«Մենք բոլորս այլևս մտել ենք թշնամանքի և ատելության  ականապատ տարածք»…

 

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդես է եկել սեքսիստական բնույթի խայտառակ  գրառմամբ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին՝ անցնելով  բարեկրթության ու դաստիարակության բոլոր սահմանները: Պաշտոնական անձի նման անընդունելի վարքը խիստ քննադատության է արժանացել…

 

 

«Սերժի ու փեսու ՊՈԱԿ-ի Անժելան է։ Տասնամյակով ՊՈԱԿ-ի փողերը կերան իբր ադրբեջանցիների դեմ ինֆորմացիոն պատերազմ էին «մղում», բայց ձեռքի հետ ֆեյքերով մեզ էին վրա տալիս… Նայեք թե ինչով են հիմա զբաղված, կհամոզվեք։ Հիմա իշխանության կորստից փողային կլիմաքսի մեջ են հայտնվել։ Վերջին հույսը փեսու փոստարկղն էր, էդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ ու միայն հանրության զվարճալիք է դարձել։ 360/360 ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս։ Ափսոս կանայք կան, թե չէ կասեի, թե ինչը թոթոլ տոտոշներին քցեր… Փեսուն ասեք վուլգառ ու հակահիգիենիկ փսնթուներդ հավաքի։ Մենք այդպիսի ժամանակ չունենք»,- գրել է  Հանրային խորհրդի նախագահ հանդիսացող անձը, ով ի պաշտոնե իրավունք չունի  նման բառամթերք օգտագործելու…

 

 

«Ակնկալում եմ արձագանք»…

 

Այս գրառմանն ի պատասխան` Անժելա Էլիբեգովան գրել էր. «Եվ ուրեմն

  1. բոլոր նշված «փաստերը» իմ անձի վերաբերյալ առաջարկում եմ երկուշաբթի առավոտյան տանել ոստիկանություն և հետևողականորեն ապացուցել դրանց իսկությունը, իրավական համակարգի բոլոր լծակները ձեր տրամադրության տակ են։ Եթե չհաջողվեց ապացուցել, ֆիքսենք, որ զուտ օդ ես տատանում հերթական անգամ
  2. համացանցում ազատ ես գրել կնոջդ, քրոջդ, մորդ մարմնի մասերից, իմ մարմինը իմ և ամուսնուս անձնական տարածքն ա։ Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ
  3. Այնուամենայնիվ կանանց իրավունքներով զբաղվող բազմաթիվ ՀԿ-ների ուշադրությունը հրավիրում եմ Հանրային խորհրդի նախագահի պահվածքի վրա, ակնկալում եմ արձագանք»։

 

 

Արման Թաթոյան.

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք»

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արձագանքելով,  Սաֆարյանի գրառմանը , մասնավորապես  կոչ է արել է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:

 

 

«Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա ի վերջո սադրում է բռնություն: Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական հետևանքներ, այդ թվում՝ պատասխանատվություն:

 

 

Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը: Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են: Ցանկացած տեսակի բանավեճում պետք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու: Սրանք կանոններ են, որ կնպաստեն հասարակությունում համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի երշախավորմանը», –  նշել է օմբուդսմենը:

 

 

 

Նաիրա Զոհրաբյան.

 

«Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա»

 

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոսեց բարոյական կոլլապսի մասին:   

 

« Ավելի վախկոտ քայլ, քան կնոջը թիրախավորելը, գոնե ինձ համար, չկա։ Ու հեչ կարևոր չի ՝ էդ կինը ո՞ր քաղաքական ֆլանգից է ՝ իմքայլակա՞ն, լուսավորի՞ց, արտախորհրդարանական որևէ ուժի՞ց, քաղակտիվիստների՞ց, թե՞ Ստյոպա Սաֆարյանի քույրը, ում ատելության թիրախ էին սարքել։ Անկեղծ ցավ ապրեցի, երբ կարդացի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի նախագահի գրառումը։ Մենք բոլորս այլևս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա… Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա: Սա այլևս ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթում ենք բոլորս: Չգիտեմ ինչի, բայց կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից: Որովհետև` էդպես ճիշտ կլինի»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:

 

 

 

Ծովինար Կոստանյան.

 

«Կոչ են անում    կին քաղաքական և հասարակական գործիչներին սոլիդարություն ցուցաբերել»

 

 

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ  Tsovinar Kostanyan -ի  արձանագրմամբ,   Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող կանանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության կարիք կա: Եվ սա անխտիր վերաբերվում է մեր երկրում հասարակական և քաղաքական գործունեություն ծավալող ԲՈԼՈՐ կանանց:

 

Նա կոչ է արել  կին քաղաքական և հասարակական գործիչներին սոլիդարություն ցուցաբերել և, անկախ քաղաքական հայացքներից, դատապարտել այս երևույթը, որպեսզի միասնական ուժերով կարողանանք Հայաստանում բարձր արժեքներ պարունակող քաղաքական մշակույթ ձևավորենք:

 

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դատապարտում եմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ քաղաքագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին արված ո՛չ քաղաքական բնույթի, ո՛չ քննադատություն պարունակող, այլ մասնավորապես անձնականին վերաբերող մեկնաբանությունները, որոնք խտրականություն ու ցածրորակ քաղաքական դիսկուրսի դրսևորում են: Անկախ քաղաքական հայացքներից՝ կինը պետք է պաշտպանված լինի նման էժանագին դրսևորումներից: Եթե Հայաստանում իսկապես գոյություն ունեն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, ապա նրանք պետք է անհապաղ արձագանքեն և դատապարտեն այս գռեհիկ երևույթը: Ես խորապես համոզված եմ, որ քննադատության նյութ կարող է լինել կնոջ արտահայտած տեսակետը ու դիրքորոշումը, բայց ոչ երբեք նրա արտաքինը: Վե՜րջ տվեք կնոջը քաղաքական կամ հասարակական հարթակում նսեմացնելու և ստորացնելու փորձերին, այլապես մենք ժողովրդավարական պետություն կոչվելու իրավունք չենք ունենա»,  – գրել է Կոստանյանը:

 

 

 

Անի Սամսոնյան.

