ՏԻՄ ընտրությունները կանցնեն հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն  հուլիսի 22-ին կայացած իր  արտահերթ նիստում  որոշում կայացրեց  փոխել այս տարի կայանալիք  ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը՝ հիմնավորելով այդ որոշումը  արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով ի հայտ եկած նոր հանգամանքներով:  Ըստ ԿԸՀ-ի որոշման,  մինչ այդ  նախատեսված սեպտեմբերի 26-ի  և հոկտեմբերի 17-ի    փոխարեն ՏԻՄ  ընտրություններն կանցնեն հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:

 

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք  փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվերակության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

 

 

Նրա պարզաբանմամբ,  նորընտրիր  խորհրդարանի  երկու նոր խմբակցությունները պարտավորություն և իրավունք ունեն  ՏԻՄ ընտրությունների ժամանակ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, իսկ ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:

 

 

Բացի այդ, ըստ Ա. Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ՏԻՄ ընտրությունները պատշաճ կազմակեպելու համար : Սպասվող ընտրություններն  իրենց մասշտաբով ամենամեծն են լինելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում  ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել: 

 

 

Հիշեցնենք, որ  այս տարի  համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, որտեղ վերջին ընտրություններն անցել են  2016 թվականին: Համամասնական ընտրություններ են անցկացվելու նաև մի շարք խոշորացված համայնքներում:  Անցյալ տարվա հունիսին ընդունված  Ընտրական օրենսգրքի  փոփոխության համաձայն,   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Դա նշանակում է, որ բոլոր այդ համամասնական ընտրությունների ժամանակ գործելու է ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված  թեկնածուների  առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան:  Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը և ավագանու անդամները մեծամասնական ընտրակարգով են ընտրվելու, և այս դեպքում գենդերային քվոտան չի գործելու:  

 

 

 

Դիտումների քանակը` 1103

Գլխավոր էջ