Լոռիում համայնքապետի միակ կին թեկնածուն քարոզարշավն սկսել է խոչընդոտներով
Նախընտրական քարոզարշավի առաջին օրը Լոռու մարզի խոշորացվող Օձուն համայնքի համայնքապետի պաշտոնի համար պայքարող Դոնարա Հախինյանն սկսել է խոչընդոտներով: Օձունի փնջում ընդգրկվող Արևածագ համայնքից սկսելով իր քարոզարշավը, համայնքապետի թեկնածուն արձանագրել է. օրեր առաջ գյուղի տարբեր հատվածներում փակցված նախընտրական հանդիպումների մասին իրազեկող թերթոնները պատառոտված են ու թափված գետնին:
«Գյուղի տարբեր հատվածներում նախապես 10-15 հայտարարություն էի փակցրել հանդիպման մասին:Բոլոր հայտարարությունները պատառոտված, թափված էին»,- ասում է թեկնածուն:
Վերջինիս խոսքով այգեհատցիների մեծ մասը վախեցել է գալ իր հետ հանդիպմանը: Հավաքված հատուկենտ գյուղացիներին Դ. Հախինյանն, այնուամենայնիվ, ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը:
«Զգացի, որ մեկն իր գարաժից է թաքուն նայում, մեկն իրա բախչից ա թաքուն նայում: Ստեղից-ընդեղից մարդիկ թաքուն նայում էին, վախենում էին առաջ գան:Տարիքով մարդիկ կային, որ մոտեցան, ասին, որ մինչև ժամը 1-ը մարդիկ հավաքվելուց են եղել, որ մեզ դիմավորեն, բայց թույլ չեն տվել, խոչընդոտել են: Խանգարել են, չեն թողել, որ տեղի ունենա մեր հանդիպումը:Ասում էին՝ գյուղապետը թույլ չի տալիս,որ մարդիկ մոտենան, խոսեն, ասել է՝ դուրս չգաք, երբ ձեզ կասեմ, ում համար պետք կլինի, էն ժամանակ դուրս կգաք»,- նշում է Դ. Հախինյանը:
Նախընտրական երկրորդ օրը թեկնածուն անց է կացրել Այգեհատ ու Արդվի գյուղերում, որտեղ ինչպես ինքն է նշում, որևէ խոչընդոտի չի հանդիպել:
«Թեև գյուղացիները չէին հավաքվել, բայց ես հանգիստ շրջել, զրուցել եմ մարդկանց հետ»,- ասում է նա:
Դ. Հախինյանը Օձունի համայնքապետի պաշտոնի համար մրցակցում է համայնքի ներկայիս համայնքապետ, ՀՀԿ-ական Արսեն Տիտանյանի ու օձունցի, «Գրուրա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Բարսեղ Այվազյանի հետ, ով Օձունի նախկին համայնքապետի որդին է:
Առաջիկայում թեկնածուն նախատեսում է հանդիպումներ ունենալ Ծաթերում ու իր ընտրատարածքում գտնվող հանրակրթական դպրոցներում: Թե ինչպիսի՞ն կլինեն նախընտրական հաջորդող օրերը, կլինե՞ն քարոզարշավին խոչընդոտող այլ հանգամանքներ, թե՝ ոչ, դժվարանում է ասել: Վստահ է մի հարցում՝ նախընտրական քարոզարշավի բոլոր օրերն օգտագործելու է բնակիչների հետ հանդիխպելու ու իր ասելիքն ու անելիքը փոխանցելու համար:
Դ. Հախինյանը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Լոռու մարզում համայնքապետի միակ կին թեկնածուն է: Նա անկուսակցական է:
Գայանե Սարգսյան
Հ.Գ. «Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ, Դոնարա Հախինյանն ասել է նաեւ ՝ գյուղում իրեն հայտնել են, որ սկսել են գումարներ բաժանել. «Խոսք ա գնում, որ արդեն գյուղապետերանից փող են բաժանում, մարդիկ «պոռտմանները թեւների տակ» մտնում են գյուղապետարան, դուրս գալիս ու «պրյամոյ» խանութ, արդեն երեւում ա, որ փողերի «դվիժեննին» սկսել ա»: Այն հարցին, թե ով է բաժանում, պատասխանեց. «Գյուղապետն է բաժանում: Ես չեմ տեսել տալուց, ինձ լուրեր են հասել այդ մասով…Ես 100 տոկոսով չեմ կարող ասել, ես մարդիկ ունեմ, որ զբաղվում են, ես ուզում եմ, որ հենց էդ պահին բռնեմ իրենց»:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դոնարա Հախինյան .«Ինձ իմ ժողովուրդն է աջակցում, մարդիկ իմ կողքին կանգնած են»
Ավագանու անդամ առաջադրված թեկնածուներից միայն 5%-ն են կանայք
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնին ընդամենը երեք կին է հավակնում
Դիտումների քանակը` 3115