«Տորունիքը մի մեծ ընտանիք է, ամեն ինչ անում ենք թագավարակի մուտքը ընտանիք կանխելու համար»…

Սյունիքը ապրիլի 22-ի դրությամբ հաղթահարել է կորոնավիրուսային վարակը:  Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հիվանդանոցներում բուժում ստացող բոլոր պացիենտները  կրկնակի թեստավորվել են, արդյունքները եղել են բացասական, հետևաբար վարակակիրները առողջացել ու  դուրս են գրվել: 25  դեպք էր այստեղ արձանագրվել… Մարզի գյուղերում  համավարակի հետ կապված  խնդիրների  մասին WomenNet.am-ը  զրուցում  է  Անահիտ Հակոբյանի հետ, ով  ժամանակին  երեք  անգամ  Տորունիք համայնքի ղեկավար էր ընտրվել, իակ  հիմա՝  խոշորացումից հետո, Տորունիքի վարչական ղեկավար է աշխատում:  

 

 

 Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ռեժիմին  ու տեղաշարժի սահմանափակումներին  Սիսիան խոշորացված համայնքի Տորունիք բնակավայրի սակավաթիվ բնակչությունը  ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում,  ասում է  Անահիտ Հակոբյանը: Նրա խոսքով,  22 ընտանիք, ընդհանուր առմամբ,  96 բնակիչ ունեցող գյուղը մեկ մարդու պես ինքնակազմակերպվել է. «Մնա տանը» հորդոր-կոչերը հասել են ամենուր և ամենքի ականջին:

 

 

«Ձեզ ասեմ, որ մեր համայնքը շատ փոքր է, կարողանում ենք իրար հետ հեռվից հեռու հաղորդակցվելով` ինֆորմացվել և ինֆորմացիա փոխանակել: Բոլորի հետ հեռախոսով կապի մեջ ենք, ես կողքի Ախլաթյան համայնքում եմ բնակվում, երբ գալիս եմ աշխատանքի Տորունիք, ինչ այս վարակի տարածումը սկսել է, դրսում հազվադեպ եմ մարդ հանդիպում, բնակիչները զգուշանում են: Միայն համայնքապետարանի կողմից 6 ընտանիքների հատկացված սոցիալական օգնության փաթեթները բաժանելուց եմ տունայցեր կատարել»,- ասում  է տիկին Անահիտը՝ նշելով, որ օգնությունը բաժանվել է ամենակարիքավորներին` բազմանդամ, ամենամսյա նպաստից չօգտվող, երեք անչափահաս կամ հաշմանդամ  ունեցող  ընտանիքներին:

 

 

Թեպետ Սիսիանի տարածաշրջանում վարակի դեպքեր մինչ այժմ չեն արձանագրվել, համաշխարհային համավարակի  մարտահրավերը այստեղ ընդունել են ամենայն լրջությամբ:  Այս ընթացքում ոչ  դրսից են մարդ թողնում բնակավայր, ոչ էլ հակառակ ուղղությամբ գյուղացիներին են թույլատրում լքել համայնքի  սահմանները:  Անահիտ Հակոբյանն  ասում է,  արտակագ դրության պայմաններում  որպես վարչական ղեկավար  աշխատանքային դժվարությունների չի հանդիպել: 

 

 

«Ես միայնակ չեմ աշխատում,  ոստիկանությունը նույնպես աջակցում է:  Հայտարարել ենք, որ բազմամարդ  միջոցառումներ չկազմակերպեն, տխրության օրերը` թաղում, քառասունք, տարի սահմանափակ  թվով մարդկանցով լինի: Գերեզմաներ  գնալիս  մարդիկ աշխատում են պահպանել  սոցիալական հեռավորությունը: Արարատյան դաշտավայրից մեր համայնքի բնակիչներից եկողներ  կային, Վայքի հսկիչ անցակետից թույլ չէին  տվել, որ  առաջանան` ճշտել են ինձ հետ,  որ ես ընդառաջեմ  գան, համայնքի  ղեկավարին  տեղյակ եմ պահել և  չենք թույլատրել դեպի մարզ շարժվեն:Այդքանը արել ենք վարակից պաշտպանվելու համար»,-պատմում է Անահիտ Հակոբյանը:

 

 

Ախտահանման միջոցներից բնակիչները ալկոգելերի փոխարեն, նախընտրում են ավանդական օղին: Տիկին Անահիտի խոսքով համայնքում ախտահանման համար կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացրել.«Ոչ նման բաներ մենք չենք արել, մեզ մոտ վարակի դեպքեր չեն գրանցվել, համայնքապետարանը  ժավել է  հատկացրել, որով հենց գյուղապետարանի դռները,  բռնակներն ենք ախտահանում»:

 

 

Համավարակի պատճառով ստեղված իրավիճում, երբ շփումները պետք է նվազագույնի հասցնել, իսկ տանից էլ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում,  գյուղական բնակավայրերում առևտրի կետերի բացակայությունը հատկապես է  իրեն զգացնել տալիս: Օրինակ` Տորունիքում խանութ չկա: 1 կգ շաքարավազ գնելու համար մարդիկ ստիպված կամ կողքի` Ախլաթյան գյուղն են գնում, կամ էլ 17 կմ կտրում հասնում են Սիսիան:

 

 

Անահիտ Հակոբյանի խոսքով, նման իրավիճակում փրկում է գյուղում արմատավորված փոխօգնության պրակտիկան,   որն այս ընթացքում ավելին քան տեղին է: Առհասարակ,  եթե մեկին անգամ մի լուցկի է  հարկավոր լինում, Սիսիան իջնող ցանկացած վարորդի ասում են՝  բերում է: «Այդ մշակույթը վաղուց էր մեզանում ընդունված, ու ես շատ շնորհակալ եմ մեր գյուղի ջահելներին, որ  օգնում են այդ ամեն ինչը կազմակերպել», –  ասում է նա:

 

 

Պարետի սահմանած կանոնակարգերից բացի, վարչական ղեկավարը այս ընթացքում այլ հորդորով էլ է դիմել համայնքի բնակիչներին: Խոսքը աղբահանության մասին է: «Զրուցել եմ բնակիչների հետ, խնդրել, որ կենցաղային աղբը գոնե իրենց տարածքից դուրս չտանեն: Համայնքի մաքրությունը  պահելը ևս շատ կարևոր է»,- ասում է զրուցակիցս:

 

 

Կին լինելու հանգամանքն, իր խոսքով, որոշակի առավելություններ է տալիս բնակիչների հետ շփումներում. «Կին ղեկավարների աշխատելաոճն է տարբեր, որովհետև ի տարբերություն տղամարդկանց կարողանում ենք մտնել ընտանիք, կարողանում ենք անմիջապես գլխի ընկնել որն է  ընտանիքի հոգսը, ինչն և  օգնում է աշխատանքի  արդյունավետ կազմակերպմանը: Կանայք  ավելի հոգատար են, վստահությունը նրանց նկատմամբ ավելի մեծ է, համենայն դեպս ես այդպես եմ նկատել»,-ասում է Անահիտ Հակոբյանը:

 

Նելլի Միրզախանյան

 

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3659

Գլխավոր էջ