Ծովիկ Օհանյան. «Հետաքրքիր ու նոր գաղափարները ծնվում են պատային իրավիճակներում»
«Մարդուն հաջողություն է բերում պրպտող միտքն ու աշխատող ձեռքերը, որոնք համադրելով կարող ես ապահովել բարեկեցիկ կյանք քո և շրջապատի համար»,- ասում է WomenNet.am-ի զրուցակից՝ «Բյուրակն» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ, «Չրի Տուն» /Chir’s House / համալիրի հիմնադիր Ծովիկ Օհանյանը:
Ծովիկ Օհանյանի Չրի տունը ագրոտուրիզմի համար նախատեսված համալիր է։ Այստեղ արտադրվում են ելակի, ծիրանի, սալորի չորամրգեր։ Չրի տան արտադրանքը պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև երկրից դուրս:
Ագրոտուրիզմով զբաղվող գյուղատնտեսներն ու նաև չրի սիրահարները վաղուց քաջատեղյակ են Ծովիկ Օհանյանի անուշահամ և օրգանիկ արտադրանքին, որոնք մշտապես ներկայացվում են գյուղմթերքի փառատոններում:
Ծովիկ Օհանյանին հանդիպեցի այս տարվա սեպտեմբերին Ձորաղբյուրում «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնած ավանդական գյուղմթերքի փառատոնին, որտեղ հայ գյուղատնտեսների հետ իրենց արտադրանքը ցուցադրելու և վաճառելու էին եկել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի և այլ երկրների ֆերմերներն ու ֆերմերային խմբերը:
Ծովիկ Օհանյանի տաղավարի տեսականին հատկապես արտասահմանցի զբոսաշրջիկներին են գրավել: Նախ շատ բազմազան էր, երկրորդը այս անգամ նրա տեսականին ավելացել էր կախասնկի չրով, չիպսով ու փոշիով, որը միակն էր ողջ փառատոնում: Թեև հետաքրքրասերները նրան «հանգիստ» չէին տալի բազմաթիվ հարցերով, այնուհանդերձ մեզ հաջողվեց զրուցել Ծովիկի հետ:
Նրա խոսքով համավարակի ընթացքում գյուղոլորտի շատ կազակերպություններ ֆինանսական կորուստներ ունեցան: Իր ընտանեկան բիզնեսը բացառություն չէր: Չրի վաճառք և արտահանում չէր իրականացվում, նվազել էր զբոսաշրջիկների հոսքը:
-Ինչպես միշտ, հետաքրքիր ու նոր գաղափարները ծնվում են պատային իրավիճակում: Չէի հուսահատվում, համոզված էի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, որ պետք է նոր տարբերակներ մտածել, թարմացնել արտադրանքի տեսականին: Մտածեցի ու որոշեցի փորձել աճեցնել կախասունկ: Ունեինք ազատ տարածք, այն ամբողջովին ախտահանեցինք, վերանորոգեցինք, վերազինեցինք կախասնկի արտադրամասի համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղադրեցինք գոլորշի արտադրող օդափոխման համակարգ, տարածքն ապահովեցինք անհարժեշտ ջերմությամբ, խոնավությամբ և օդափոխությամբ,-պատմում է Ծովիկը:
Այս տարվա հունվարի ամսին ստացվեց առաջին բերքը, կազմակերպվեց օն-լայն վաճառք Երևանում, սակայն արդյունքը շահավետ չէր, քանի որ մինչև Երևան հասցնելը դժվար էր, ճանապարհին սունկը ջրարկվում էր, կորցնում քաշը, բացի դա ծախսատար էր: Ու քանի որ ուներ չրի արտադրամաս, Ծովիկը որոշեց պատրաստել կախասնկի չիր: Բազմաթիվ փորձարկումներից և հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ համոզվեց, որ չրի տեսքով սունկը շարունակում է պահպանել իր համային և որակական հատկությունները, անգամ երկար ժամանակ սառնարանում մնալուց հետո:
Հաջողությանը հաջորդեցին նոր մտահողացումներ, ծնվեց կախասնկի չիպս և փոշի արտադրելու գաղափարը: Այս դեպքում կորուստները բացառվում են:
–Կախասնկի չիպսը տաք ջրում 10 րոպե պահելուց հետո այն փափկում է, նրա համային որակը վերականգնվում է, ինչպես սովորական թարմ սնկինը: Ի դեպ, մեր սնկի չրերը ներկայացվել են նաև Գերմանիայում և Բուլղարիայում կայացած փառատոններում: Հիմա որոշել եմ չիպսը պատրաստել համեմունքներով՝ աղով, սխտորով, որպես գարեջրի հետ մատուցվող թեթև ուտեստ: Կարծում եմ գարեջրի սիրահարների համար հինալի ուտեստ է: Կախասնկի չիպստը կարելի է օգտագործել ապուրների, շիլաների, սալաթների, ձվածեղի մեջ,-ասում է Ծովիկը:
Նա վերջերս ստացել է նաև կախասնկի փոշի, ու արդեն փորձարկել է, ասում է վիտամիններով հարուստ սնկի փոշին կարելի է օգտագործել նաև մանկական սննդի, շիլաների մեջ:
Ծովիկ Օհանյանն առանձնահատուկ ոգևորությամբ է պատմում վերջին գաղափարի՝ ֆիտնես կոնֆետների իրականացման մասին, որոնք նրա խոսքով պատրաստվում է օրգանիկ չրի, մեղրի, ընկույզի համադրությամբ, քանի որ նախատեսվում է հիմնականում մանուկների համար: Ֆիտնես կոնֆետի մի փոքր խմբաքանակ որպես փորձանմուշ ուղարկվել է Բուլղարիա: Դրական պատասխանի դեպքում կարտադրվի մեծ խմբաքանակով:
Պրպտող միտքը նոր գաղափարների շտեմարան է, ու համոզված կարելի է ասել, որ Ծովիկ Օհանյանը իր նոր գաղափարներով կհարստացնի հայկական անուշահամ և օրգանիկ մրգերից պատրաստված արտադրանքի տեսականին, քանի որ նպատակ ունի ոչ միայն չլքել հայրենիքը, այլև նպաստել արգոտուրիզմի զարգացմանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1447