ՏԻՄ ընտրություններ. Հայաստանն արդեն կին քաղաքապետ ունի
Կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում վեց կին թեկնածուներից հաղթանակ են տոնել երկուսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերին մոտ հրապարակեց նախնական տվյալները։
Հայաստանում առաջին անգամ անկախումից ի վեր կին քաղաքապետ ընտրվեց ։ Դիանա Գասպարյանը, ով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն էր, ստացել է 8 076 ձայն։ Նրան հաջորդում է անկուսակցական Սուրեն Մուրադյանը՝ 3699 քվեով։
Այստեղ ընտրելու իրավունք ուներ 45 278 քաղաքացի։ Ընտրատեղամաս իրենց իրավունքի իրացման համար գնացել է 15 827 ընտրող։ 345 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Հիշեցնենք, որ այստեղ պայքարը բավականին թեժ էր։ 12 թեկնածուների թվում երկու կանայք կային։ Սուսաննա Մարգարյանի օգտին քվեարկել է 180 ընտրող։ Ընդհանուր առմամբ, տասը թեկնածուները չեն կարողացել հատել 1000 քվեի շեմը՝ հավաքելով մի քանի հարյուր ձայն։
Հաջորդ հաղթած թեկնածուն Արարատի մարզի Նոր Դվին գյուղում է։ Համայնքի գործող ղեկավար Լյուդմիլա Պետրովան մրցակից չուներ։ 420 ձայնով անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածուն վերընտրվել է։ Նա հիմնականում ասորաբնակ համայնքը ղեկավարում է 2004-ի փետրվարից՝ արդեն ավելի քան 14 տարի։
Այստեղ ընտրելու իրավունք ունի 1697 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է նրանցից 455-ը։ Անվավեր է ճանաչվել 16 քվեաթերթիկ։
Մյուս համայնքներում՝ Շահումյանի Թռչնաֆաբրիկա, Դաշտ, Վահագնի գյուղերում կին թեկնածուները պարտություն են կրել։
Արմավիրի մարզի Շահումյանի Թռչնաֆաբրիկա գյուղում թեկնածու Լիլյա Ղասաբյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր, ընդամնեը 24 ձայն է ստացել։ Հաղթած թեկնածուի՝ Լյուդվիկ Յայլոյանի օգտին 227 մարդ է քվեարկել։
Արմավիրի մարզի Դաշտ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անահիտ Աղաջանյանը չորս թելմածուների թվում ամենաքիչ ձայներն է ստացել, նրա օգտին քվեարկել է 32 ընտրող։ 184 ձայնով վերընտրվել է գործող գյուղապետը՝ Հրանդ Պետրոսյանը, ով նախկինում ՀՀԿ անդամ էր, ընտրություններին մասնակցում էր որպես անկուսակցական։
Լոռու մարզի Վահագնի գյուղում առաջադրված Մերի Մուրադյանի օգտին քվեարկել է 9 ընտրող։ Նա հինգ թեկնածուների թվում ամենաքիչ ձայներ հավաքածն է։ 299 քվեաով այստեղ հաղթանակ է տոնել անկուսակցական Սուրեն Կոստանդյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքապետի և ավագանու ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 49 համայնքներում։
Համայնքներից 24-ում հերթական, 25-ում՝ արտահերթ ընտրություններ էին։ Համայնքներից յոթում ավագանու անդամի ընտրություններ են, 43-ում՝ համայնքի ղեկավարի։
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է 141 թեկնածու։ Նրանից ընդամենը 6-ն են կանայք։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2501