ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը հասել է նվազագույնի/ ինֆոգրաֆիկա
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից WomenNet.am-ին տրամադրած 2019-ի տվյալներով կանանց ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում նվազել է։ Թե համայնքի ղեկավար, թե ավագանու անդամ կանայք զիջել են դիրքերը 2016-ի համեմատ ։
Ընդհանուր առմամբ, 2002 թվականից ի վեր համայնքի ղեկավար կանանց թիվը 2019-ին ամենացածրն է ՝ կազմելով 1.6 %։ Վերջին 17 տարիների ընթացքում այդ ցուցանիշը երբեք ցածր չի եղել 2 %ից, իսկ 2008-ին հասել էր 2.5 %ի։
Այսպես, եթե 2016-ին 793 համայնքներից 17-ը կամ 2.02 %ը ղեկավարում էին կանայք, ապա 2019-ի տվյալներով, 502 համայնքներից միայն 8-ն են ղեկավարում կանայք։
Դրանք են Արարատի մարզ Վերին Դվին (Պետրովա Լյուդմիլա), Արմավիրի մարզի Վաղարշապատ (Դիանա Գասպարյան), Արևաշատ (Սուսաննա Գևորգյան), Արտամետ (Անահիտ Դավթյան), Գեղարքունիքի մարզի Գեղաքար (Կարինե Մարտիրոսյան), Լոռու մարզի Բազում (Սրբուհի Հարությունյան), Կոտայքի մարզի Նոր Երզնկա (Ալինա Հարությունյան), Շիրակի մարզի խոշորացված Ամասիա (Ջեմմա Հարությունան) համայնքները:
Հանրապետության տասը մարզերից չորսում՝ Արագածոտնում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում կին համայնքի ղեկավարներ չկան։
-49 քաղաքային համայնքներից միայն մեկը՝ Վաղարշապատն է կին ղեկավարում։
-52 միավորված /խոշորացված/ համայնքներից միայն մեկը՝ Ամասիան է կին ղեկավարում։
-Կանայք ընդամենը 5.8 % են կազմում բնակավայրերի վարչական ղեկավարների թվում՝ 413 վարչական ղեկավարներից միայն 24-ն են կին:
Զգալիորեն նվազել է նաև ավագանիներում կանանց ներկայացվածությունը։ 2019-ին հանրապետության համայնքերի ավագանու անդամների 9.3 %-ն են կանայք։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին ավագանիներում կանանց ներկայացվածությունը կազմում էր 11.7 %։
Կանայք առավել մեծ ներկայացվածություն ունեն Լոռիի, Արարատի, Արմավիրի համայնքների ավագանիներում՝ համապատասխանաբար 15.88 %, 13.58 %, 12.55 %։ Առավել ցածր է կանանց ներկայացվածությունը Գեղարքունիքի համայնքներում՝ կազմելով 3.29 %։ Ընդհանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը զգալիորեն պակասել է այն մարզերում, որտեղ համայնքների խոշորացման գործընթացն առավել ակտիվ է ընթացել:
Հայաստանի 502 համայնքներից 275-ի ավագանիների կազմում կանայք չկան։
Ավագանու կազմում կանայք առավել մեծ ներկայացվածություն ունեն Երևանում, Գյումրիում և Վանաձորում, որտեղ ՏԻՄ ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով: Երևանի ավագանիում կանանց նեկայացվածությունն ամենամեծն է բոլոր ընտրովի մարմիններից՝ 32 % է կազմում: Հաջորդ երկու խոշոր քաղաքների՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիի և Լոռու մրազկենտրոն Վանաձորի ավագանիներում կին անդամները կազմում են 24 %։
Եզրափակելով, փաստենք, որ ՏԻՄ-երում կանանց մաենաբարձր ներկայացվածությունն ապահոված է միայն համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանիներում, իսկ, ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ընդգրկվածության կրճատման հիմնական պատճառը համայնքների խոշորացման գործընթացն է։ WomenNet.am-ն անդրադարձ է կատարել այս խնդրին դեռ 2016-ին ( Դիտեք տեսանյութն այստեղ) :
Ի դեպ, Տարածքային կատավարման ու զարգացման նախարարությունից WomenNet.am -ին հայտնեցին, որ խոշորացումը շարունակվելու է. «Ներկայումս ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված ՀՀ կառավարության ծրագրի նախագծի 6-րդ՝ «Տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարումը և ենթակառուցվածքները» գլխում ամրագրված է վարչատարածքային բարեփոխումների շարունակության վերաբերյալ ՀՀ կառավարության հանձնառությունը»։
Լ.Զ.
Դիտումների քանակը` 4076