ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել
Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Դրանցից 22-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80-ում` միայն ավագանու անդամի և 215-ում միաժամանակ կայանալու են և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:
Օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: ԿԸՀ տրամադրած ամփոփ տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին գրանցված համայնքի ղեկավարի 548 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ են 21-ը, որոնցից 4-ը կպայքարեն Արագածոտնի մարզում, 7-ը` Արարատի մարզում, 8-ը` Արմավիրի մարզում և 2-ը Տավուշի մարզում:
Նշենք, որ քաղաքային համայնքներից որևէ մեկում (Աշտարակ, Ապարան, Բերդ, Քաջարան, Վաղարշապատ, Մեծամոր, Վեդի, Նոյեմբերյան, Գորիս, Մեղրի և այլն) կանայք առաջադրված չեն: ՏԻՄ ընտրություններին մասնակցության առումով կանայք առավել ակտիվ են Արմավիրի , Արարատի, Արագածոտնի գյուղական համայնքներում: Առաջադրված կանայք հիմնականում անկուսակցական են ու ինքնաառաջադրված:
Դիտարկելով թեկնածուների ցուցակները եւ նկատի ունենալով նախորդ ընտրությունների փորձը, չի կարելի բացառել, որ համայնքապետի պաշտոնում առաջադրված կանանց մի մասը կարող է «ոչ ռեալ» թեկնածուներ լինեն, ովքեր գրանցումից հետո հրաժարվելու են հետագա պայքարից: Օրինակ, կան դեպքեր, երբ առաջադրված կանայք գյուղապետարանում աշխատում են որպես քարտուղար, օպերատոր, հաշվապահ, հարկահավաք, նույնիսկ հավաքարար եւ միակ այլընտրանք են հանդիսանում գործող գյուղապետի թեկնածուին: Հավանականությունը, որ նրանք սահմանված ժամկետում ինքնաբացարկ կհայտնեն ի օգուտ վերընտրվող գյուղապետին, բավականին մեծ է: Անշուշտ կան նաեւ նման տարբերակով առաջադրվող տղամարդիկ: Բոլոր դեպքերում իրականությունը կբացահայտվի ինքնաբացարկների ժամկետը լրանալուց հետո միայն:
Մինչ այդ ներկայացնենք կին թեկնածուներին մարզ առ մարզ: Ի դեպ, կին թեկնածուներից միայն երկուսը գործող համայնքապետներ են՝ Արմավիրի մարզի Արտամետի համայնքապետ ՀՀԿ-ական Անահիտ Դավթյանն ու Արևշատի համայնքապետ ՀՀԿ-ական Սուսաննա Գևորգյանը:
Սյունիքի 5 համայնքներից որևէ մեկում կին թեկնածու չկա: Այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու Քաջարանում, Գորիսում, Մեղրիում, Տեղում և Գորայքում:
Տավուշի 31 համայնքներից երկուսում են կանայք առաջադրվել՝ Կիրանց և Գետահովիտ գյուղերում: Կիրանցում առաջադրված է երեք թեկնածու՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՀՀԿ կողմից առաջադրված Կամո Շահինյանը, անկուսակցական Էմիլ Սիմոնյանն ու անկուսակցական Արմինե Ավալյանը: Նա աշխատում է «Ֆինքա» վարկային ընկերության Իջևանի մասնաճյուղում:
Գետահովիտում գյուղապետ դառնալու ցանկություն ունի երեք քաղաքացի՝ անկուսակցական Գոհար Ղազարյանը, ՀՀԿ-ական Ստեփան Մեսրոպյանը, անկուսակցական Սպարտակ Վանեսյանը: Բոլորն էլ ինքնաառաջադրված են:
Արարատում համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն մոտ 6 տասնյակ համայնքներում: Մարզում կանայք առաջադրված են Սիփանիկ, Ոստան, Կանաչուտ, Դիմիտրով, Արբաթ, Արաքսավան, Ազատավան համայնքներում:
Սիփանիկում թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Նելիկո Մկրտչյանը (նա գյուղի ամբուլատորիայում բուժքույր է աշխատում), անկուսակցական Բագրատ Խոսրոյանը, ՀՀԿ կողմից առաջադրված Հրանտ Գևորգյանը:
Ոստանում գործող ՀՀԿ-ական գյուղապետի հետ առաջադրվել է ՀՀԿ-ական Լարիսա Քարամյանը: Նա գյուղապետարանում հավաքարար է աշխատում: Կուսակցությունը սատարում է գյուղապետին՝ Հակոբ Խաչատրյանին:
