Դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրված կուսակցություններից երեքի ցուցակները կանայք են գլխավորում
Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռիի խոշորացվող համայնքներում, որոնք միավորված են 36 փնջերում, կանցկացվեն ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 44 քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում թեկնածուների թիվը 4357 է, որից 1447-ը կամ 33.2%-ը կանայք են։ Նշենք, որ խոշորացվող համայնքների գործող ավագանիների կազմում կանայք ընդամենը 8.8% են կազմում:
Դեկտեմբերի 5-ին ավագանի են ընտրելու հետևյալ համայնքները.
Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։
Ընտրություններին մասնակցում են 45 քաղաքական ուժեր
ԿԸՀ -ի կողմից հրապարակված տվյալներով, ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցության համար առաջադրվել ու գրանցվել է 44 քաղաքական ուժ, որոնց թվում են, ինչպես բոլորին հայտնի կուսակցություններ, այնպես էլ նորաստեղծ քաղաքական ուժեր։
Մասնակից քաղաքական ուժերի թվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը թեկնածուներ է առաջադրել բոլոր համայնքներում, ՀՅԴ, «Հայրենիք», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Ազատական», «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Զարթոնք», «Հայք», «Օրենք և արդարություն», «Արդար Հայաստան», «Կայունություն», Հայաստանի կոմունիստական, Հայաստանի աշխատավորական սոցիալական, «Այլանս», «Քրիստոնեա Հայաստան», «Իմ հզոր համայնք» և այլ կուսակցություններ։
Մասնակից դաշինքները հիմնականում կոչվում են անձանց անուններով։ Օրինակ, Մասիսիում, Վանաձորում գրանցված են գործող համայնքապետերի անուններով դաշինքներ՝ «Դավիթ Համբարձումյան» կուսակցությունների դաշինք, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք և այլն։ Ի դեպ, կին գործիչների անուններով նման դաշինքներ գրանցված չեն։
Ըստ ժամանակացույցի թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 25-ին ժամը 18.00-ին։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է նոյեմբերի 10-ին, կավարտվի դեկտեմբերի 3-ին։ Այս օրերին ընտրացուցակներում ներառված գործիչներն ակտիվ քարոզչություն են իրականացնում՝ հանդիպելով խոշորացվող համայնքների կազմի մեջ մտնող գյուղերի ու քաղաքների բնակիչների հետ։ Քարոզարաշավը կանգ առավ նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով, երբ թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին նախընտրական քարոզչության դադարեցման մասին։ Մարտական գործողությունների դադարից հետո հանդիպումները վերսկսեցին:
Առաջադրված կուսակցություններից երեքի ցուցակները գլխավորում են կանայք
Վաղարշապատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էջմիածնի գործող քաղաքապետ Դիաննա Գասպարյանը։ Նա ընտրողներին ներկայանում է ոչ միայն խոստումներով, այլև անցած երեք տարիներով իր կատարած աշխատանքով ու գրանցած արդյունքներով։
Նշենք, որ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայրենատէր» կուսակցությունը, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, Իրական Ժողովրդավարական կուսակցությունը։
Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջադրել է Սյուզաննա Ավետիսյանի թեկնածությունը։
«Նա քաջատեղյակ է համայնքում առկա խնդիրներին և իր որակավորմամբ, տեղական ինքնակառավարման ոլորտում ունեցած աշխատանքի փորձով համապատասխանում է համայնքի ղեկավարի պատասխանատու աշխատանքին»,-այսպես է ներկայացրել թեկնածուին հարազատ կուսակցությունը։
«Մենք ուզում ենք, որ մենք բոլորս ունենանք ապրելու Ջերմուկ, ոչ թե գաղթելու Ջերմուկ»,-բնակիչներին ուղղված իր խոսքում նշում է Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններում կին թեկնածու էր առաջադրել Դիլիջանի քաղաքապետի պաշտոնի համար։
Ջերմուկում ՏԻՄ ընրություններին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանգիր»-ն ու «Մեր Համայնքը» դաշինքը։
Ամասիայում «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանը։ Նա Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Այս դաշինքի մրցակիցներն են «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
Մեծամասնական ընտրակարգով ավագանի կընտրեն երկու համայնքում
Դեկտեմբերի 5-ին նաև մեծամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակված երկու համայնքում՝ Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր գյուղերում։ Այստեղ ընտրելու են և համայնքի ղեկավար, և ավագանի։
Եզդիաբնակ երկու գյուղում էլ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուների թվում կանայք չկան։
Արևուտում գործող ավագանին ունի հինգ անդամ, նրանց թվում կանայք չկան։ Ավագանու անդամի համար առաջադրված 8 թեկնածուների թվում էլ կանայք չկան։
Մեծաձորի գործող ավագանին 6 անդամ ունի, նրանցից 2-ը կանայք են։ Առաջադրված 8 թեկնածուներից չորսը կանայք են։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 789