ՏԻՄ արտահերթ ընտրություններ. համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել երկու կին

Մայիսի 21-ին  ավարտվեցին ՏԻՄ արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումն ու գրանցումը։ Հունիսի 9-ին արտահերթ կարգով համայնքի ղեկավար են ընտրելու 8 համայնքում, և այյդ պաշտոնում առաջադրված 25 թեկնածուների թվում երկու կին կա: Ավագանի են ընտրում  3 համայնքում, և դրանցից ոչ մեկում կանայք չեն առաջադրվել:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, որպես համայնքի ղեկավարի թեկնածու  կանայք առաջադրված են Արարատի մարզի Սիս ու Լոռու մարզի Քարաձոր համայնքներում։

 

Սիսում առաջադրված է երեք թեկնածու։ Բոլորն անկուսակցական են ու ինքնաառաջադրված։ Խանութի վաճառողուհի Աղաջանյան Սիրանուշի մրցակիցներն են համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մելքոնյանն ու անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը։

 

Քարաձորում գրանցված է չորս թեկնածու, նրանցից երեքն անկուսակցական են, բոլորը՝ ինքնաառաջադրված։ Կին թեկնածուն Ռոստոմյան Հրանուշն է, նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  է։ Ի դեպ, նա այս տարվա մարտի 11-ին հրաժարական ներկայացրած ավագանու անդամներից մեկն է։

 

Ավագանու անդամների ընտրություններ են անցկացվելու Լեռնավանում, Գորայքում ու Քարաձորում։ Գրանցված 37 թեկնածուների թվում կանայք չկան։

 

Խոշորացված Գորայք համայնքում ավագանու անդամ դառնալու համար 21 մարդ է պայքարելու, բոլորն էլ տղամարդիկ։

 

Համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են այս տարվա մարտի 2-ից՝ ավագանու 4 անդամների հրաժարականի արդյունքում (համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թիվը 7 է)։ Ավագանու նախկին անդամների թվում որևէ կին չի եղել։

 

Քարաձորում գրանցված բոլոր 8 թեկնածուները տղամարդիկ են։ Մինչ հրաժարականը ավագանին ունեցել է երեք անդամ, որից մեկը՝ կին։

 

Լեռնավանում էլ առաջադրված բոլոր 8 թեկնածուները տղամարդիկ են։ Ավագանին կազմված է 7 անդամից, նախկին ավագանու բոլոր անդամները տղամարդիկ են եղել։

 

Նշենք, որ ԿԸՀ-ում հրապարակված ժամանակացուցի համաձայն, թեկնածուները կարող են ինքնաբցարկ հայտնել մինչև մայիսի  30-ը ժամը 18։00-ն։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 28-ին, կավարտվի հունիսի 7-ին։

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

ՏԻՄ հերթական ընտրություններ. ռեկորդակիր է Դիտակ համայնքը

Առաջիկայում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են լինելու 9 համայնքներում

Հերթական ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. կին ավագանիներից քանի՞սն են առաջադրվելու

Ավագանու կին թեկնածուներից երեքն առավելագույն ձայներ ստացան իրենց համայնքներում

ՏԻՄ ընտրություններ-2019. Ո՞ւր են կանայք

ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը հասել է նվազագույնի/ ինֆոգրաֆիկա

 

 

 

Դիտումների քանակը` 1369

Գլխավոր էջ