Կանաչուտում թեկնածուներները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետն ու անկուսակցական, անհատ ձեռներեց Նարինե Քարամյանը:
Դիմիտրովում ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը գյուղի մշակույթի տան տնօրենն է՝ ՀՀԿ-ական Խաչանուշ Միրզոյանը: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրված են:
Արբաթ գյուղում առաջադրված են անկուսակցական գյուղապետն ու նրա անկուսակցական տեղակալը՝ Աննա Մարտիրոսյանը:
Արաքսավանում էլ պատկերը գրեթե նույնն է՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը գյուղապետարանի հարկահավաքն է՝ ՀՀԿ-ական Վալյա Ասատրյանը:
Ազատավան գյուղում երեք թեկնածու կա՝ համայնքի գործող ղեկավարը, անկուսակցական Արուս Հովհաննիսյանն ու ԲՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Պետիկ Ղազարյանը:
Արամավիրում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված 57 բնակավայրում, կանայք առաջադրված են 8 համայնքում:
Շենիկ գյուղում անկուսակցական գյուղապետի հետ առաջադրվել է գյուղապետարանի անկուսակցական օպերատորը՝ Աստղիկ Սարգսյանը:
Նորակերտում ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը մանկապարտեզի անկուսակցական տնօրենն է՝ Սեդա Ասատրյանը: Գյուղապետին սատարում է ՀՀԿ-ն:
Հայկաշենում ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը նրա՝ անկուսակցական քարտուղարուհին է՝ Լիա Հարությունյանը:
Լուսագյուղում ՀՀԿ-ական գյուղապետի հետ առաջադրվել է անկուսակցական Նոյեմ Գրիգորյանը:
Զարթոնքում ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը գյուղապետերանի ՀՀԿ-ական օպերատորն է՝ Վեներա Կնյազյանը:
Ապագա գյուղում էլ ՀՀԿ-ական գորշող համայնքապետի մրցակիցը համայնքապետարանի քարտուղարն է՝ Նունուֆար Մարկոսյանը:
Արտամետում իրավիճակն այլ է: Գործող համայնքապետը կին է՝ ՀՀԿ-ական Անահիտ Դավթյան: Նրա մրցակիցը անկուսակցական Մուրադ Հարությունյանն է:
Արևաշատում էլ գործող համայնքապետը կին է՝ ՀՀԿ-ական Սուսաննա Գևորգյանին առաջադրել է հարազատ կուսակցությունը: Նրա մրցակիցները անկուսակցական Լևոն Ավետիսյանն ու Կարեն Ստեփանյանն են:
Արագածոտնում համայնքապետ կընտրեն 80 համայնքում: Դրանցից միայն չորսում կին թեկնածուներ կան:
Օշականում առաջադրված են անկուսակցական գյուղապետը՝ Արամ Ներսիսյանը: Նրա մրցակիցներն էլ անկուսակցական գործիչներ են՝ Հայ Հովհաննիսյանն ու Վերա Զաքարյանը: Վերջինս «Գյուղի տատիկ» ՍՊԸ տնօրենն է:
Սորիկում գյուղապետի մրցակիցը գյուղապետարանի հավաքարարն է՝ Սմոյան Գյուլիզարը:
Սասունիկում անկուսակցական գյուղապետի հետ առաջադրվել է համայնքապետարանում որպես գյուղատնտես աշխատող Սվետլանա Գևորգյանը: Նա էլ անկուսակցական է ու ինքնաառաջադրված:
Ծաղկասարում էլ գյուղապետի մրցակիցը գյուղապետարանի գանձապահն է՝ Ռուզաննա Պետրոսյանը:
Արտաշավանում առաջադրված են գործող ՀՅԴ-ական գյուղապետը՝ Ղազար Կարապետյանը, համայնքապետարանի հաշվապահ Հեղինե Խուբոյանը, նույն գյուղի դպրոցի ուսուցիչ Սահակ Մանուկյանը: ԿԸՀ-ից հայտնեցին, որ փաստաթղթերի թերի լինելու պատճառով Հեղինե Խուբոյանի թեկնածության գրանցումը մերժվել է:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 31-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ: Գրանցված թեկնածուները, ըստ օրենքի, ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 18-ը:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնում 21 կին է առաջադրվել
Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա
Դիտումների քանակը` 3160