագիրն է, որքան  դրա  իրագործման ուղիներն ու  մեխանիզմները: Մենաշնորհի  վերացումը  կլինի աղբահանության  լուծման  տարբերակներից  մեկը:

 

Առանձնացնում  եմ նաև քաղաքային տրանսպորտի ակնհայտ խնդիրը:  Մարդիկ շարունակում են տառապել՝ երթևեկելով անմարդկային պայմաններում, միկորավտոբուսներում խցկվելած ճանապարհ գնալով: Սա ոչ միայն սոցիալական, տնտեսական, անվտանգության, բնապահպանական, այլև առաջին հերթին արժանապատվության խնդիր է: Ես  գտնում եմ, որ  ավտոմեքենաների, երթուղայինների քանակի  կրճատման  հաշվին պետք է ավելացնել  հեծանվաուղիները: Երևանում բազմաթիվ են  այն  փողոցները, որոնք վերածվել են  կայանատեղիների, դրանք խոչընդոտում են կանգառներին  մոտեցող երթուղայինների ու  ավտոբուսների աշխատանքը, անանցանելի դարձնում  հետիոտնի համար   նախատեսված  մայթերը: Այս ամենի  կանոնակարգումը  պետք է  լինի  Երևանի  նոր իշխանությունների  օրակարգում:

 

 

-Ինչպիսի ՞ն եք ուզում  տեսնել մայրաքաղաքի  դեմքը:

 

– Այսօր քաղաքը կանգնած  է իր դեմքը կորցնելու վտանգի առջև ու իր իրավունքների համար պայքարողների կարիք ունի:  Իմ  կարգախոսն է՝ «Արժևորելով  հինը,  կառուցենք  նորը»:  Թեև  զբոսաշրջիկների համար Երևանը  կոլորիտային շենքերով ու գունային  համադրությամբ քաղաք է,  բայց  մենք  գիտենք,  թե հանրապետության անկախացումից  հետո Երևանն  ինչպիսի կորուստներ ունեցավ: Բոլորն են  հիշում, որ Երևանի կենտրոնում տարիներ շարունակ կառուցվող, քաղաքի համաչափությունն ու թամանյանական նախագիծը փչացնող էլիտար շենքերի  շինարարության  ընթացքում որքան  ցույցեր,  բողոքի ակցիաներ էին  ընթանում: Անգամ ոմանք խոստանում էին երբևէ չքայլել Հյուսիսային պողոտայով, շրջանցել քաղաքի այդ հատվածը: Շրջանցել պողոտան, այսօր, իհարկե, դժվար է, բայց քաղաքի համաչափությանը հասցրած վնասն ակնհայտ է: Կուզեի, որ ընթացք  տրվեր Հին Երևանի  վերականգնման  ծրագրին: Երևանի դեմքը  նաև Հին Երևանն է,  մայրաքաղաքի  պատմությունը:

 

 

-Ըստ  Ձեզ,  ինչպիսի՞  քաղաքապետ է ուզում  տեսնել երևանցին:

 

-Այն  թեկնածուն, ով  կընտրվի Երևանի քաղաքապետ պետք է  լինի ազնիվ ու սրտացավ, հոգատար Երևանի  ու երևանցիների  հանդեպ, կարողանա ճիշտ և  գրագետ  կառավարել մայրաքաղաքը: Շատ  եմ կարևորում  երիտասարդ ու բանիմաց  կադրերի  ներգրավումը Երևանի կառավարման տարբեր  ոլորտներում: Մենք  հիանալի ու պատրաստված երիտասարդներ ունենք, ովքեր  համեստորեն  իրենց  գործն են անում,  շատերն էլ  հեռանում են  երկրից: Այս  ցավալի արտահոսքը,  արտագաղթը  կասեցնել է  պետք՝ օգտագործելով  երիտասարդների  ներուժը  մայրաքաղաքի  զարգացման  համար:

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 1430

Գլխավոր էջ