Ավագանու անդամ առաջադրված թեկնածուներից միայն 5%-ն են կանայք
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Արտաշատում, Գորիսում ու Շիրակամուտում առաջադրումները երեկ են մեկնարկել, մնացած տեղերում թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է հոկտեմբերի 11-ին:
Նշենք, որ 69 համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (այդ թվում՝ 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ինչպես արդեն հայտնել էինք, համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Նրանցից երկուսին առաջադրել է ՀՀԿ-ն, մեկն ինքնաառաջադրված է: Կանայք` Զոյա Գևորգյանը, Կարինե Մարտիրոսյանը, Դոնարա Հախինյանը համայնքապետ դառնալու համար կպայքարեն համապատասխանաբար Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Գեղաքար, Լոռու մարզի Օձուն համայնքներում:
Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող 54 համայքներում առաջադրվել էին 993 թեկնածուներ, որոնցից 10-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 983 թեկնածուից միայն 50-ը կամ 5% են կանայք: Նրանք ավագանու անդամ դառնալու համար կպայքարեն միայն 24 համայնքում, որոնցից 20-ը խոշորացված են: Կանայք առավել շատ առաջադրված են Լոռիում: Կանայք հիմնականում ինքնաառաջադրված են կամ իշխող Հայաստանաի հանարապետական կուսակցության կողմից են առաջադրված: Մի քանի համայնքներում կանանց թեկնածությունն է առաջադրել նաև ԲՀԿ-ն: Կին թեկնածուներ չկան Շիրակում, Արարատում:
Այսպես, ավագանու կազմում ընդգրկվելու համար կանայք կպայքարեն Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Լճաշեն, Սարուխան, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի բերդ, Սարչապետ, Մեծավան, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Մեղրաձոր, Ջրվեժ, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի Եղեգիս, Տավուշի մարզի Այգեհովիտ, Բերդ, Ենոքավան:
Ապարանում ավագանու անդամի համար առաջադրված է 54 թեկնածու, նրանցից երկուսն են կանայք: Նրանք անկուսակցական են ու ինքնաառաջադրված: Նվարդ Բարսեղյանը Ապարանի ֆիզմաթ դպրոցի տնօրենն է, իսկ Լիլիթ Սեդրակյանն ուսուցչուհի է: Նշենք, որ քաղաքի գործող ավագանին կազմված է 11 անդամից, իսկ գալիք ընտրությունները խոշորցված են լինելու:
Արագածավանում, որը նույնպես խոշորացվում է, ավագանու անդամի 24 թեկնածու կան, նրանցից միայն մեկն է կին: Հասմիկ Ասատրյանն անկուսակցական է, ինքնաառաջադրված:
Գեղամասարում, որը խոշորացվում է, ավագանու 28 թեկնածու է առաջադրված, որից երկուսը կանայք են, երկուսն էլ՝ ինքնաառաջադրված: Արմինե Ավետյանն անկուսակցական է, գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի է աշխատում, Ալինա Բադասյանը ՀՀԿ-ական է, նա էլ գյուղի դպրոցում է դասավանդում:
Լճաշենում 24 թեկնածու կա: Նրանցից երկուսն են կանայք: ՀՀԿ-ական Սուսաննա Կարապետյանն ինքնաառաջադրված է, անկուսակցական Արմինե Սարիբեկյանին էլ ՀՀԿ-ն է առաջադրել:
Սարուխան գյուղում 12 թեկնածու կա, նրանցից միայն մեկն է կին՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Մարիամ Շահինյանը:
Ալավերդիում խոշորցման ընտրություններ են լինելու, ավագանու անդամ դառնալու համար գրանցված է 19 թեկնածու: Նրանից երկուսը կանայք են, ում թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Ռուզանա Միրզոյանն ու Սվետլանա Պետրոսյանը Ալավերդու բժշկական կենտրոնի բժշկուհիներ են:
Ախթալայում 21 թեկնածու է առաջադրված, նրանցից միայն մեկն է կին: Սոֆյա Այվազյանը Մեծ Այրում համայնքի միջնակարգ դպրոցում է աշխատում: Հիշեցնենք, որ Ախթալան էլ խոշորացված համայնք է, որի կազմում բացի Ախթալայից ու Մեծ Այրումից ընդգրկվել են Ճոճկան, Նեղոց, Շամլուղ համայնքները:
Գյուլագարակում ավագանու 23 թեկնածու կա, որից միայն մեկն է կին: ՀՀԿ-ական Աիդա Սարգսյանը գյուղի դպրոցի հաշվապահն է: Համայնքը խոշորացվելու է:
Լոռի Բերդ խոշորացված գյուղում ավագանու կազմում ընդգրկվելու համար առաջադրվել է 19 թեկնածու, նրանցից երեքը կանայք են: ՀՀԿ-ական Թամարա Շահնազարյանը Լեջան գյուղի ԲԿ-ում է աշխատում, անկուսակցական Նաիրա Չոբանյանին ՀՀԿ-ն է առաջադրել, նա Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի կազմակերպիչն է, անկուսակցական Մելանյա Վարդանյան Բովաձոր գյուղի համայնքապետի տեղակալն է եղել:
