ՏԻՄ արտահերթ ընտրություններ. համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել երկու կին
Մայիսի 21-ին ավարտվեցին ՏԻՄ արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումն ու գրանցումը։ Հունիսի 9-ին արտահերթ կարգով համայնքի ղեկավար են ընտրելու 8 համայնքում, և այյդ պաշտոնում առաջադրված 25 թեկնածուների թվում երկու կին կա: Ավագանի են ընտրում 3 համայնքում, և դրանցից ոչ մեկում կանայք չեն առաջադրվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, որպես համայնքի ղեկավարի թեկնածու կանայք առաջադրված են Արարատի մարզի Սիս ու Լոռու մարզի Քարաձոր համայնքներում։
Սիսում առաջադրված է երեք թեկնածու։ Բոլորն անկուսակցական են ու ինքնաառաջադրված։ Խանութի վաճառողուհի Աղաջանյան Սիրանուշի մրցակիցներն են համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մելքոնյանն ու անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը։
Քարաձորում գրանցված է չորս թեկնածու, նրանցից երեքն անկուսակցական են, բոլորը՝ ինքնաառաջադրված։ Կին թեկնածուն Ռոստոմյան Հրանուշն է, նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ի դեպ, նա այս տարվա մարտի 11-ին հրաժարական ներկայացրած ավագանու անդամներից մեկն է։
Ավագանու անդամների ընտրություններ են անցկացվելու Լեռնավանում, Գորայքում ու Քարաձորում։ Գրանցված 37 թեկնածուների թվում կանայք չկան։
Խոշորացված Գորայք համայնքում ավագանու անդամ դառնալու համար 21 մարդ է պայքարելու, բոլորն էլ տղամարդիկ։
Համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են այս տարվա մարտի 2-ից՝ ավագանու 4 անդամների հրաժարականի արդյունքում (համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թիվը 7 է)։ Ավագանու նախկին անդամների թվում որևէ կին չի եղել։
Քարաձորում գրանցված բոլոր 8 թեկնածուները տղամարդիկ են։ Մինչ հրաժարականը ավագանին ունեցել է երեք անդամ, որից մեկը՝ կին։
Լեռնավանում էլ առաջադրված բոլոր 8 թեկնածուները տղամարդիկ են։ Ավագանին կազմված է 7 անդամից, նախկին ավագանու բոլոր անդամները տղամարդիկ են եղել։
Նշենք, որ ԿԸՀ-ում հրապարակված ժամանակացուցի համաձայն, թեկնածուները կարող են ինքնաբցարկ հայտնել մինչև մայիսի 30-ը ժամը 18։00-ն։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 28-ին, կավարտվի հունիսի 7-ին։
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
ՏԻՄ հերթական ընտրություններ. ռեկորդակիր է Դիտակ համայնքը
Առաջիկայում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են լինելու 9 համայնքներում
Հերթական ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. կին ավագանիներից քանի՞սն են առաջադրվելու
Ավագանու կին թեկնածուներից երեքն առավելագույն ձայներ ստացան իրենց համայնքներում
ՏԻՄ ընտրություններ-2019. Ո՞ւր են կանայք
ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը հասել է նվազագույնի/ ինֆոգրաֆիկա
Դիտումների քանակը` 1430