 

«Համոզված  չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս»

 

 

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադառնալով  Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անվայելուչ արտահայտություններով Facebook-ում կատարած գրառմանը,  գրել է.

 

«Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը: Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները: Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»,-ասված է գրառման մեջ:

 

 

Արփինե Հովհաննիսյան.

 

«Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է»։

 

 

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «Անժելա Էլիբեգովային   ճանաչում եմ բավական վաղուց։ Սկզբունքային, պրոֆեսիոնալ ու մարդկային։ Պրոֆեսիոնալիզմը շատ անգամներ տեսել ու համոզվել եմ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների բազմաթիվ բանաձևեր չեզոքացնելիս անհրաժեշտ է եղել օգտակար ու կոմպետենտ տեղեկատվություն։ Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է։ Ես դա անձնական փորձից լավ գիտեմ։ Անժելայի պրոֆեսինալիզմը փաստ է ու նրա արտաքին հատկանիշները քննարկելով ու թիրախավորելով այդ փաստը չի փոխվելու։ Անժելան չի նեղվելու, չի ընկրկելու, չի վախենալու, չի դադարելու իր սիրած ու պիտանի գործը անել»։

 

 

Աննա Կոստանյան.

 

«Պահանջում եմ   օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին իր պաշտոնից»

 

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հանդես է եկել  պահանջով  օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին իր պաշտոնից՝ հանրության կոնկրետ անձանց պարբերաբար թիրախավորելու և նսեմացնելու համար։

 

«Այո, վերահաստատում եմ հանրային գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ իրավունք չունի վիրավորական և ատելության հիմք ծառայող հրապարակային խոսքեր հնչեցնի` հատկապես անձի սեռային յուրահատկությունները թիրախավորելով։ Փաստում եմ նաև, որ Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց և նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային դեպք լինելը նաև ենթադրում է հասարակության մեջ էտալոնային վարքագծի և խոսքի դրսևորման պարտավորություն` կարծում եմ, որ այս և այլ դեպքերում հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն` համամարդկային, համընդհանուր էթիկական կանոնների, համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի խախտման պարագայում, այլապես այսօրինակ վարքագիծը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ հասարակության ամենալայն շերտերում` ոչ ցանկալի օրինակ ծառայելով։ Ուստի՝ կանխելու համար նման անթույլատրելի վարքագծի նեգատիվ ազդեցությունը` պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին յուր ստանձնած, սակայն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու և հանրության կոնկրետ անձանց պարբերաբար թիրախավորելու և նսեմացնելու համար», – գրել է Կոստանյանը։

 

 

Էլինար Վարդանյան.

 

«Արժանապատվությունը նսեմացնելու անթույլատրելիության վերաբերյալ կոչերը  մնում են անհետևանք»

 

 

«Ուզում եմ հերթական անգամ հիշեցնել, թե որքան դատապարտելի է, երբ փաստարկների բացակայությունը լրացվում է վիրավորանքներով և, որ ամենահեշտը փաստարկների սնանկությունը անձնական դաշտ տեղափոխելն է։ Անժելա Էլիբեգովայի արժանապատվությունը ոտնահարող գրառումը արվել է կնոջը վիրավորելով՝ սեռի թիրախավորմամբ։
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ պետք է դադարեցնել էժան վիրավորանքներ հասցնելու սովորույթը: Ցավոք, երկրում ձևավորված մթնոլորտի, բազմապատկվող ատելության, վիրավորանքների ու լարվածության խորացման հետևանքով այլոց արժանապատվությունը նսեմացնելու անթույլատրելիության վերաբերյալ կոչերը պարբերական բնույթ են կրում, սակայն մնում են անհետևանք», – գրել է  Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

 

 

Հ.Գ. Նյութը հրապարակելուց հետո հայտնի դարձավ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն խնդրեց իր անպարկեշտ արտահայտությունների համար: Կարծես թե, օրինաչափություն է դառնում  վիրավորելը, իսկ հետո հանրային կարծիքի ճնշման ներքո ներողություն խնդրելը:  Այս առումով համամիտ ենք  Անի Սամսոնյանի վերընշված   կարծիքի հետ. «Համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող,  իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս»… 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ատելության խոսքն անընդունելի է. երկակի ստանդարտները չեն աշխատելու

 

Կնամեծարությունից մինչև կնատյացություն մի քայլ է …

 

«Մենք բոլորս այլևս մտել ենք թշնամանքի և ատելության  ականապատ տարածք»…

 

Սեքսիզմը կուսակցություն չի ճանաչում

 

Ինչու՞ ենք միշտ կանանց մեղադրում. մտորումներ մի տեսաուղերձի շուրջ

 

Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում

 

«Բացարձակ մերժելի երևույթի» հետքերով. կանանց համերաշխությունն ընդդեմ սեքսիզմի

 

Դիտումների քանակը` 1801

Գլխավոր էջ