ՏԻՄ ընտրություններ 2017. առաջադրումները մեկնարկել են

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում:

 

Դրանցից երեք տասնյակից ավելին խոշորացվող համայնքներում  ընտրություններ են, որոնց արդյունքում  361 համայնքների միավորումից ձևավորվելու է մոտ 30 համայնք:

 

Արագածոտնում՝  Ալագյազը, Ապարանը, Ծաղկահովիտը, Արագածավանը,

Գեղարքունիքում՝ Գեղամասարը, Ճամբարակը, Շողակաթը,  Վարդենիսը,

Լոռիում՝ Գյուլագարակը, Ախթալան, Ալավերդին, Շնողը, Լոռի Բերդը, Մեծավան, Սարչապետ, Ստեփանավան, Տաշիր, Օձուն,

Կոտայքում՝ Մեղրաձոր, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ

Շիրակում՝ Մարմաշեն, Ախուրյան, Անի

Սյունիքում՝ Սիսիան, Կապան, Քաջարան

Վայոց Ձորում՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս

Տավուշում՝ Բերդ:

 

Նոյեմբերի 5-ին արտահերթ ընտրություններ են նշանակված  Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում:

 

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից «Ծառուկյան» դաշինքի կազմում պատգամավոր ընտրվելուց հետո, իսկ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարական ներկայացրեց սեպտեմբերի սկզբին: Քաղաքական ինտրինգների պատճառով թերևս հենց այս երկու քաղաքներն էլ լինեն ուշադրության կենտրոնում:

 

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ համայնքապետ են ընտրելու  52 համայնքում:

 

Հոկտեմբերի 1-ից սկսել են առաջադրումները: Մինչև հոկտեմբերի 6-ը թեկնածուները կարող են համապատասխան ընտրական տարածքային հանձնաժողով ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտմբերի 6-ից 11-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ժամը 24:00-ն: Քվեարկությանը նախորդող օրը օրենքի պահանջով լռության օր է:

 

Առաջադրումների մեկնարկից երկու օր անց՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան տվյալներով արդեն կա համայնքի ղեկավարի 17 թեկնածու:

 

Նրանցից միայն մեկն է կին: Խոշորոցված Գեղամասարում Զոյա Գևորգյանին առաջադրել է Հայաստանի Հանրապետական  կուսակցությունը: Նա եղել է Տանջրեք համայնքի ղեկավարը: Տանջրեքը ևս 17 համայնքների հետ ներառվել է Գեղամասարի կազմում:

 

Նկատենք, նախորդ տարվա  փորձը ցույց տվեց, որ համայնքների խոշորացման հետևանքով կին համայնքապետների ու ավագանու անդամների   թիվը խիստ  նվազում է:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա

 

ՏԻՄ-2016. Կանանց հաջողության գործակից/ ինֆոգրաֆիկա

 

ՏԻՄ համակարգն ու կանայք / ինֆոգրաֆիկա

 

Կանայք ՏԻՄ ընտրություններում. լույս է տեսել մեր թերթի հերթական համարը

 

ՏԻՄ-երը ԵԱՀԿ երկրներում

 

 

Դիտումների քանակը` 3198

Գլխավոր էջ