ՏԻՄ ընտրություններ. Ավագանու երեք կին թեկնածուները հաղթանակ են տարել
Դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններում պայքարի մեջ մտած երեք կին թեկնածուները հաղթանակ են տարել։ Նրանք առավելագույն ձայներ ստացած թեկնածուների թվում են։
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ավագանու անդամի թեկնածու Ժաննա Սարգսյանը հաղթանակ է տարել։ 84 կողմ քվեով նա առավելագույն ձայներ հավաքած եռյակում է։ Գյուղի ապագա ավագանու կազմում կլինի մեկ կին, ավագանին կազմված է վեց անդամից։
Ժաննա Սարգսյանն անկուսակցական է, գյուղի միջնկարդ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի։ Հիշեցնենք, որ այստեղ գրանցված ութ թեկնածուներից միայն մեկն էր կին։
Շիրակի մարզի Անուշավան գյուղում էլ կին երկու թեկնածուները հաջողություն են գրանցել։ Մարտիրոսյան Ռուզաննան ու Հակոբյան Ռոզան ընդգրկված կլինեն ապագա ավագանու կազմում։
Ռոզա Հակոբյանի օգտին քվեարկել է 76 ընտրող, իսկ Ռուզաննա Մարտիրոսյանի օգտին՝ 73 ընտրող։ Առավելագույն 145 ձայն ստացել է Արման Մովսիսյանը, նվազագույն 29 ձայն ստացել է թեկնածուներից Սամվել Մաթոսյանը։
Ընդհանուր առմամբ, ավագանու 7 անդամի համար Դդմաշենում պայքարում էր 11 թեկնածու, նրանցից երկուսը կանայք էին։ Երկուսն էլ անկուսակցական են և աշխատում են գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Ռոզա Հակոբյանը նաև գործող ավագանու անդամ էր։ Անուշավան գյուղի գործող ավագանու յոթ անդամներից երկուսն էին կանայք ։ Այնպես որ այս ընտրություններից հետո էլ այդ թիվը կպահպանվի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում համայնքի ղեկավար էին ընտրում, 4 համայնքում՝ ավագանու անդամներ։
Համայնքի ղեկավարի 28 թեկնածուների թվում կանայք չկային, իսկ ավագանու 39 անդամներից երեքն էին կանայք։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1310