Ծովիկ Օհանյան. «Հետաքրքիր ու նոր գաղափարները ծնվում են պատային իրավիճակներում»

«Մարդուն  հաջողություն է  բերում  պրպտող  միտքն ու աշխատող  ձեռքերը, որոնք  համադրելով կարող ես ապահովել  բարեկեցիկ  կյանք քո  և շրջապատի համար»,-  ասում է WomenNet.am-ի  զրուցակից՝  «Բյուրակն»  գյուղատնտեսական  կոոպերատիվի նախագահ,  «Չրի Տուն» /Chir’s House / համալիրի հիմնադիր Ծովիկ Օհանյանը:

 

 

Ծովիկ Օհանյանի Չրի տունը ագրոտուրիզմի համար նախատեսված համալիր է։ Այստեղ արտադրվում են ելակի, ծիրանի, սալորի չորամրգեր։ Չրի տան արտադրանքը  պահանջարկ ունի  ոչ միայն  ներքին  շուկայում, այլև երկրից  դուրս:

 

 

Ագրոտուրիզմով  զբաղվող գյուղատնտեսներն ու նաև չրի սիրահարները վաղուց քաջատեղյակ են Ծովիկ Օհանյանի  անուշահամ և  օրգանիկ արտադրանքին, որոնք  մշտապես  ներկայացվում են  գյուղմթերքի փառատոններում:

 

 

Ծովիկ Օհանյանին  հանդիպեցի այս տարվա սեպտեմբերին  Ձորաղբյուրում  «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնած ավանդական գյուղմթերքի փառատոնին, որտեղ  հայ գյուղատնտեսների  հետ իրենց արտադրանքը  ցուցադրելու և վաճառելու  էին եկել    Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի և այլ երկրների ֆերմերներն ու  ֆերմերային խմբերը:

 

 

Ծովիկ Օհանյանի տաղավարի  տեսականին հատկապես  արտասահմանցի զբոսաշրջիկներին են գրավել:   Նախ շատ բազմազան էր, երկրորդը այս  անգամ  նրա տեսականին ավելացել էր կախասնկի չրով,  չիպսով ու փոշիով, որը  միակն էր ողջ փառատոնում: Թեև հետաքրքրասերները նրան «հանգիստ»  չէին  տալի բազմաթիվ հարցերով, այնուհանդերձ մեզ  հաջողվեց զրուցել  Ծովիկի  հետ:

 

 

Նրա խոսքով համավարակի  ընթացքում գյուղոլորտի շատ կազակերպություններ ֆինանսական  կորուստներ ունեցան: Իր ընտանեկան  բիզնեսը բացառություն  չէր: Չրի  վաճառք  և արտահանում  չէր իրականացվում, նվազել էր զբոսաշրջիկների հոսքը:

 

 

-Ինչպես  միշտ, հետաքրքիր ու նոր  գաղափարները ծնվում են  պատային  իրավիճակում: Չէի հուսահատվում,  համոզված էի, որ ժամանակի ընթացքում ամեն  ինչ կկարգավորվի, որ պետք է նոր տարբերակներ մտածել, թարմացնել  արտադրանքի տեսականին: Մտածեցի ու որոշեցի փորձել աճեցնել կախասունկ: Ունեինք ազատ  տարածք, այն ամբողջովին ախտահանեցինք, վերանորոգեցինք, վերազինեցինք կախասնկի արտադրամասի համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղադրեցինք գոլորշի արտադրող  օդափոխման  համակարգ, տարածքն  ապահովեցինք անհարժեշտ ջերմությամբ,  խոնավությամբ և օդափոխությամբ,-պատմում է  Ծովիկը:

 

 

 

Այս  տարվա  հունվարի ամսին ստացվեց առաջին  բերքը, կազմակերպվեց օն-լայն  վաճառք Երևանում, սակայն արդյունքը շահավետ չէր, քանի որ մինչև Երևան հասցնելը դժվար էր, ճանապարհին սունկը  ջրարկվում էր,  կորցնում քաշը, բացի դա  ծախսատար էր: Ու քանի որ ուներ չրի արտադրամաս, Ծովիկը որոշեց պատրաստել  կախասնկի չիր: Բազմաթիվ  փորձարկումներից և հատուկ  տեխնոլոգիաների կիրառմամբ  համոզվեց, որ չրի տեսքով սունկը  շարունակում է  պահպանել  իր համային և որակական հատկությունները, անգամ  երկար ժամանակ  սառնարանում  մնալուց  հետո:

 

 

Հաջողությանը հաջորդեցին  նոր մտահողացումներ, ծնվեց կախասնկի չիպս և  փոշի արտադրելու գաղափարը: Այս դեպքում  կորուստները  բացառվում են:

 

 

Կախասնկի չիպսը  տաք  ջրում 10 րոպե  պահելուց  հետո այն փափկում է, նրա  համային  որակը վերականգնվում է,  ինչպես սովորական թարմ  սնկինը: Ի դեպ, մեր սնկի չրերը ներկայացվել են նաև Գերմանիայում և Բուլղարիայում կայացած փառատոններում: Հիմա որոշել եմ չիպսը պատրաստել  համեմունքներով՝ աղով, սխտորով, որպես գարեջրի հետ մատուցվող թեթև ուտեստ: Կարծում եմ  գարեջրի սիրահարների համար հինալի ուտեստ է: Կախասնկի չիպստը  կարելի է օգտագործել ապուրների,  շիլաների, սալաթների, ձվածեղի մեջ,-ասում է Ծովիկը:

 

 

Նա վերջերս ստացել է  նաև կախասնկի փոշի, ու արդեն փորձարկել է,  ասում է վիտամիններով  հարուստ սնկի  փոշին  կարելի է  օգտագործել  նաև  մանկական սննդի,  շիլաների մեջ:

 

 

Ծովիկ Օհանյանն առանձնահատուկ ոգևորությամբ է  պատմում   վերջին  գաղափարի՝ ֆիտնես  կոնֆետների իրականացման  մասին, որոնք  նրա  խոսքով  պատրաստվում է օրգանիկ չրի, մեղրի, ընկույզի  համադրությամբ, քանի որ նախատեսվում է  հիմնականում  մանուկների համար: Ֆիտնես կոնֆետի մի փոքր  խմբաքանակ  որպես փորձանմուշ ուղարկվել է Բուլղարիա: Դրական  պատասխանի դեպքում  կարտադրվի  մեծ խմբաքանակով:

 

 

Պրպտող  միտքը նոր գաղափարների շտեմարան է, ու համոզված կարելի է ասել, որ  Ծովիկ Օհանյանը  իր նոր գաղափարներով կհարստացնի  հայկական անուշահամ  և  օրգանիկ մրգերից  պատրաստված արտադրանքի  տեսականին, քանի որ նպատակ ունի ոչ միայն չլքել հայրենիքը, այլև նպաստել արգոտուրիզմի զարգացմանը:

 

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1372

Գլխավոր էջ