Ալվարդ Մխոյան. «Կոչ եմ անում ընտրել արժանավորներին՝ առաջնորդվելով գործով և ոչ թե ճոխ խոստումներով»
Նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում Լոռու մարզի Մեծավան, Ձյունաշող, Միխայլովկա, Պաղաղբյուր համայնքները կմիավորվեն: Կենտրոնը կլինի Մեծավանը: Այստեղ ավագանու անդամի պաշտոնի համար մրցակցում է 18թեկնածու: Կանայք այս համայնքում բավականին ակտիվ են. առաջադրվածներից 5-ը կանայք են:
Մեր զրուցակիցն է Ալվարդ Մխոյանը, ով Մեծավանի թիվ 1 դպրոցի տնօրենն է ու վերջին մի քանի ընտրություններին ընտրվել է Մեծավանի ավագանու անդամ: Այս անգամ էլ առաջադրվել է նոյեմբերի 5-ին կայանալիք խոշորացված ընտրություններին:Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ասում է, որ առաջադրվել է՝ մտածելով, որ կարող է ինչ-որ կերպ օգնել իր գյուղին ու իր դպրոցին: «Նախկինում իմ համագործակցությունը համայնքի ղեկավարի ու ավագանու հետ հաջողությամբ ստացվել է: Կարծում եմ, որ ընտրվելու դեպքում այս անգամ էլ կկարողանանք արդյունավետ, համատեղ աշխատել», – ասում է նա:
-Ձեր համայնքում բավականաչափ կանայք են առաջադրվել:Ինչպես եք գնահատում մրցակցությունը կանանց ու տղամարդկանց միջև:
-Բավականին ակտիվ ու խելացի կանայք կան թեկնածուների մեջ, որոնց մի մասը նախկինում էլ են ավագանու անդամներ եղել: Չգիտեմ այլ համայնքներում ինչպես, բայց մեզ մոտ կարծիքների մեջ ազատ են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Գոնե մեր համայնքում բազմակարծություն կա:
–Ո՞րն է պատճառը, որ շատ փոքր թվով կանայք են մասնակցում ՏԻՄ ընտրություններին:
-Կանայք երևի ուրիշ, ավելի կարևոր հոգսեր ունեն, քան քաղաքական, հասարակական կյանքին մասնակցությունը: Սոցիալական ծանր վիճակը, արտագաղթը շատերին է զրկում ակտիվ կյանքով ապրելու հնարավորությունից: Մեր դպրոցի ուսուցիչներից լավագույները ընտանեկան պայմաններից ելնելով արտագաղթեցին: Եթե նրանք կարողանային իրենց տեղը գտնել այստեղ, հավանաբար և՛ համայնքապետի թեկնածություն կառաջադրեին, և՛ ավագանու անդամի:
-Մրցակցությունը մեծ է: Ինչո՞ւ պետք է բնակիչներն ընտրեն հենց Ձեզ:
-Որպես ավագանու անդամ ես մշտապես իմ գործառույթները կատարել եմ: Ճիշտ է, չեմ կարող ասել, որ կոնկրետ այս նախաձեռնությունն իմն է ու ես եմ իրականացրել, որովհետև ավագանին համատեղ է որոշում: Փողոցների լուսավորության, բարեկարգման հարցերն եմ բարձրացրել, գյուղի սոցիալապես անապահով բնակիչներին ու բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին ֆինանսապես աջակցելու առաջարկներ եմ ներկայացրել:
-Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում:
-Եթե հասարակությունը երկու սեռից է կազմված, ուրեմն տեղական ինքնակառավարման մարմիններում էլ պետք է այդ բալանսը պահպանվի: Ո՞վ է ասում, որ ՏԻՄ-ում կինը խելացի առաջարկներ չի կարող անել: Գոնե 40/60 հարաբերակցություն լինի. 40 տոկոս կին, 60 տոկոս տղամարդ:
-Կարող էր և հակառակը լինել:
-Այո, կարող է և հակառակը լինել:
-Ի՞նչ կոչ կանեք ընտրողներին:
-Կոչ եմ անում ընտրել արժանավորներին, հաշվի չառնել սեռը, կուսակցական պատկանելիությունը, ճոխ խոստումներ տալը: Առաջնորդվել գործով:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 3490