Մեծավանում կին թեկնածուներն ամենաշատն են: Այստեղ իգական սեռի հինգ ներկայացուցիչ է պայքարում՝ Մեծավանի թիվ 2 միջն դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Էմմա Նուրոյանը, նույն դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Ալվարդ Մխոյանը, անկուսակցականներ Արաքյան Թմոյանը, Սիրվարդ Դիլբարյանը, թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Էլլա Գզիրանցը: Նրանք բոլորն էլ ինքնաառաջադրված: Համայնքը խոշորացվելու է:
Շնողում 19 թեկնածու կա, միայն մեկն է կին: «Մեմիվ» ՍՊԸ տնօրեն Աստղիկ Մելիքսեթյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Համայնքը խոշորացվում է:
Սարչապետում էլ 14 թեկնածուից մեկն է կին: Անկուսակցական Վերչալույս Փնջոյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Համայնքը խոշորացվում է:
Ստեփանավան քաղաքում, որը խոշորացվելու է, 18 թեկնածու կա: Նրանց թվում երկու կին կա՝ ԲՀԿ-ական Լուսինե Հովհաննիսյանը, ով աշխատում է Հայ-Ֆրանսիական կենտրոնում, և ԲՀԿ-ական Նարինե Վարդանյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրված են:
Տաշիրում կին թեկնածուները երեքն են՝ անհատ ձենարկատեր, ԲՀկ-ական Անուշ Դումիկյանը, անկուսակցական Հայկանուշ Ռևազյանը, ով Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, անկուսակցական Սուսան Մարդոյանը, ով Տաշիրի ավագ դպրոցի տնօրենն է: Տաշիրում ավագանու 17 թեկնածու կա: Համայնքը խոշորացվում է:
Օձունում, որը խոշորացվում է, 26 թեկնածուներից երկուսն են կանայք՝ ՀՀկ-ական Անահիտ Աղիկյանը համայնքի թիվ մեկ դպրոցի տնօրենն է: Հաջորդ թեկնածուն անկուսակցական Զարուհի Խանվելյանն է: Երկուսի թեկնածությունն էլ առաջադրել է ՀՀԿ-ն:
Բյուրեղավանում, որը նույնպես խոշորացվում է, 22 թեկնածուներից երկուսն են կանայք՝ ԲՀԿ-ական Կարինե Չոբանյանն ու անկուսակցական Թագուհի Պետրոսյանը: Վերջինս Բյուրեղավանի պոլիկլինիկայի աշխատակից է: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրված են:
Մեղրաձորում 16 թեկնածուներից թվում մեկ կին կա՝ ՀՀԿ-ական Նունիկ Ստեփանյանն աշխատում է Արտավանի դպրոցում: Համայնքը խոշորացվում է:
Ջրվեժում, որը խոշորացվում է, 13 թեկնածուներից երկուսն են կանայք՝ բուժքույր, անկուսակցական Էլլա Հայրապետյանն ու բուժքույր, ԲՀԿ-ական Գայանե Մելքումյանը:
Կապանում 41 թեկնածուներից միայն մեկն է կին՝ ՀՀԿ-ական Մարինե Դավթյանը Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենն է: Համայնքը խոշորացվում է:
Սիսիանում ավագանու թեկնածուների թվում երեք կին կա՝ անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Մելինե Գևորգյանը, անկուսակցական Գալյա Հովհաննիսյանը, ով ՋՕԸ-ում հաշվապահ է աշխատում, ՀՀԿ-ական Նաիրա Ներսիսյանը, ով ավագ դպրոցի տնօրենն է: Վերջինի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, մյուսներն ինքնաառաջադրված են: Խոշորացվող համայնքում առաջադրված է 26 թեկնածու:
Քաջարանում ավագանու անդամի երկու կին թեկնածու կա՝ ՀՀԿ-ական Կարինե Մակիյանը, ով աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և ՀՀԿ-ական Մարինա Գևորգյանը, ով Քաջարանի թիվ 2 դպրոցի փոխտնօրենն է: Խոշորացվող քաղաքի ավագանու կազմում ընդգրկվելու համար պայքարի մեջ է մտել 12 թեկնածու:
Եղեգիսում մեկ կին թեկնածու կա՝ անկուսակցական Զոյա Մարտիրոսյանն ինքնաառաջադրված է: Ընդհանուր առմամբ խոշորացվող գյուղի ավագանու կազմում ընդգրկվելու համար պայքարելու է 20 թեկնածու:
Այգեհովիտ գյուղում ավագանու անդամի մեկ կին թեկնածու կա՝ ՀՀԿ-ական Սվետլանա Ղուլարյանը գյուղի դպրոցի փոխտնօրենն է: Այստեղ ընդհանուր առմամբ 11 թեկնածու կա:
Բերդ քաղաքում ավագանու անդամի՝ 30 գրանցված թեկնածու կա, նրանցից երեքը կանայք են: Անկուսակցական Ռուզաննա Ադամյանն ու Էլմիրա Ալավերդյանն ինքնաառաջադրված են: ՀՀԿ-ական Աննա Ավալյանը Բերդի ուսումնարանի տնօրենն է: Համայնքը խոշորացվում է:
Ենոքավան գյուղում ավագանու 11 թեկնածուներից երկուսն են կանայք՝ ՀՀԿ-ական Արգեն Այվազյանը, և Հայկական Վերածնունդ կուսակցության անդամ Անժելա Սարդարյանը: Նա գյուղի դպրոցում ուսուցչուհի է աշխատում:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնին ընդամենը երեք կին է հավակնում
ՏԻՄ ընտրություններ 2017. առաջադրումները մեկնարկել են
«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար առանց այդ էլ դժվարին պայքարը»…
«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…
Դիտումների քանակը` 2711